Հազարամյակներ շարունակ մարդիկ հավատացել են լիալուսնի մոգական ուժին, և որ այն ունակ է որոշներին վերածել մարդագայլերի և անգամ ջրահարսների։ Մեր օրերում այլընտրանքային բժշկությամբ զբաղվողները ևս հավատում են լիալուսնի «տեսությանը», և նրան, որ լուսնային տարբեր փուլեր տարբեր կերպ են ազդում մարդկային օրգանիզմի վրա։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ասվածի վառ օրինակն է ամերիկացի վիրաբույժների վերջին հայտարարությունը, ըստ որի՝ լիալուսինը վտանգավոր ժամանակաշրջան է սիրտ-անոթային հիվանդների համար, քանի որ լիալուսնի ժամանակ կտրուկ մեծանում սրտի կաթված ստանալու հավանականությունը։ Բացի այդ, մասնագետները նշել են, որ այն հիվանդները, ովքեր պետք է սրտի վիրահատություն տանեն առողջական ավելի լավ արդյունքներ կունենան, եթե վիրահատությունը տեղափոխեն այն ժամանակ, երբ լուսինը սկսում է բարակել։
Նախքան այս հայտարարությունը Ռոդ Այլենդի հիվանդանոցում 1996-2011թթ. ընթացքում սրտի վիրահատություն տարած 210 հիվանդների շրջանում ուսումնասիրություն է անցկացվել։ Արդյունքում մասնագետները պարզել են, որ նրանք, ովքեր վիրահատվել են նորալուսնի ժամանակ ավելի հեշտ են ապաքինվել վիրահատությունից հետո։ Նույնը չի կարելի ասել լիալուսնի ժամանակ վիրահատվածների մասին, որոնց դեպքում գրանցվել են հետվիրահատական բազում բարդություններ և նաև մահվան դեպքեր։