Այսօր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Սարդարապատում անցկացվելու է Տոլմայի փառատոն: Լինելու են 20-ից ավելի տաղավարներ, որոնցում ներկայացվելու է հայկական այդ ուտեստն իր տարատեսակներով: Այս մասին Panorama.am-ին ասաց փառատոնի կազմակերպիչ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Նրա խոսքով, հայկական ուտեստները ներկայացնող փառատոների միջոցով փորձում են զբոսաշրջության տեսանկյունից Հայաստանը դարձնել գրավիչ, ինչպես նաև ամբողջ աշխարհին ցույց տալ, թե որոնք են հայկական ճաշատեսակներ. «Մեր ոչ բարյացկամ հարևանները մեր նկատմամբ ոչ միայն ֆիզիկական ոտնձգություններ են իրականացնում, այլ նաև մեր ոչ նյութական մշակութային արժեքները՝ նաև խոհանոցը ցանկանում են ցույց տալ, որպես իրենց»: Ս. Մամուլյանի բացատրությամբ, տոլմա բառն առաջացել է տոլի բառից, որը նշանակում է խաղողի տերև: Ըստ նրա, հենց այդտեղից է առաջացել Դալմայի այգիներ անվանումը, ինչպես նաև Մեղրիի տարածաշրջանում պատրաստվում է տոլմախաշու անվանումով մի ճաշատեսակ, որը ապուր է ու պատրաստվում է հենց խաղողի տերևներից:

«Մենք որոշեցինք փառատոնն անցկացնել «Ոսկե ծիրանի» շրջանակներում, ինչը հնարավորություն կտա, որ ողջ աշխարհից կինոոլորտի տասնյակ ներկայացուցիչներ ականատես լինեն մեր ավանդական ուտեստի պատրաստմանը, համտեսեն այն՝ այդպիսով դառնալով նաև մեր մունետիկները ողջ աշխարհում»,- դիտարկում արեց Ս. Մամուլյանը: Նրա տվյալներով, 50-ավելի կինոգործիչներ են մասնակցելու փառատոնին:

Նշենք, որ փառատոնն անցկացվում է երրորդ անգամ: