Ստորև ձեզ ենք ներկայացնում Հ. Թահմիզյանի «Կինոռեժիսորներ, դերասաններ» (գիրք 2) գրքից մի փոքրկ հատված:

«Պատահեց այնպես, որ այդ երկու մուսաները' ուրախն ու տխուրը, անբաժանելիորեն ուղեկցում են ինձ իմ ողջ կյանքում: Դա շատ վաղուց էր' պատերազմի, սովի տարիներին: Մայրս աշխատում էր Լենինականի տեքստիլ գործարանում, իսկ ես օր ու գիշեր կորչում էի գործարանի ակումբի կինոխցիկում: Հենց կինոմեխանիկն էլ ձեռքիցս բռնեց և բերեց ինքնագործ խմբի բեմը: 1956 թ., երբ ես արդեն խաղում էի պրոֆեսիոնալ թատրոնում, ռեժիսոր Ալեքսանդր Ռոուն Երևանում նկարահանում էր «Լեռնային լճի գաղտնիքը» ֆիլմը: Ինձ մի փոքրիկ դեր տվեցին: Եվ ինչպես հաճախ պատահում է կինոյում, էկրանին երևաց միայն իմ … ձախ ոտքը: Իսկ եթե լուրջ խոսենք, ապա ես իրավունք չունեմ գանգատվելու իմ դերասանական ճակատագրից»:

Եվ իրոք' Հայկական և Վրացական ՍՍՀ ժողովրդական արտիստ, ՍՍՀՄ և ՀՍՍՀ պետական մրցանակների դափնեկիր Մհեր Մկրտչյանի դերասանական ճակատագիրը հաջող դասավորվեց: Նա սովետահայ ամենաճանաչված և ժողովրդականություն վայելող դերասաններից է, խաղացել է ավելի քան հիսուն դեր, նկարահանվում է նաև միութենական կինոստուդիաներում: Ծիծաղելին և տխուրը իր մեջ համատեղած դերասանը էկրանի վրա ստեղծեց ու հաստատեց ուրախ ու թախծոտ, բարի ու հավատարիմ, պարզամիտ ու խորամանկ, տարօրինակ և համակրելի հերոսներ, տրագիկոմիկական պլանի բնավորություններ:

Մհեր Մկրտչյանը ծնվել է Լենինականում 1930թ.: Սովորել է տեղի թատրոնի դրամատիկական ստուդիայում և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում ճանաչված էր նա, երբ 1959թ. հրավիրվեց նկարահանվելու Համասի Մարտիրոսյանի «01 - 99» կարճամետրաժ կինոնկարում: Այնուհետև մեկը մյուսի ետևից նկարահանվեց Հենրիկ Մալյանի և Հենրիկ Մարգարյանի «Նվագախմբի տղաները» (1960թ.), Աժդար Իբրահիմովի «Բաքվի 26 կոմիսարները» (1965), Ռոլան Բիկովի «Այբոլիտ - 66» (1966թ.), Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին» (1966 թ.), Հենրիկ Մալյանի «Մենք ենք մեր սարերը» (1970թ.), Ալեքսեյ Կորենեվի «Ադամն ու Եվան» (1969թ., Բեքիրի դերակատարման համար նա արժանացավ Դաղստանի վաստակավոր դերասանի կոչման), Գեորգի Դանելյանի «Մի վշտանա» (1969 թ.), Յուրի Երզնկյանի «Խաթաբալա» (1971թ.) և այլ ֆիլմերում:

1972 թ. Մկրտչյանը նկարահանվեց Մենրիկ Մալյանի «Հայրիկ» կինոնկարում, գլխավոր հերոսի' Հովսեփի դերում: Այդ դերակատարման մասին «Պրավդան» գրեց. «Կոմեդիայի հմուտ, չարաճճի, հնարամիտ, գրոտեսկին ոչ խորթ այդ դերասանը այս անգամ մեզ զարմացնում է քնարականությամբ, կերպարի մեղմությամբ, նրա մեջ փիլիսոփայական խորությամբ ներթափանցելու կարողությամբ»:

Դերասանի փայլուն դերակատարումներին կարելի է հանդիպել նաև Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» (1972թ.), Գրիգոր Մելիք-Ավագյանի «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1977թ.), Հենրիկ Մալյանի «Նահապետը» (1977թ.) և «Կտոր մը երկինք» (1980թ.), Ալբերտ Մկրտչյանի «Բովտուն» (1977թ.), «Խոշոր շահում» (1980թ.) և «Հին օրերի երգը» (1982թ.), Գեորգի Դանելիայի 1977թ. մոսկովյան տասներորդ միջազգային կինոփառատոնում ոսկե մրցանակի արժանացած «Միմինո» (1977թ.), Ալլա Սուրիկովայի «Ունայնություն ունայնությանց» (1978թ.), Լաթիֆ Ֆայզիևի և Ումեշ Մեերայի սովետա- հնդկական «Ալի Բաբան և քառասուն ավազակների արկածները» (1979թ.) և այլ կինոնկարներում:

1977թ. Մհեր Մկրտչյանը նկարահանվեց Դմիտրի Կեսայանցի «Զինվորն ու փիղը» ֆիլմում: Այս կինոաշխատանքում սովետական զինվորի բարձրարժեք գեղարվեստական կերպար ստեղծելու համար արժանացավ համամիութենական 11-րդ կինոփառատոնի տղամարդու լավագույն դերակատարման համար սահմանված առաջին մրցանակին: Մի առիթով Մկրտչյանը ասել է. «Յուրաքանչյուր դերասան ունի իր նախասիրությունը, խառնվածքը և կերպարի որոնման մեջ ձգտում է հենց դրան: Միանգամայն արդարացի ու բնական է, երբ մեկի հաջողությունը տեսնում են երգիծական կերպարի մեջ, մյուսինը' հոգեբանականի, մի այլ դերասանինը՝ ողբերգականի: Ես սիրում եմ ոչ այնքան անհոգ կերպարներ, ինչքան թախծոտ, իմ նախասիրած կերպարներին ավելի է հատկանշական, պարզ ասած, թախծոտ ժպիտը, հոգեբանական պահերի ներքին լուծումը»:



Նյութը' Ք. Ա –ի