Շոու բիզնեսի ներկայացուցիչները ողջունում են դերասան, կատակերգու Հայկ Մարությանի /Կարգին Հայկոյի/ կազմակերպած ակցիան: Նշենք, որ Հայկոն իր սեփական ավտոմեքենայով ուղևորներին տեղափոխում է քաղաքի մի հատվածից մյուսը' այսպես պայքարելով Երևանի հասարակական տրանսպորտի թանկացման դեմ:
Henaran.am-ի հետ զրույցում հաղորդավար Ավետ Բարսեղյանն ասաց, որ տեղյակ չի եղել Հայկոյի կազմակերպած ակցիայի մասին, հակառակ դեպքում' կմիանար:
«Ճիշտն ասած' շատ ուշ եմ իմացել Հայկոյի կազմակերպած շատ լավ ակցիայի մասին, սիրով կմիանայի, եթե տեղյակ լինեի: Ուղղակի քանի որ ես սոցիալական ցանցերում չկամ, ինձ շատ դժվար է ներգրավել այդպիսի միջոցառումներում»,-ասաց Ավետը' հավելելով, որ քանի որ մոտակա օրերին քաղաքում չի լինելու, չի կարող հիմա միանալ: Վերջինս իր դժգոհությունը հայտնեց տրանսպորտի թանկացման վերաբերյալ:
«Մայրս էլ է հասարակական տրանսպորտից օգտվում ու շատ դժգոհ է, այդ թվում և ես»,-նշեց նա:
Երգչուհի Սոֆի Մխեյանը ևս ողջունեց: Նա ևս տեղյակ չի եղել ակցիայի մասին:
«Ողջունում եմ Հայկոյի այդ քայլը, ամեն մեկն իր որոշումն է կայացնում' ինչպես անել: Եթե պետք է, ես էլ մեծ սիրով կարող եմ օգտակար լինել: Ողջունում եմ ու հասկանում եմ մարդկանց մտահոգությունը, քանի որ մինիմում փոքրիկ հաշվարկներով մարդկանց համար լուրջ և մեծ գումար է դառնում այդ թանկացումը»,-ասաց Սոֆի Մխեյանը, հավելելով, թե «առաջարկ չի եղել, եթե լիներ, ապա աջակացությունս ցույց կտայի»:
Մեր դիտարկմանը, որ ակցիան դեռ շարունակվելու է, երգչուհին պատասխանեց, որ ցավոք, ինքը քաղաքում չի լինելու և վաղը մեկնում է:
Ջուսը ևս դժգոհ է տրանսպորտի թանկացումից, բայց «մեքենա չունի ու ոչնչով չի կարող օգնել»:
«Իհարկե, շատ սխալ է, որովհետև պիտի բարձրացնեն աշխատավարձերը, նոր բարձրացնեն տրանսպորտի գինը: Սխալ է, համ էլ մարդիկ տենց լավ չեն ապրում: Ես դեմ եմ, որ բարձրանա, շատ բարդ է, իսկ աշխատավարձերը մնում են աղքատավարձ»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, հուլիսի 20-ից Երևանում երթուղային ուղևորափոխադրումների սակագինը 150 դրամ է: