Մի խումբ արկածախնդիրներ պատրաստվում են արտառոց «որս» սկսել Google Earth-ի միջոցով, ինչը նրանց կօգնի հայտնաբերել ավստրալական լեգենդար Էլդորադոն։ Ինչպես նշում է Tert.am-ը՝ հղում տալով Daily Mail-ին, ավստրալական Էլդորադոյի գոյության մասին սկսել են լուրեր շրջանառվել դեռևս 1911թ., երբ ոսկի որոնող Հարոլդ Բել Լասեթերը հայտարարեց, թե այն թաղված է Գիբսոն անապատի ավազաբլուրների տակ։
Այն ժամանակ հարուստ սիդնեյաբնակները նրան անհրաժեշտ գումարներ են տրամադրել Էլդորադոն, կամ ինչպես ասում են «Ոսկու խութը», հայտնաբերելու համար, սակայն արշավի ընթացքում նրան լքել են ուղեկցորդներն ու ուղտերը, և իր առաքելությունը չկարողանալով ավարտին հասցնել, Լասեթերը մահացել է անապատում' թերսնուցումից ու հոգնածությունից։ Սակայն հետագայում հայտնաբերվել է նրա օրագիրը, որում տղամարդը գրառել է, թե իբր հայտնաբերել է Էլդորադոն։
Այժմ Ջեֆ Հարիսն ու Բրենդան Էլիոթը ևս 8 մարդու ուղեկցությամբ պատրաստվում են պատմական բացահայտում կատարել՝ օգտագործելով հանրահայտ Google Earth քարտեզային ծառայությունը, ինչպես նաև Լասեթերի օրագրի գծանկարներն ու գրառումները։
Բացի այդ, Հարիսը նշել է, որ Լասեթերի օրագրում առկա յուրաքանչյուր գրառում իրականում համապատասխանում է Google Earth-ի վրա նշված բոլոր վայրերին։