«Ռադիո Վանը» նախաձեռնել է սոցիալական մի ակցիա, որի շրջանակում, սկսած վաղվանից, առավոտյան ժամը 09.00-ին Նոր Նորքի Գայի արձանի մոտից «Ռադիո Վանի» լոգոյով անվճար ավտոբուսը քաղաքացիներին տեղափոխելու է Նոր Նորք-Աբովյան փ.-Խանջյան փ.-«Ռոսիա»- «Տաշիր» երթուղով: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանը:

«Դեռևս գործելու է միայն մեկ երթուղային, որն առավոտյան կտեղափոխի քաղաքացիներին Նոր Նորքից դեպի «Տաշիր», իսկ երեկոյան ժամը 18-ից 18.30-ին կտեղափոխի նրանց հետ նույն երթուղով: Սա սոցիալական ակցիա է որևէ քաղաքական ենթատեքստ իր մեջ չի պարունակում»,- նշեց տիկին Արևշատյանը:

Վերջին երկու օրվա ընթացքում իրենք զբաղվել են կազմակերպչական բոլոր գործողություններով, արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել մեկ միկրոավտոբուսի հետ, որի վարորդը, բնական է, ունի համապատասխան լիցենզիա ուղևորափոխադրում իրականացնելու համար:

Տիկին Արևշատյանը նշեց, որ օրական իրենց վրա մեկ միկրոավտոբուսը կարժենա 10 հազար դրամ, ինչ վերաբերում է օրինականությանը, ապա դրա հետ էլ ամեն ինչ կարգին է' բոլոր փաստաթղթերը առկա են, հարկերը վճարված և այսուհետ նույնն է լինելու. «Մենք գործելու ենք օրինական դաշտում, օրենքի տառին համապատասխան, այնպես որ մեր գործունեությանը խոչընդոտել այդ տեսանկյունից չի լինի»,- հավաստիացրեց «Ռադիո Վանի» տնօրենը:

Տեղեկացրեց նաև, որ ճանապարհին միկրոավտոբուսում, որը նախատեսված է 25 ուղևորի համար, միացրած է լինելու «Ռադիո Վանը», ուղևորները կարող են ազատ շփվել, քննարկումներ կազմակերպել, իսկ այդ ամենը ուղիղ եթերով հեռարձակվելու է «Ռադիո Վան»-ով:

«Մենք կանխատեսում ենք, որ ակցիան շարունակական կլինի, մեզ կմիանան նաև այլ կազմակերպություններ, քանի որ սա, կրկնում եմ, սոցիալական ուղղվածություն ունեցող նախաձեռնություն է»,- ընդգծեց նա ու նաև հավելեց, որ իրենց աջակցելու պատրաստակամություն արդեն հայտնել են «Ռադիո Վանի» գործընկեր «Սակվոյաժ» տուրիստական գործակալությունը, որն ունի սեփական միկրոավտոբուսներ և այլ գործընկերներ:

«Ես ուզում եմ, որ իմանանք' ժողովուրդն է ղեկավարում երկիրը: Եվ ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս աջակցենք հասարակությանը»,-ավելացրեց նա ու հավելեց, որ հնարավոր է առաջիկայում այլ երթուղիներ ևս մշակվեն, ինչի մասին հավելյալ կտեղեկացվի: