Նկատե՞լ եք, որ սիրո մասին գրեթե բոլոր պատմություններում (բանաստեղծություն, թե պատմվածք, գիրք, թե ֆիլմ) այն ներկայացվում է որպես գերագույն երջանկություն, որը, սակայն, քայլում է մի շարք տառապանքների հետ ձեռք ձեռքի տված:
Մի՞թե սա կանոն է, առանց տառապանքների սեր իսկապե՞ս չի լինում: Ինչպես հավաստիացնում է հոգեբան Օքսանա Վելիչկոն, լինում է, եթե միայն ի սկզբանե ճիշտ «կազմակերպեք» հարաբերությունների հոգեբանությունը: Նա այս թեմայով հոգեբանական թրեյնինգներ է անցկացնում Մոսկվայում, նաեւ գրել է գիրք՝ «Առանց նախապայմանների սեր» վերնագրով:
«Սերը հանգեցնում է տառապանքների, որովհետեւ հարաբերություններում մեր գլխավոր ցանկությունն ի վերջո դառնում է մեկ ուրիշ մարդու, թեկուզ նա դարձել է ամենահարազատը քեզ համար, տիրանալը», -ասում է Օքսանան՝ տալով մի շարք գործնական խորհուրդներ:
Առանց նախապայմանների սերը սկսվում է մարդու մեջ նրա յուրահատկությունները սիրելուց: Ընդ որում, յուրահատկությունը, ասենք, մազերի գույնը կամ ինտելեկտի մակարդակը չեն: Դա մարդու հոգին է՝ իր թաքուն կողմերով, ձգտումներով: Պատրաստ եղեք բացահայտումներին: Ընդունեք նրան որպես զարգացող եւ նոր կողմերով դրսեւորվել պատրաստվող համակարգ:
«Եթե մարդու մեջ նկատում ու սիրում ես նրա ամենանուրբ կողմերը, ապա կենցաղային ամեն հարց մղվում է երկրորդ պլան եւ կորցնում է իր ընդունակությունը՝ մեծ ցավ պատճառելու եւ ի վերջո սպանելու սերը»,- բացատրում է հոգեբանը:
Սիրո, հարաբերությունների առաջին փուլը սովորաբար բոլորի մոտ էլ գեղեցիկ է ստացվում: Դուք երջանիկ եք, որ այս մեծ աշխարհում գտել եք այն մարդուն, ով այնքան թանկ ու հարազատ է: Իսկ հետո… Գալիս է հույսերի ու ակնկալիքների ժամանակը, որ այդ «թանկ ու հարազատ մարդը» կփոխի կյանքդ, ավելի գեղեցիկ ու թեթեւ կդարձնի, այսինքն՝ իր ուսերին կվերցնի քո ոչ միայն կենսական, այլեւ հոգեբանական խնդիրների լուծման գոնե մի մասը: Իսկ երբ սպասելիքները չեն արդարանում, սկսվում է արցունքների ու մեղադրանքների փուլը:
«Սիրելի մարդուց մի սպասեք, որ նա կախարդական փայտիկի հարվածով կփոխի Ձեր կյանքը: Երբ հանդիպում է իսկական սերը, կյանքն ինքնիրեն սկսում է փոխվել: Իսկ եթե ինչ-որ բան, այնուամենայնիվ, ուզում եք փոխել, պետք է անել դա սեփական ձեռքերով եւ խնդիրներովդ չծանրաբեռնել մեկ ուրիշի, հիասթափություններ չապրել միայն այն պատճառով, որ նա չի արդարացրել քո սպասումները»,-այսպես է ձեւակերպում հոգեբանն իր հիմնական խորհուրդներից մեկը: