Քոլեջն ավարտելուց անմիջապես հետո բնակարան վարձեցի Լինդսի անունով (սա նրա իսկական անունը չէ) մի աղջկա հետ: Վերջինիս հետ պատահաբար էի ծանոթացել: Երկուսս էլ դերասանուհիներ էինք. մտածում էի' լեզու կգտնենք իրար հետ, զրուցելու ընդհանուր թեմաներ կունենանք... մի գավաթ սուրճ ու քաղցր զրույց: Բայց... չարաչար սխալվում էի...
Նախ' պարզվեց' նա սարսափելի թափթփված էր: Երբեք իր հետևից ոչինչ չէր հավաքում. ամբողջ բնակարանով մեկ նրա իրերն ու կեղտոտած ափսեներն էին: Բացի դրանից' տարօրինակ դիետաների էր հետևում, օրինակ' միայն ձվի սպիտակուցով դիետա: Եվ արդյունքում ստացվում էր այնպես, որ իմ գնած ողջ բանջարեղենը նրա թեթև ձեռքով հայտնվում էր «աղբարկղում». դա նրա համար «չափազանց գայթակղիչ» էր: Ես փորձում էի հանդուրժող լինել նրա տարօրինակությունների հանդեպ, սակայն նա, ի տարբերություն ինձ, այնքան էլ հանդուրժող չէր. մի անգամ, երբ հարբուխով հիվանդ էի, սենյակ մտավ ու սկսեց զայրացած բողոքել, թե իմ հազը խանգարում է իր քունը: Դա լցրեց համբերությանս բաժակը:
Մի քանի անգամ նրան խնդրեցի փոխել իր վարքագիծը, սակայն ապարդյուն. նա պարզապես արհամարհեց ինձ: Ուստի մի օր, երբ, աշխատանքից տուն վերադառնալով, տեսա, որ բնակարանը նորից կեղտի մեջ է, մտածեցի. «Շատ լավ, եթե նա ուզում է ինձ հիմարի տեղ դնել, ես էլ իրեն կհիմարացնեմ... բառիս բուն իմաստով»:
Հետագա շաբաթների ընթացքում սկսեցի թեթև հնարքներ բանեցնել. պետք է այնպես անեի, որ Լինդսին կարծեր' խելագարվում է: Փոքրիկ հնարքներ էին, բայց նա հաստատ կնկատեր դրանք ու ամենակարևորը' երբեք չէր մտածի, թե դրանց հետևում ես եմ կանգնած: Օրինակ՝ նա սուրճի սիրահար էր. իր սիրած բարձրորակ սուրճը վերցնում էի և տեղը դնում էժանագին սուրճ: Կամ' մի օր պտուտակահանը վերցրի ու նրա պահարանի դռները փոխեցի այնպես, որ դեպի ներս փակվելու փոխարեն դրանք դեպի դուրս փակվեն: Մարմնի լոսյոնը դրեցի լոգարանի փոքր պահարանում, որտեղ միշտ իր ատամի մածուկն էր պահում և այլն:
Բայց ամենաարժանահիշատակ դեպքը կապված է նրա ավտոմեքենայի հետ, որը ծնողներն էին նվիրել ծննդյան օրվա կապակցությամբ: Մի օր բազմոցը մաքրելիս պատահաբար գտա մեքենայի բանալիները: Ուշ երեկոյան, երբ նա քնեց, գաղտագողի դուրս եկա և մեքենան կանգնեցրի այլ վայրում: Նույնն արեցի նաև հաջորդ գիշեր: Ամբողջ մեկ շաբաթ ես ամեն երեկո դուրս էի գալիս ու փոխում մեքենայի տեղը:
Մի օր Լինդսին այլայլված տուն մտավ' ձեռքին կանգառի տուգանքի քարտը: Հուսահատ հայացքով նայեց ու բղավեց. «Ինձ թվում է' խելքս կորցնում եմ, լուրջ եմ ասում, գժվում եմ: Չեմ հիշում' ինչպես եմ մեքենաս միակողմանի փողոցի վրա կանգնեցրել, դրա համար էլ տուգանեցին: Իսկ առավոտյան տեսա, որ մարմնի լոսյոնը ատամի մածուկի տեղում եմ դրել»:
Ես պարզապես ուսերս թոթվեցի, ասացի, որ իրոք, այդ ամենը շատ տարօրինակ է ու գնացի: Հաջորդ շաբաթ Լինդսին տեղափոխվեց: Պատճառաբանեց, որ դա իր համար ճիշտ որոշում է: Այդ օրվանից այլևս չենք հանդիպել, բայց ընդհանուր ծանոթներ ունենք, ովքեր ասում են, որ Լինդսին նույն խելագարն է, ինչ որ նախկինում: