Արման Հովհաննիսյանի և ռեփեր Սուպեր Սաքոյի համատեղ աշխատանքի՝ զուգերգի մասին esyes.am-ն արդեն տեղեկացրել էր: Եվ ահա զուգերգի տեսահոլովակի նկարահանման մեկնարկը տրված է. հունիսի 17-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում' Կալիֆոռնիայի «Malibu Beach» ափին ընթացել են երգիչ արտիստ Արման Հովհաննիսյանի և ԱՄՆ-ում բնակվող ռեփեր Սուպեր Սաքոյի համատեղ տեսահոլովակի նկարահանման աշխատանքները:
«Լա-լա-լա» կոչվող երգի տեսահոլովակը բավականին թանկ հաճույք է մեր երկրի համար: Սուպեր Սաքոյի տվյալներով՝ դրա բյուջեն կազմել է 35 հազար ԱՄՆ դոլար: Երգի հեղինակը հայազգի, բայց ԱՄՆ-ում բնակվող և այլազգիների հետ համագործակցող DJ Վաչիկն է, որն ամերիկյան շրջանակներում հայտնի է' որպես «Տեռապիստ Վաչե»: Երգի բառերի հեղինակը դարձյալ ամերիկահայ Ջոնի Կարապետյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսիորը Խաչիկ Գամազյանն է, ով դարձյալ ապրում և ստեղծագործում է Միացյալ Նահանգներում:
Տեղեկացնենք, որ համատեղ աշխատանք ներկայացնելու մասին Արմանն ու Սուպեր Սաքոն մտորել են շուրջ մեկուկես տարի, սակայն, ինչպես իրենք են ասում, հարմար երգեր ու տարբերակներ մինչ այժմ չէին գտնվել: «Տարբեր երգահաններ տարբեր բաներ են առաջարկել, բայց չի ստացվել: Հիմա սա պատահական ստացվեց: Լավ համագործակցություն է, ստեղծագործական խմբի բոլոր ներկայացուցիչներն էլ լավ հասկանում են իրենց գործից: Տեսահոլովակն արդեն նկարահանվել է, մտել ենք մոնտաժային փուլ: Մեկ շաբաթից էդ փուլն էլ կավարտվի ու կմտածենք պրեմիերայի մասին»,- ասաց Արմանը:
Ավելացնենք, որ երգը էլեկտրադենս ոճում է, որը հիմնականում ստեղծվում է համակարգչով, որի հեղինակները, որպես կանոն, DJ-ներն են:
Հաշված օրերի ընթացքում պատրաստի «արտադրանքը» կկարողանա գնահատել նաև հայաստանյան հանդիսատեսն ու Արմանի և Սուպեր Սաքոյի երկրպագուները:
Լուսանկարները' PeterSark.com-ի