Անտարկտիկայի սառցե շերտի տակ՝ մոտ 3.2 կմ խորության վրա գտնվող «Վոստոկ» լճում մասնագետները, ի զարմանս իրենց, կյանք են հայտնաբերել, գրում է Tert.am-ը` հղում տալով The Telegraph-ին։
Ռուս գիտնականներն այստեղ հետազոտություններ են անցկացրել դեռևս 2012թ.։ Նրանք մասնավորապես ուսումնասիրել են հսկայական լճի հատակում գտնվող սառցե շերտը և պարզել, որ այն պարունակում է 3507 օրգանիզմների ԴՆԹ։ Թեև դրանց մեծ մասը բակտերիաներ են, որոնցից որոշները մինչ այս անհայտ էին գիտությանը, այնուհանդերձ հայտնաբերվել են նաև միաջիջ ու բազմաբջիջ օրգանիզմներ՝ այդ թվում սնկեր ու բորբոսներ։
«Վոստոկում» առկա կյանքի ձևերի բազմազանությունը շատ է զարմացրել գիտնականներին, ովքեր հակված են եղել կարծել, որ ծայրահեղ պայմանների պատճառով լճում կյանք լինել չի կարող։
Լիճը ծածկվել է սառցե շերտով 15 մլն տարի առաջ և այժմ գտնվում է 3.2 կմ խորության վրա։ Այն ունի 257 կմ երկարություն և 48 կմ լայնություն։ Գիտնականները ենթադրում են, որ տասնյակ միլիոնավոր տարիներ առաջ այն եղել է հարուստ էկոհամակարգով ծովածոց։