Հանրահայտ Apple ընկերության ամենաթարմ iPhone 5 սմարթֆոնն իրականում ամենադանդաղն է աշխատում շուկայում առկա ամենամեծ պահանջարկ ունեցող սմարթֆոնների շարքում։ Նման եզրակացության են հանգել բրիտանացի մասնագետները, ովքեր մի շարք տեխնիկական փորձարկումներ են անցկացրել։
Ինչպես նշում է Tert.am-ը՝ հղում տալով Daily Mail-ին, մասնագետները, ուսումնասիրելով շուկայի առաջատար սմարթֆոնների պրոցեսորի հզորությունն ու հիշողության արագությունը, iPhone 5-ին «ուղարկել են» 7 սմարթֆոններից բաղկացած վարկանիշային աղյուսակի ամենավերջին՝ 7-րդ հորիզոնականը։
Վերջին սերնդի iPhone-ն ավելի դանդաղ է գլխավոր մրցակից Samsung-ի վերջին 2 սմարթֆոններից՝ Galaxy S3-ից և Galaxy S4-ից։ Արագության առումով այն զիջում է նաև Google-ի, Sony-ի, HTC-ի և Blackberry-ի արտադրանքներին։
Սմարթֆոնների արագությունը պարզելու համար օգտագործվել են Geekbench թեստերը, որոնց դեպքում որքան բարձր է միավորը, այնքան մեծ է արագությունը։ Տեխնիկական պայքարում հաղթող է ճանաչվել Galaxy S4-ը, որը հավաքել է 3.188 միավոր։ Համեմատության համար նշենք, որ iPhone 5-ը հավաքել է 1.664 միավոր։
1.Samsung Galaxy S4 - 3.188 միավոր,
2.HTC One – 2.798 միավոր,
3.Sony Xperia Z – 2.173 միավոր,
4.Google Nexus 4 – 2.134 միավոր,
5.Samsung Galaxy Note 2 – 1.950 միավոր,
6.BlackBerry Z10 – 1.698 միավոր,
7.Apple iPhone 5 16GB – 1.664 միավոր։