Ըստ comScore-ի հետազոտությունների, 2013 թվականի մայիսի դրությամբ աշխարհում խոշորագույն սոցիալական սոցցանցը շարունակում է մնալ Facebook-ը, գրում է Tert.am-ը` հղում տալով Lenta.ru-ին, որն էլ իր հերթին հղում է կատարել digit.ru-ին:
Ամսական Facebook սոցիալական ցանցից օգտվում է 834.8 միլիոն մարդ: Facebook-ին հաջորդում է LinkedIn-ը, որի ամսական լսարանը կազմում է 191.5 միլիոն մարդ: LinkedIn-ին հաջողվել է անցնել Twitter միկրոբլոգների ծառայությանը, որի ամսական այցելուների թիվը կազմում է 186 միլիոն: Խոշորագույն սոցցանցերի ցանկում են հայտնվել նաև Одноклассники-ն (65.4 միլիոն մարդ) և Вконтакте-ն (79.4 միլիոն մարդ):
Հետազոտության ընթացքում comScore-ն ուսումնասիրել է 100 կայքերի վիճակագրությունը: Հատկանշական է, որ սոցիալական կայքերի լսարանի 53%-ը կազմում են Facebook-ի օգտատերերը:
Նշենք, որ սոցկայքերի տվյալները լսարանների մասին որոշակիորեն տարբերվում են comScore-ի հետազոտությունում ներկայացված տվյալներից: Facebook-ը պնդում է, որ մարտին ամսին կայքից օգտվել է 1.11 մլրդ մարդ, իսկ օգտատերերի հետագա նվազման մասին չի նշվել: Իսկ Twitter-ը մարտին հայտարարել էր, որ նրա ակտիվ լսարանը հասել է 200 մլն-ի: