Մարդկանց մի տեսակ կար, որոնց չէր սիրում. դրանք այն չոր ու սթափ ուղեղի տեր մարդիկ էին, որոնք կաշկանդում էին խաղալու իր հաճույքը, կյանքը խաղի վերածելու իր ուրախությունը: Այդպիսի մարդկանց ոչ միայն չէր սիրում, այլեւ նրանցից որոշ չափով վախենում էր: Այս տեսակ մարդիկ նաեւ կաշկանդում էին Փարաջանովի նախաձեռնելու եռանդը, իսկ նա անդադար նախաձեռնելու պրոցեսի մեջ էր (մանավանդ' երբ մենակ չէր): Նա ամեն պահ եւ ամեն տեղ ռեժիսոր էր:

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

20-րդ դարի խոշորագույն կինոռեժիսորներ Սերգեյ Փարաջանովը (Սարգիս Փարաջանյան) ծնվել է 1924 թ. Հունվար 9-ին, Թբիլիսիում:

Ազգությամբ հայ Փարաջանովի թողած ժառանգության մեջ ամենվառ կերպով ներկայացված է Կովկասի բազմազանությունը։ Երգեցողություն եւ նկարչություն սովորելուց հետո 1946 թ. ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը եւ ուրիշներ:

Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերներն» էր (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերցանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային տիտղոսներ է ստացել և Փարաջանովին հայտնիություն բերել։

Փարաջանովի գլուխգործոց կարելի է համարել «Նռան գույնը» (1969), որը պատմում է թբիլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին, պատմական կոլորիտային Կովկասի ֆոնի վրա։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում՝ մեղադրելով արվամոլության մեջ։ (Ուկրայինայի ԽՍՀ քրեական օրենսդրության հոդված 122, մաս 1, 2)։

Փարաջանովի ազատազրկմանը բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ արձագանքեցին։ Եվ չնայած դրան, նրան միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սուրեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։

Երկար տարիներ, Թբիլիսիում ապրելու ժամանակ, Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ. նրան թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984), «Աշուղ ղարիբը», որոնք նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքն է։

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին գարուն» վավերագրական ֆիլմում։

Փարաջանովը մահացել է 1990 թվականի հուլիսի 21-ին' Երևանում' քաղցկեղից: