Victoria's Secret-ի ամենահայտնի հրեշտակներից մեկի' Ադրիանա Ֆրանչեսկա Լիմայի անունը զանգվածային լրատվության միջոցներում հաճախ հիշատակվում է որպես մոլորակի ամենագեղեցիկ կնոջ անուն: Նրա կազմվածքն է՝ 85-59-85, հասակը 178 սմ է, քաշը' 51 կգ: Ըստ Forbes-ի 2011 թվականի տվյալների' Ադրիանա Լիման չորրորդ ամենաբարձր վարձատրվող մոդելն է Ժիզել Բյունդխենից, Հայդի Կլումից ու Քեյթ Մոսից հետո: Նրա եկամուտը միայն 2010 թվականին կազմել է 8 մլն դոլար:

Գեղեցկուհին ծնվել է 1981 թվականի հունիսի 12-ին Բրազիլիայի Սալվադոր քաղաքում: Վաղ տարիքում կորցերել է հորը, որի մասին հետո ասել է. «Կյանքն առանց հոր երբեմն անտանելի էր թվում: Չգիտեմ' իմ մեղքն է արդյոք, որ նրա մասին գրեթե ոչինչ չգիտեմ: Փոխարենը ես սիրում եմ մայրիկիս: Իմ ու նրա միջեւ այնքան ամուր կապ կա, որ չկա շատ մայրերի ու դուստրերի միջեւ, հենց դա էլ տալիս է իր արդյունքն իմ կյանքում»:

Մոդելային կարիերան սկսել է 13 տարեկանում, երբ նրան նկատել է բրազիլական մոդելային գործակալություններից մեկի ղեկավարը: Նույն տարիքում Ադրիանան հաղթել է Ford Supermodel բրազիլական մրցույթում, իսկ հետո երկրորդ տեղն է զբաղեցրել Supermodel of the World միջազգային մրցույթում:

Արդեն 15 տարեկանում Ադրիանան տեղափոխվում է Նյու Յորք և պայմանագիր ստորագրում Elite Model գործակալության հետ: Նա թողնում է հայրենիքն ու տունը և հետագայում խոստովանում, որ հենց այդ քայլով է այնքան բան սովորել, որ չեն սովորեցնում և ոչ մի դպրոցում. «Ես առաջին հերթին սովորեցի պատասխանատվություն կրել, երբ թողեցի ընտանիքս ու միայնակ տեղափոխվեցի օտար երկիր, որի լեզվին անգամ չէի տիրապետում: Միշտ էլ անհարմար եմ զգացել իմ վատ խոսակցականի պատճառով, ինչն էլ ստիպել է ինձ սովորել գայթակղիչ ժպիտով լցնել այդ բացը»:

Նյու Յորք տեղափոխվելու օրվանից նա պարբերաբար հայտնվում է Vogue (Italy, UK, U.S., Germany), I-D (UK), և MarieClaire (Italy, Brazil) ամսագրերի շապիկներին: Անընդհատ ֆոտոխցիկների փայլով ողողված լինելու ուրախությունը շատ շուտով փոխակերպվում է գիտակցությանը, որ փոքրիկ աղջնակը բոլորովին միայնակ է մի մեծ բիզնեսում. «Ցանկացած աշխատանք ունի իր բացասական կողմերը: Սկզբում ինձ ուրախալի էր թվում, որ ասես ապրում եմ ինքնաթիռում: Ժամանակի ընթացքում հասկացա, որ ես անգամ ճամպրուկներս դասավորելու իրավունք չունեմ, քանի որ ամեն վայրկյան կարող են կանչել բոլորովին օտար մի երկիր: Բացի դա, այս մասնագիտությունը դաժան է: Սկզբում հաճախ մարդիկ ինձ կոպիտ էին վերաբերում, ու քանի որ դեռ երիտասարդ էի, չէի կարողանում պաշտպանել ինձ», - հիշում է թոփ-մոդելը:

Ինչևէ, Ադրիանան հաղթահարում է այն, ինչի պատճառով շատերը ուղղակի լքում են մոդելային բիզնեսն ու մոռացվում: Նա իբրև առաջաբան ընտրում է «Պետք է միշտ վստահ լինել սեփական ուժերին, չափազանց վստահ» խոսքն ու առաջ շարժվում: Նրա կարիերան սկսում է արագ զարգանալ, ու թեև արդեն այդ տարիներին նա առաջատար բրենդների ու դիզայներների ուշադրության կենտրոնում էր, չի կարելի ասել, թե հայտնի էր աշխարհին:

Իսկ փառքը նրա մոտ եկավ միայն այն ժամանակ, երբ նա դարձավ Victoria’s Secret-ի հրեշտակներից մեկը: Պայմանագիր ստորագրելով այդ հայտնի բրենդի հետ' 2001 և 2003 թվականներին նա մասնակցեց Victoria’s Secret Angels հեռուստատեսային հաղորդման նկարահանումներին, իսկ 2004-ին գրավեց զլմ-ների ուշադրությունը' հայտնվելով Victoria’s Secret-ի գովազդային հոլովակներից մեկում երաժիշտ Բոբ Դիլանի հետ: Այդ գովազդային հոլովակում Ադրիանա Լիման քայլում է Վենետիկում բրենդային հրեշտակի թևերով, աչք շոյող ներքնազգեստով ու չափազանց բարձր կրունկներով:

Այդ կերպարը դժվար էր չհիշել: Ադրիանա Լիման մեկընդմիշտ ամրագրեց իր անունը ամենահայտնի հրեշտակների շարքում ու դարձավ հայտնի ողջ աշխարհին: Փառքն իր հետ բերեց գումար, իսկ գումարը' հնարավորություն կյանքի կոչելու վաղեմի երազանքը' օգնելու մանկատան երեխաներին: Մինչ օրս էլ նա անդամակցում է մի բարեգործական կազմակերպության, որն օժանդակում է Սալվադորի Caminos Da Luz մանկատան սաներին:

Չնայած հնարավորություններին ու փառքին' Ադրիանա Լիման շարունակում է համարվել աշխարհի ամենահամեստ մոդելներից մեկը: Նրա անվան շուրջ երբեք սկանդալներ չեն հյուսվում, նա անգամ չի մասնակցում մոդելային աշխարհի գիշերային հավաքներին' փոխարենը նախընտրելով առանձնանանալ ինքն իր հետ: Մի առիթով նա խոստովանել է, որ սիրում է «պարզ մարդկանց» ու հավելել. «Մոդելային բիզնեսը լիքն է անազնիվ մարդկանցով, որոցից ես մինչև կոկորդս կուշտ եմ»:

Նրա անձնական կյանքը ևս աչքի չի ընկնում սկանդալներով ու աղմկահարույց փաստերով: 2002-ին նա նշանվել էր Լենի Կրավիցի հետ, ումից բաժանվեց մեկ տարի անց: Հետո որոշ ժամանակ հանդիպեց Ավստրալիայի արքայազն Գանս-Ադամ Լիհտենշտեյնի հետ, ումից բաժանվելուց հետո հայտարարեց, որ երբեք էլ տղամարդկանց պակաս չի զգացել, պարզապես չի գտնում իրոք արժանի մեկին. «Ես հավատում եմ, որ սերը մեկ անգամ է գալիս: Երբեմն կարելի է սխալմամբ կարծել, թե այն արդեն եկել է, բայց անցնում է որոշ ժամանակ ու հասկանում ես' դեռ ոչ»: Նրա հետ սիրավեպի մասին իրոք շատ տղամարդիկ են երազել: Պամելա Անդերսոնի նախկին ամուսին, սկանդալային Թիմի Լին այդ շարքում թերևս առաջինն է: Մի օր նա պարզապես հայտարարեց, որ չի ամուսնանա այնքան ժամանակ, մինչև Ադրիանան չհամաձայնի իր հետ լինել: Վերջինս, սակայն, հայտնեց զլմ-ներին, որ որևէ կապ չի ցանկանում ունենալ սկանդալային վարքագծով հայտնի ռոքերի հետ:

Որոշ ժամանակ անց'2008 թվականին, Ադրիանայի կյանքում հայտնվեց այն արժանին, ում սպասում էր: Հայտնի թոփ-մոդելի ընտրյալը բասկետբոլիստ Մարկ Յարիչն էր:

Նրանք հանդիպեցին գրեթե մեկ տարի և 2009 թվականի փետրվարի 14-ին' Սրբ Վալենտինի օրը, ամուսնացան: Հարսանիքը ևս համեստ էր' թեթև հավաքույթ Վայոմինգում: Ինչպես ամուսնանալու, այնպես էլ առաջնեկին լույս աշխարհ բերելու շուրջ զույգը երկար չմտածեց: Ադրիանա Լիմայի ու Մարկ Յարիչի դստրիկը, որին կոչեցին Վալենտինա Լիմա-Յարիչ, ծնվեց հենց պսակադրության տարում' 2009 թվականի նոյեմբերի 15-ին:

Աշխարհը հիացմունքով տեսավ, թե ինչպես գեղեցկուհու արտաքինը ոչ միայն չտուժեց, այլև ավելի կանացի դարձավ առաջնեկի ծնունդից հետո: Իսկ նա առանց որևէ մեծամտության կիսվեց աշխարհի կանանց հետ իր սննդակարգով, որն օգնել էր հղիությունից հետո ռեկորդային ժամկետում վերադարձնել 85-59-85 չափանիշներով կազմվածքը:

Ադրիանան խորհուրդ տվեց բոլոր հենց նոր մայրացած կանանց հրաժարվել արագ սնունդից, հացից, մակարոնեղենից, յուղոտ լցոններից ու սոուսներից, փոխարենն ավելի շատ օգտագործել մրգեր, բանջարեղեն, յոգուրտներ, անյուղ պանիր, լոբազգիներ ու ձկնեղեն: Ընդհանուր առմամբ, Ադրիանա Լիմայի կարիերան չի պարտադրում նրան որևէ սննդակարգ, և ինքն էլ հեշտությամբ չի համակերպվում դիետաների հետ. «Ես փորձում եմ ղեկավարել իմ սննդակարգը, բայց իրականում դա ինձ մոտ շատ վատ է ստացվում: Անցած շաբաթ ես որոշել էի հանել միսն իմ ճաշացանկից, բայց դիմացա ընդամենը 3 օր»,-խոստովանում է թոփ-մոդելը:

2012 թվականի մարտի 20-ին պարզ դարձավ, որ Ադրիանա Լիման կրկին հղի է ու պատրաստվում է կյանք պարգևել իր երկրորդ փոքրիկին: Այդ օրը նա Twitter-ի իր էջում գրեց. «Հիանալի նորություն բոլորի համար: Մարկոն ու ես ուրախ ենք տեղեկացնել, որ ես կրկին հղի եմ»: Հղիության 5-րդ ամսում Ադրիանան անգամ համաձայնեց նկարահանվել մի ֆոտոսեսիայում, որի նկարները հետո ողողեցին համացանցն ու մամուլի էջերը: Դեռևս մայրիկի փորում աշխարհին երևացած աղջնակը ծնվեց սեպտեմբերի 12-ին: Ծննդաբերությունից հետո Ադրիանան մի հարցազրույց տվեց ու կիսվեց իր էմոցիաներով. «Ես ու Մարկը պարզապես կորցրել ենք մեզ երջանկությունից: Մենք հիանալի աղջնակ ենք ունեցել, ում անունը դրել ենք Սիենա: Մեր ավագ դստրիկը ևս անչափ երջանիկ է, որ արդեն քույրիկ ունի»:

Եվ մինչ նրա երկրպագուներն ուրախանում են, որ Ադրիանան իր նման երկու հրեշտակ է ունեցել, վերջինս բացառում է, թե երբևէ թույլ կտա նրանց մտնել մոդելային բիզնես: Դեռ մինչև դուստրերի ծնունդն էր հայտնի մոդելը հայտարարել. «Եթե երբևէ աղջիկ ունենամ, ու նա ցանկանա մոդել դառնալ, բոլոր հնարավոր միջոցներով կկանխեմ դա»:

Նորաձևության մեջ ամենակարևորը լավ էներգետիկան է ու զգացմունքայնությունը:

Երբ ծերանամ, չեմ կարծում, որ կունենամ կնճիռներ կամ մեծ որովայն: Պարզապես թույլ չեմ տա նման բան:

Նորաձևությունը միայն գեղեցկություն չէ. այն ապրելու կերպ է:

Երբեք չեմ այցելել մարզասրահ ու վարժություններ չեմ արել:

Կարծում եմ' այնքան բան եմ բաց թողել. երբեմն փողոցով քայլելիս հանդիպում եմ դեռահասների, որ զբոսնում են, կինոթատրոն կամ որևէ միջոցառման գնում: Անկեղծ ասած' ես նրանց նախանձում եմ:

Այստեղ' մեծ քաղաքում, մարդիկ անընդհատ մտածում են գումարի ու գործերի մասին: Ընկերությունը անկարևոր է դարձել, և դա տխուր փաստ է:

Բրազիլիայում ամենուր կարելի է հղի կանանց տեսնել, այստեղ' գրեթե ոչ: Իմ հայրենիքում կանանց միակ գործը երեխաներն են, հատկապես, աղքատ ընտանիքներում: