
Asekose.am-ի տեղեկություններով, «Երևան» երգի և ֆիլմի պրեմիերայից հետո Ռեինկարնացիա խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը զանգեր է ստացել ինչ-որ մարդկանցից, որոնք ակնարկել են, թե «նայի' ընենց չանենք, որ Երևանից դուրս գաս ու ոտդ էլ ստեղ չդնես»:
Լուրը ճշտելու նպատակով թղթակիցը կապվել է Ռոլանդ Գասպարյանի հետ, ով չի ցանկացել խոսել այս թեմայով: Պարզապես ասել է, որ իրեն՝ բնիկ երևանցուն ու Երևանը անկեղծ սիրողին, ոչ ոք չի կարող վախեցնել՝ մանավանդ Երևանի համար ասվածի ու երգածի համար:
Հիշեցնենք, որ «Երևան» երգի խոսքերը քննադատություն էին մայրաքաղաքում վերջին տարիներին կատարվածին, իսկ տողերից մեկում նշվում է. «Ինչ-որ մեկը քեզ տիրացել է, բաժանել ընտանիքի մեջ...»։
Ռոլանդ Գասպարյանն ավելի վաղ նշել էր, որ «Երևանին զայրացրել է այն, որ իրենց կարճ խելքով ոմանք իբր քաղաքը փոխել են դեպի լավը, դեպի նորը, էլիտարը...բայց Երևանը դա չէ: Այն, ինչ մեր պապերը, ծնողները և մենք ենք տեսել, չկա: Դա Երևանին շատ է զայրացրել: Եվ կարծես անեծք կա Երևանի այս վիճակի համար»: