Էլեկտրոնային ծխախոտները սարքավորումներ են, որոնց ֆունկցիան քիմիական խառնուրդի գոլորշիացումն ու օգտագործողի թոքերին հասցնելն է: Սովորաբար խառնուրդը կազմված է նիկոտինից, պրոպիլեն գլիկոլից և այլ քիմիկատներից: Կան նաև նիկոտին չպարունակող խառնուրդներ:
Յուրաքանչյուր սարք կազմված է էլեկտրոնային գոլորշիացնող համակարգից, վերալիցքավորվող մարտկոցներից, էլեկտրոնային կառավարող մասից և քիմիական խառնուրդ պարունակող քարթրիջներից: Արտադրողների պնդմամբ քարթրիջները սովորաբար պարունակում են 6-27 մգ նիկոտին, բայց երբեմն կարող է պարունակել մինչև 100 մգ: Ծխախոտային ապրանքների տեսքով նիկոտինը կախվածություն առաջացնող քիմիկատ է, որի հավելյալ քանակները կարող են մահացու լինել (0.5-1.0 մգ/կգ):
Անվտա՞նգ են արդյոք էլեկտրոնային ծխախոտները
Նրանց անվտանգությունը գիտականորեն ապացուցված չէ:
Պոտենցիալ վտնագը, որը նրանք ներկայացնում են օգտագործողին մնում է անորոշ: Ավելին, գիտական փորձարկումները ցույց են տվել, որ այս ապրանքներում նիկոտինի և այլ քիմիկատների պարունակությունը տատանվում է և սպառողը հնարավորություն չունի պարզելու՝ իրականում ինչ ձեռք բերում այս ապրանքը գնելով:
Էլեկտրոնային սիգարետների մեծամասնությունը պարունակում է մեծ խտությամբ պրոպիլեն գլիկոլ, որը ներշնչման դեպքում հանդես է գալիս որպես գրգռիչ: Այս ապրանքատեսկի որոշ նմուշների հետազոտությամբ նույնիսկ հայտնաբերվել են նիկոտինից զատ այլ քիմիկատներ: Ի հավելումն, էլեկտրոնային ծխախոտների նիկոտին պարունակող տեսակների օգտագործումը կարող է նիկոտինային թունավորման պատճառ հանդիսանալ (օրինակ, եթե 30 կգ կշռող երեխան կուլ տա 24մգ նիկոտին պարունակող քարթրիջ, նրա մոտ կառաջանա նիկոտինային սուր թունավորում, որը, ամենայն հավանականությամբ, մահվան պատճառ կդառնա): Նիկոտին ներշնչած, կուլ տված, կամ մաշկի հետ անմիջական շփման պայմաններում վտանգավոր է հատկապես բնակչության որոշակի սեգմենտի առողջությանն ու անվտանգությանը, հատկապես՝ երեխաների, երիտասարդների, հղիների, կերակրող մայրերի, մեծահասակների և սրտի ախտահարումներով հիվանդների: Նիկոտին կուլ տալու հետևանքով առաջացած նիկոտինային թունավորումից խուսափելու նպատակով այս ծխախոտներն ու նրանց քարթրիջները պետք է պահել հնարավորինս անհասանելի վայրում:
Քանի որ էլեկտրոնային ծխախոտի արտադրած ծուխը տարբերվում է սովորական ծխախոտի արտադրածից, նրանց օգտագործումը սովորաբար համարվում է ավելի անվտանգ: Այս խաբուսիկ անվտանգությունը գայթակղիչ է սպառողի համար, սակայն էլեկտրոնային սիգարետում օգտագործվող քիմիկատները ամբողջությամբ բացահայտված չեն:
Արդյո՞ք էլեկտրոնային ծխախոտների օպգտագործումը ծխելը թողնելու արդյունավետ մեթոդ է:
Էլեկտրոնային ծխախոտների արդյունավետությունը ծխելը թողնել օգնելու գործում գիտականորեն ապացուցված չէ: Նրանք հաճախ ներկայացվում են որպես ծխախոտի փոխարինիչներ, ծխելու ալտերնատիվներ կամ ծխելը դադարեցնելու միջոցներ: Բայց գիտենք, որ ծխելը դադարեցնելու օժանդակ միջոցների անվտանգ և արդյունավետ օգտագործումը ապահովվում է նրանցից յուրաքանչյուրի համար մշակված անհատական օգտագործման ցուցումներով, որը կատարվում է գիտական փորձարկումների միջոցով: Այսպիսի հրահանգներ էլեկտրոնային ծխախոտների օգտագործման համար դեռ ստեղծված չեն: Հետևաբար նրանց ենթադրյալ առողջապահական նշանակության մասին պնդումներն անհիմն են կամ հիմնված սխալ, ապակողմնորոշող ինֆորմացիայի վրա: Էլեկտրոնային ծխախոտները նիկոտինը մատակարարում են թոքեր: Ծխելը թողնելու վավերացված օժանդակ միջոցներից (նիկոտինային պլստիրներ, մաստակներ) ոչ մեկը նիկոտինը միանգամից թոքեր չի հասցնում: Հետևաբար բիոլոգիական մեխանիզմները, որոնցով ծխելը թողնելուն կարելի է նպաստել նիկոտինը թոքեր հացնելով, անհայտ են: Սա կարող է վտանգավոր լինել, հաշվի առնելով, որ թոքեր հասնող նիկոտինի չափաբաժինը նույնպես անհայտ է:
Եզրակացություն
Նախընտրելի է խուսափել էլեկտրոնային ծխախոտներ օգտագործելուց, քանի դեռ նրանց անվտանգությունն ու արդյունավետությունը ապացուցված չեն: