Համոզվելով, որ, այսպես կոչված, «ընկերը» վատաբանում է իրեն և իր ընկերներին՝ այս աղջիկը որոշեց պատռել նրա դիմակը։
Ես ընկերների նեղ շրջանակ ունեի համալսարանում։ Ավարտելուց հետո մենք բոլորս տեղափոխվեցինք Նյու Յորք... Դե, ոչ բոլորս. երկու աղջիկ' Քեթին և Սառան (անունները փոխված են) վերադարձան իրենց հայրենի քաղաք, և ասել, որ ես ուրախացել էի այդ կապակցությամբ, կնշանակի ընդհանրապես ոչինչ չասել: Սառան մեր խմբի թագուհին էր, և ես երկար ժամանակ փորձում էի արժանանալ նրա ուշադրությանը: Սակայն բարձր կուրսերում հասկացա, որ նա իրականում երկերեսանի է. դե, այնպիսի ընկեր է, ով կժպտա քո երեսին, իսկ մեջքիդ հետևում կբամբասի և կչարախոսի: Ուսանողական տարիներին որքան էլ փորձում էի հեռու մնալ Սառայից, չէր ստացվում. ընդհանուր շատ բան ունեինք:
Մեկ այլ քաղաք տեղափոխվելով և նրանից հեռու լինելով' ես և մյուս աղջիկները վերջապես կարողացանք խզել կապերը Սառայի հետ:
Քեթիի դեպքը այլ էր. նրանից ևս ուզում էի հեռու մնալ, քանի որ նա աստվածացնում էր Սառային և հանուն նրա պատրաստ էր ամեն ինչի: Սա ինձ առիթ էր տալիս, որ չվստահեմ Քեթիին: Մինչդեռ մյուս աղջիկները հավանում էին նրան, քանի որ Քեթին երբեք որևէ մեկի հետ կոնֆլիկտ չէր ունեցել, ավելին՝ նա պնդում էր, թե խզել է հարաբերությունները Սառայի հետ:
Ես շուտով սկսեցի կասկածել, որ Քեթին ժամանակ էր անցկացնում մեզ հետ միայն Սառային տեղեկություններ «մատակարարելու» և մեզ վրա մի լավ ծիծաղելու համար:
Եվ իմ կասակծներն անտեղի չէին: Երբ առաջին անգամ հանդիպեցինք Քեթիի հետ, ուշ երեկո էր, սակայն դա մեզ չխանգարեց, որ գնանք պիցցա ուտելու: Հաջորդ օրը Սառայի Facebook-յան էջում հայտնվեց հետևյալ ստատուսը. «Զվարճանք Նյու Յորքում' ողջ օրն ուտելով»: Մեկ ուրիշ անգամ Քեթին մեզ այցելել էր, երբ ես մի տղայի հետ էի, որին բարում էի հանդիպել: Դրան ևս հետևեց Սառայի ստատուսը' «Տուն գնալ մի տղայի հետ, որին դեռ նոր ես ճանաչում... առնվազն թեթևսոլիկություն է»:
Այն, որ Քեթին մեր ամեն քայլը զեկուցում էր Սառային, ակնհայտ էր, բայց երբ ուղղակիորեն հարցրի այդ մասին, նա կտրականապես ժխտեց՝ ասելով, որ Սառան հավանաբար մեկ ուրիշից էր տեղեկություն հայթայթում: Քեթին այնքան բարեհամբույր էր... ոչ ոք չէր հավատում, որ նա կարող է երկակի խաղ խաղալ... դե, ոչ ոք, բացի ինձանից:
Այսպիսով՝ ես մի պլան մշակեցի՝ երկերեսանի ստախոսի դիմակը պատռելու համար: Հանգստյան օրերին բոլոր աղջիկներին հրավիրեցի մեր ծովափնյա առանձնատուն. դա պլաններիս մեջ էր մտնում: Մինչ մենք ժամանակ էինք անցկացնում ծովափին, նկատեցի, որ Քեթին շարունակ բջջային հեռախոսով հաղորդագրություններ է գրում: Գրեթե վստահ էի, որ այդ հաղորդագրություններն ուղղված էին Սառային... Երբ վերադարձանք առանձնատուն, ես «սիրալիրաբար» պնդեցի, որ Քեթին առաջինը ցնցուղ ընդունի:
Հենց Քեթին մտավ լոգարան, նրա պայուսակից հանեցի հեռախոսը... Ես ճիշտ էի. նա Սառային ուղարկել էր ավելի քան 20 հաղորդագրություն՝ չարախոսելով բոլորիս հասցեին: Ես աղջիկներին կանչեցի և սկսեցի բարձրաձայն կարդալ հաղորդագրությունները: Սարսափելի էր... ըստ նրա՝ մենք թեթևաբարո վարք ունեինք, աշխարհի անհաջողակներն էինք... նույնիսկ հասցրել էր ծաղրել փոքր եղբորս:
Երբ Քեթին լոգարանից դուրս եկավ, այլևս ոչ մի ընկեր չուներ: Տեսնելով իր հեռախոսը (որը դեռ իմ ձեռքին էր) և մեր վիրավորված դեմքերը' նա անմիջապես սկսեց լաց լինել և ներողություն խնդրել: Մի պահ խղճահարությամբ լցվեցի, սակայն դա ինձ չխանգարեց նրան տնից դուրս վռնդել:
Դա երկու տարի առաջ էր... Այժմ ոչ ոք չի խանգարում ինձ և իմ ընկերներին միասին հաճելի ժամանակ անցկացնել: