Դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանամանակ հայտարարեց, որ հուլիսի 29-ից սկսած ամեն երկուշաբթի կխաղա «Ամեն երկուշաբթի» ներկայացումը, որը կներկայացվի այնքան ժամանակ, քանի դեռ կլինի հանդիսատես. «Եկել եմ թևերս քշտած, ամբողջ թափով խաղալու, ինչքան գան, այնքան կխաղամ: Այսօր մերոնք շատ գոտեպնդման կարիք ունեն»:
Խոսելով ներկայացման վերնագրի մասին, Պետրոսյանը նշեց, որ այն փնտրված ու գտնված է, քանի որ ինքը բացահայտել է, որ երկուշաբթին շատ լավ օր է՝ նոր բանի սկիզբ. «Երկուշաբթին ասում են՝ թատրոնի օր չէ, բայց ես տասնյակ տարիների ընթացքում երկուշաբթի օրերին խաղացել եմ: Ու ես սկսեցի սիրել երկուշաբթին, հասկացա, որ շատ լավ օր է, նոր բան սկսելու օր է: Ոչ մեկը ծխելը, խմելը չի թողնում կիրակի, կանայք նիհարել սկսում են երկուշաբթի: Փափուկ լավ ներկայացում է, զրույց է մեզ հուզող հարցերի շուրջ»:
Դերասանը հայտնեց, որ այս ներկայացումն ավելի շուտ ստեղծված իրավիճակից ելքի փնտրտուք է. «Անհնար է չանդրադառնալ մեր հոգսերին, դա կլիներ փախուստ ինքս ինձնից, ինչպես չխոսեմ այն մասին, ինչի մասին պետք է խոսեմ: Այս անգամ զարմանալի ձև եմ գտել. ամբողջ քաղաքականությունը' առանց քաղաքականության»: