«Ո՜չ, ո՜չ և հազար անգամ ո՜չ, Երվանդ Քոչարին չի կարելի սովորական նկարիչ համարել, հանրածանոթ բնութագրումներն ու մակդիրներն այս դեպքում անիմաստ են:
Ինչպես բնորոշել նրան՝ հզո՞ր, թե՞ հանճարեղ. այս երկու գնահատականների միջև թերևս կարելի է տատանվել, չնայած ես հակված եմ երկրորդին...»:
Անդրե Պասկալ Լևիս,
արվեստի պատմաբան (Ֆրանսիա)
Երվանդ Քոչարը ծնվել է 1899թ. հունիսի 27-ին, Թիֆլիսում շուշեցի Սիմեոն և Ֆեոկլա Քոչարյանների ընտանիքում:
1918-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918-ին, միաժամանակ, սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում, 1918-ին՝ Մոսկվայի պետական ազատ գեղարվեստական արվեստանոցում Պյոտր Կոնչալովսկու դասարանում։
1919-ին վերադառնալով է Թիֆլիս, մասնակցում է «Վրաց նկարիչների աշնանային երկրորդ ցուցահանդեսին»։ 1921-ին Քոչարը գեղանկարչության պրոֆեսոր էր և մինչև Փարիզ մեկնելն արդեն համբավավոր նկարիչ:
1919-ին նկարչություն է դասավանդել Թիֆլիսի հայկական դպրոցներում, 1921-ին՝ բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում:
1918–22թթ. ստեղծել է գույնի նուրբ զգացողությամբ, հոգեբանական խնդիրներ արծարծող, ջերմ ու հուզական կտավներ («Կշռաքարերով նատյուրմորտ», 1918թ., «Ջութակ», 1919թ., «Նկարչի մոր դիմանկարը», 1919թ., «Ըմպանակով կինը», 1920թ., և այլն), որոնցով դրսևորվել են Քոչարի արվեստին բնորոշ ռացիոնալիզմը, սիմվոլիստական մտածելակերպն ու ձգտումը պլաստիկ ծավալային ձևին:
1922-ին Քոչարը Կ.Պոլսում էր: Հաջորդ հանգրվանը Վենետիկն էր, որտեղ երիտասարդ արվեստագետն ուսումնասիրում է Ս.Ղազարի մատենադարանի մանրանկարչական հարուստ հավաքածուն, ծանոթանում հռոմեական և Վերածննդի շրջանի արվեստի գանձերին։ 1923 թ. Քոչարը Փարիզում է: Ֆրանսիայում նա ստեղծեց պլաստիկ-նկարչական նոր արտահայտչաձև «Տարածական նկարչությունը» (Peinture dans l’espace), որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ:
Արվեստաբան Վալդեմար Ժորժը գրել է. «Քոչարի տարածական նկարչությունն արդի արվեստի նվաճումներից է, նշանակալի այնքան, որքան Բրանկուզիի անեղծ ձևերը, Պիկասսոյի և Բրաքի կառուցվածքները...
Տարածական նկարչութունը խարխլեց արձանագործության և հարթանկարչության շրջանակը: Այն բարեփոխեց տեսողական օրենքները՝ մի երրորդ ուղի բացելով նկարիչների ու քանդակագործների առջև: Եկել է ժամանակը հատուցելու Քոչար արարչագործի պատվո վճարը, որին նա արժանի է իրավամբ»:
Եվրոպական արվեստաբանական միտքը Քոչարին համարում էր ժամանակակից արվեստի այն ռահվիրաներից մեկը, «ովքեր մի քանի տարում վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումներն ու տակնուվրա արեցին աշխարհը…»: Մեծ արվեստագետը ցուցադրվել է ժամանակի խոշորագույն վարպետների' Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, Կիրիկոյի և մյուսների հետ:
1936-ին Քոչարը վերադարձավ հայրենիք: Մեծ արվեստագետի ճակատագիրը դրամատիկ ընթացք ստացավ: Հայրենիքում նա մեղադրվեց ֆորմալիզմի մեջ, ինչը «ժողովրդի թշնամու» հոմանիշն էր: Բավական է ասել, որ հայրենիքում Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց վերադառնալուց 30 տարի անց միայն՝ 1965-ին: Արգելքները, բանտը, մեկուսացումը անտարակույս ազդեցին Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա, բայց այս դեպքում կարծես գործեց հակազդման օրենքը: Որոշիչ դեր ունեցավ նաև խռուշչովյան «ձնհալը»... Այս տարիներին են արարվել «Էքստազը» (1960), «Պատերազմի արհավիրքը» (1962), «Զվարթնոցի արծիվը» (1955), «Կիբեռնետիկայի մուսան» (1972), «Վարդան Մամիկոնյանը» (1972), Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը» (1959) և այլ մեծարժեք ստեղծագործություններ:
Քոչարը բազմաժանր, բազմազան տեխնիկայով աշխատող արվեստագետ էր:
1948–ին մոմաներկերի գյուտի համար ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Գյուտերի և հայտնագործությունների կոմիտեից ստացել է հեղինակային վկայագիր։
Երվանդ Քոչարը վախճանվեց 1979թ. Երևանում: