Երեկ դերասանուհի Մարջան Ավետիսյանը դարձավ 31 տարեկան: Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհին esyes.am-ի հետ զրույցում պատմեց ծննդյան անակնկալների ու նվերների մասին:
Այս տարի էլ Մարջանը ծննդյան տոնն անցկացրել է համակուրսեցիների' 13 տարվա ընկերների հետ' իր բնակարանում: «Տոնս ընկերներիս հետ տանն եմ նշել, որովհետև չեմ սիրում այդ օրը ռեստորաններում և ժամանցի այլ վայրերում լինել, քանի որ չեմ ցանկանում ուշադրություն գրավել»,- մեզ հետ զրույցում ասաց Մարջանը: Նրա ծննդյան տոնին ներկա էին դերասաններ Ծովինար Մարտիրոսյանն ամուսնու՝ Նարեկ Հայկազյանի հետ, Անի Պետրոսյանը, Հովհաննես Դավթյանը և այլք:
Ծննդյան անակնկալների մասին խոսելիս դերասանուհին առանձնացրեց իր երկրպագուներից մեկից կեսգիշերին ստացած հաղորդագրությունը: «Առաջինը մի տղամարդ է ինձ շնորհավորել, ով մեկ տարուց ավելի է' սիրահարված է ինձ,- ասաց դերասանուհին, ում ծննդյան տոնի անակնկալներն այսքանով չեն ավարտվել: - Անծանոթ մի տղամարդուց էլ թանկարժեք նվեր եմ ստացել' ոսկյա մատանի. այն ինձ ուղարկել են և նույնիսկ չեմ էլ հանդիպել այդ մարդուն»:
Մարջանի խոսքերով' իր ընկերները գիտեն' ինչ նվիրել իրեն. «Նրանք հիմնականում բիժուտերիա, պայուսակ և կոշիկ են նվիրում, քանի որ գիտեն' պայուսակն ու կոշիկն իմ ամենասիրելի նվերներն են: Իսկ եթե չեն կողմնորոշվում նվերի հարցում, գումարն են տալիս, որ ինքս կոշիկ կամ պայուսակ գնեմ :)»:
Զրուցակիցս առիթը բաց չթողեց և շնորհավորեց բոլոր այն մարդկանց, ովքեր ծնվել են ամռան այս ամսին: «Շնորհավորում եմ հատկապես Նազենի Հովհաննիսյանին, ով շուտով կնշի իր ծննդյան տոնը: Բոլոր կանանց երջանկություն եմ մաղթում, իսկ տղամարդիկ թող այնքան լավը լինեն, որ գրավեն նրանց ուշադրությունը»,- նկատեց դերասանուհին:
«Ես»-ը միանում է բոլոր շնորհավորանքներին ու դերասանուհուն ստեղծագործական ու անձնական հաջողություններ մաղթում:
Զրուցեց Արևիկ Իսաջանյանը