Ստորև ձեզ ենք ներկայացնում Ս. Գալստյանի «Անուններ էկրանի վրա» գրքից մի փոքրիկ հատված:
- Մենք գիտենք որ արվեստը ազնվացնում է մարդուն, սրբագործում է, վերափոխում: Այս առումով լավ է ասել Վասիլի Շուշկինը. «Ըստ իս արվեստի խնդիրը այն է, որ օգնի մարդուն ճանաչելու կյանքը և ինքն իրեն, մարդկանց դարձնի ավելի հումանիստ, վեհ, ազնվաբարո»:
- Ինձ համար շատ հարազատ են Գորկու խոսքերը. «Մարդուն պետք է հիշեցնել, որ ինքը լավն է»: Եվ սա ճիշտ է: Ես աշխատում եմ հիշեցնել մարդուն, որ բնության պես ինքն էլ ազատ է, արժանապատվությամբ լի, նրա պես բարի, պարզ ու գեղեցիկ: Իսկ վերափոխվելու մասին, ես չեմ մտածում, թեպետ ինձ հետ պատահել է, որ մի փոքրիկի, ոչ թե վերափոխել, այլ հեղափոխել եմ: Դա եղավ այսպես.
- Հնդկաստանի Ջայպուր քաղաքում երկնքից կրակ էր թափվում: Ես նստեցի «ռիկշա» (սա երեք անիվավոր հեծանիվ է ֆայտոնի նման):
- Չըրչ Արմենիա (Հայոց եկեղեցի), - ասացի ես:
- Օքեյ, - ասաց «վարորդս», որը մի սիրունիկ աղքատ երեխա էր:
- Քամ օն, - կարգադրեցի ես իմ «փայլուն» անգլերենով:
Երեխան սկսեց քշել: Դա ինչ տառապանք էր, որ ես տեսա: Նայում եմ, մեջքի ոսկորները այնպես են ցցվում, որ քիչ է մնում կաշին պատռվի: Քրտինքը թափվում էր: Բեռը ծանր էր, իսկ ինքը վտիտ:
- Պրոբլեմ, - հանկարծ բղավեցի ես: Իսկ ասել' պրոբլեմ, նշանակում է ասել, որ դժգոհ եմ:
- Նո, պրոբլեմ, միստր, նո պրոբլեմ, - աղեկտուր ճչաց երեխան և ընկավ ոտքերս:
Ես բարձրացրի նրան, նստեցրի իմ տեղը, ինքս' նրա փոխարեն, հեծնելով ղեկին սկսեցի քշել: Քշում էի մարդատար փողոցի աղմուկի միջով, ամբոխի առաջ, ռիկշաներին, մեքենաներին խառնված: Երեխան սարսափից կուչ եկած, վախեցած, չորս կողմը նայելով, աղերսում էր ինձ' ցած իջնել ղեկից:
- Չըրչ Արմենիա, - բղավում էի ես և հասկացնում նրան, որ ցույց տա ճամփան: Պիտի տեսնեիք, թե ինչ կատարվեց, երբ մարդիկ տեսան ինձ ղեկի վրա, իսկ իմ տեղը նստած աղքատ պատանուն:
- Ուորթ իզ դիս («սա ի՞նչ բան է»), ապշած էր ամբողջ փողոցը: Երեխան գլուխը կորցրած չգիտեր ինչ անի: Իսկ երբ ստիպեցի նրան մոտենալ ինձ, բռնել ուսիցս ու ձեռքը պարզած ցույց տալ ուղղությունը, շուրջս ամեն ինչ տակն ու վրա եղավ: Ես քշում էի ավելի արագ: Երեխան կամաց-կամաց հավաքեց իրեն, դարձավ ավելի համարձակ: Նա արդեն բղավում էր. («Լեֆտ, րայթ, ֆրոնտ» («ձախ, աջ, առաջ»): Ու մենք սլանում էինք այս իրարանցման մեջ: Հանկարծ ես բղավեցի:
- Ուոթ իզ յոր նեյմ (ի՞նչ է քո անունը):
- Պակրաշ, - հրճվանքով գոռաց երեխան:
Ես ձևացրի, իբր չեմ լսում: - Ուո՞թ, ասացի:
- Պակրաշ, միստր, մայ նեյմ իզ Պակրաշ, մայ նեյմ իզ Պակրաշ, - ոգևորված անընդհատ կրկնում էր երեխան: Հիմա, որ հիշում եմ, ականջիս մեջ է նրա ձայնը: Ու մտածում եմ, ո՞ւր է փոքրիկ Պակրաշը, ի՞նչ է անունը, ո՞վ գիտի քանի անգամ հպարտությամբ պատմել է այս դեպքը և ինչքան է լաց եղել, որ իրեն չեն հավատացել: Ու մինչև հիմա էլ ականջիս է նրա ճիչը. «Այ ըմ Պակրաշ, այ ըմ Պակրաշ, այ ըմ Պակրաշ»: Պակրաշը մի քանի վայրկյան հեղափոխվել էր, իսկ ես այդ մի քանի վայրկյանում, զգացի հեղափոխելու հաճույքը:
Նյութը' Ք. Ա –ի