Արդեն ավարտվել են քննություններն ու աշխատանքը, ուրեմն' հանգստանալու ճիշտ ժամանակն է: Մարդկանց մեծ մասն արձակուրդ է մեկնում հենց այս ամսին, թեև լողափին զով է, սակայն հանգստավայրերում ամեն ինչ դեռ նոր է սկսվում:

1. Ուղեգիր գնիր միայն հայտնի ընկերություններից: Երբ ուղեգրի համար վճարված է, ձեռքիդ պետք է լինի մեկնելու և վերադարձի տոմսերը, հյուրանոցի կտրոնը և բժշկական ապահովագրության վկայականը: Եթե հանգստավայրում ստիպված լինես դիմել բժշկի, հաշվի առ' դրա համար ինքդ ես վճարելու, իսկ գումարը քեզ կվերադարձնեն տուն դառնալուց հետո միայն:
2. Դասավորիր ճամպրուկդ' նախապես կազմելով իրերի ցուցակը: Հավանաբար ցուցակում շատ իրեր կգրանցվեն. չէ՞ որ այս կիսաշրջազգեստը այս շապիկի հետ է գեղեցիկ, իսկ առանց այս տաբատի ու կոշիկների ոչ մի տեղ չես գնա: Իրականում անհրաժեշտ է վերցնել լողազգեստ, արևային ակնոց, գլխարկներ, շորտեր, ջինսեր, սպորտային կոշիկներ, ռետինե հողաթափեր:
3. Անպայման դեղատուփ վերցրու: Երբեք չգիտես' գլխիդ ինչ կգա: Անսովոր միրգը կամ սնունդը հնարավոր է ստամոքսի խանգարում առաջացնի: Եթե շոգ վայր ես մեկնում, հնարավորինս շատ հեղուկ խմիր, միայն թե ոչ շատ սառը:
4. Հյուրանոցում փաստաթղթերը ձևակերպելուց հետո ոչ մի դեպքում գրավ չթողնես անձնագիրդ կամ հետդարձի տոմսդ, հակառակ դեպքում վերադարձի օրերին հնարավոր է տհաճ անակնկալներ սպասվեն. ասենք, պահանջեն տուգանք վճարել փչացրած օդափոխիչի կամ կորած հեռակառավարման վահանակի համար: Մինչև չվճարես, չեն թողնի մեկնես:
5. Ծովը հիանալի է, բայց և վտանգավոր: Շատ խորը տեղերում մի լողա, հատկապես եթե ծովը անհանգիստ է: Եթե իսկապես լավ լողորդ ես և շատ ես ուզում հասնել ալիքներին, ապահովության համար քեզ հետ մեծերից որևէ մեկին տար: Պետք չէ այդտեղ էլ ցույց տալ, թե որքան կաս:

6. Պետք չէ դիսկոտեկում համտեսել մատուցվող անվճար կոկտեյլները: Ի±նչ գիտես, դրանց մեջ ինչ է խառնված: Դեպքեր են եղել, երբ նմանատիպ կոկտեյլները երիտասարդ, գեղեցիկ աղջիկների համար տխուր, հաճախ նաև ճակատագրական վերջաբան են ունեցել:
7. Անպայման տեղեկացիր' հյուրանոցի սենյակում չհրկիզվող պահարան կա±: Դրամը, փաստաթղթերն ու տոմսը ավելի ապահով է այնտեղ պահելը: Պահարանի վարձավճարը շատ թանկ չէ, կարևորը հանգիստ կլինես:
8. Ուշադիր եղիր էքսկուրսիայի ընտրության հարցում: Էքսկուրսիաները հուսալի է պատվիրել գիդին, ում ներկայացնում է տուրիստական ընկերությունը: Չարժի պատվիրել, այսպես կոչված, անհատական տուր. դա ոչ միշտ է անվտանգ: Իսկ եթե ցանկանում ես լուսանկարվել ուղտի հետ, հաշվի առ' երբեմն ուղտ նստելը մի քանի դոլար արժե, իսկ նրանից իջնելը' մի կլորիկ գումար:
9. Առաջին օրը արևի տակ երկար պետք չէ մնալ: Շատ հնարավոր է'այրվածքներ ստանաս և հանգստյան մնացած օրերդ ստիպված լինես անցկացնել անկողնում: Արևապաշտպան քսուկներ օգտագործիր և աշխատիր պառկել ստվերում: Կարևոր են նաև արևային ակնոցն ու գլխարկը:
10. Էլ չխոսենք հանգստյան վայրերում սիրավեպերի մասին: Սակայն այս պարագայում զգուշանալ երբեմն հնարավոր չէ: Չէ՞ որ հանգստի ժամանակ բոլորին են գրավում ռոմանտիկան և արկածները: Ծանոթանալով տեղի բնակիչների հետ' զգույշ եղիր և քաղցր զրույցի մի բռնվիր թուխ, առույգ երիտասարդների հետ. քեզ նման միակ ու անկրկնելիներն այստեղ ամեն տարի «վագոններով» են գալիս: