Տղամարդկանցից կարելի է սպասել ամեն ինչ: Թեև որոշ քայլերի սպասում ես չափազանց երկար: Երբեմն աղջիկներին մնում է նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել, իսկ հետո գործ ունենալ հետևանքների հետ:
«Հարուստ» երևակայություն
Ես ու Մհերը հանդիպում էինք արդեն մեկ ամիս: Այդ ընթացքում նա միշտ ժամադրություններին գալիս էր շքեղ հագնված, հրավիրում ինձ թանկ ռեստորաններ ու ակումբներ: Դա ինձ տարօրինակ էր թվում, քանի որ երկուսս էլ ընդամենն ուսանողներ էինք և ոչ մի տեղ չէինք աշխատում: Ինչևէ, մի միջադեպից հետո ամեն ինչ տեղն ընկավ: Ես գնում էի համալսարան, երբ նկատեցի մեր մասնաշենքի մոտ կանգնած մեքենան, որից դուրս եկավ իմ Մհերը, իսկ այնուհետև գլուխը վարորդական պատուհանից ներս մտցրեց ու քնքշորեն համբուրեց ղեկին նստած կնոջը: Ես մոտ վազեցի, զայրույթից գլուխս կորցրած, և սկսեցի բղավել. «Ահա թե որն է քո ֆինանսների աղբյուրը. փաստորեն, ապրում ես հարուստ սիրուհիներիդ հաշվի՞ն»: «Ճիշտն ասած՝ այս կինը մայրիկս է»,- ապշած պատասխանեց Մհերը... Մեր սիրավեպն այդպես էլ շարունակություն չունեցավ:
Մառա, 28 տ.
Աղջիկնե՜ր, աղջիկնե՜ր...
Ես ու ընկերուհիս արդյունավետ շոփինգից հետո որոշեցինք գնալ մեր տուն ու փորձել բոլոր գնած զգեստները: Ամենաթեժ պահին լսվեց skype-ի զանգը. ընկերս էր զանգահարում աշխատավայրից: Ես մոտեցա ու սեղմեցի զանգի ընդունման կոճակը և, քանի որ միայն կիսավարտիքով էի, համակարգիչը շրջեցի մի կողմ' տեսախցիկից խուսափելու համար... Մտքովս իսկ չանցավ, որ այդպես տեսախցիկում կհայտնվի ընկերուհիս, ով նույնպես այդ պահին միայն կիսավարտիքով ու կրծկալով էր: Դե արի ու բացատրիր, որ մենք պարզապես զգեստ էինք փորձում:
Նառա, 25 տ.
Վարձատրություն «հավատարմության» դիմաց
Պատահաբար պարզեցի, որ, ինձնից բացի, ընկերս հանդիպում է մեկ այլ աղջկա հետ: Որոշեցի հանդիպել այդ աղջկան: Ես ու Հասմիկը շատ լավ իրար հասկացանք, դեռ ավելին՝ որոշեցինք վիճելու փոխարեն վրեժ լուծել մեր «համատեղ» ընկերոջից' նման «հավատարմություն» ցուցաբերելու համար: Բացի մեզնից, նա ուներ ևս մեկ «սեր»' իր մեքենան: Նախօրոք մշակած պլանի համաձայն՝ ընտրեցինք հարմար պահ, մոտեցանք նրա մեքենային և այն «զարդարեցինք» եփած հնդկացորենով: Մեր վրեժն ավարտին հասցրին մոտակայքի թռչունները' իրենց ամուր կտուցներով ու արագ նյութափոխանակությամբ: Մեր «սիրելիի» վիշտը չափ ու սահման չուներ:
Թինա, 22 տ.
Գլխին բան կար, չճանաչեցի...
Մի անգամ գիշերային ակումբում տեսա ընկերուհուս սիրած տղային' գեղեցիկ շիկահերի ընկերակցությամբ: Նա, ըստ երևույթին, հիանալի ժամանակ էր անցկացնում: Շատ տխրեցի ընկերուհուս համար ու նրան անմիջապես sms գրեցի. «Կարենդ, ուրիշ աղջիկների վզով ընկած, ժամանակ է անցկացնում ակումբում»: Քիչ անց եկավ ընկերուհուս պատասխանը. «Չեմ կարողանում զանգահարել նրան: Խնդրում եմ, մոտեցիր ու ասա, որ տականքի մեկն է»: Մոտեցա «քաղցր» զույգին ու «Չե՞ս ամաչում» բառերով շրջեցի երիտասարդին իմ կողմը: Հենց այդ վայրկյանին հասկացա, որ պարզապես շփոթվել եմ. իմ առջև բոլորովին անծանոթ տղա էր, որը պրոֆիլից շատ նման էր մեր Կարենին:
Լենա, 20 տ.
Սոցիալական գովազդ
Ես ու Հայկը հանդիպում էինք շուրջ մեկ տարի: Մեր հարաբերությունները բավական լուրջ էին, սակայն նա հապաղում էր ինձ ամուսնության առաջարկ անելու հարցում: Ի վերջո ես չդիմացա, գաղտնի մտա սոցիալական կայքի իր էջը և ամուսնական կարգավիճակի տողում ավելացրի' «նշանված»: Անմիջապես սկսվեց հարազատների ու ընկերների զանգերի տարափը' շնորհավորական մաղթանքներով: Սկզբում Հայկը փորձում էր արդարանալ' ասելով, որ դա թյուրիմացություն է, սակայն, իմ խոժոռ դեմքը տեսնելով, ամեն ինչ հասկացավ: Շուտով նրա պատին հայտնվեց խրախուսող հաղորդագրություն. «Հարսանիքն ամռանն է»: Այս ամենից ընդամենը կես տարի անց մենք թարմացրինք մեր էջերում ամուսնական կարգավիճակի տողը' ակտիվացնելով այդքան սպասված «Ամուսնացած» բառը:
Լիլյա, 25 տ.
Խոսում են տղամարդիկ
Լիլյայի բախտը պարզապես բերել է, որ իր ընկերն այդպես է արձագանքել: Ես կզայրանայի, եթե ինչ-որ մեկը, թեկուզ իմ սիրած աղջիկը, գաղտնի մտներ իմ անձնական էջն ու իմ անունից փոփոխություններ աներ: Անձնական էջը յուրաքանչյուրի անձնական տարածքն է, և այն չպետք է խախտել:
Մարատ, 27 տ.