Մեր ամսագրի նախորդ համարներից արդեն ծանոթ ես թատերագետ Լևոն Մութաֆյանի տված գնահատականներին' թե´ սերիալային, թե´ արհեստավարժ դերասանների խաղի վերաբերյալ: Թատերագետի խիստ, բայց, կարծում ենք, օբյեկտիվ գնահատականին չհամաձայնել հնարավոր չէ: Շարունակում ենք Լևոն Մութաֆյանի հետ քննել մեր այսօրվա հեռուստաարտադրանքի դեմքերի դերասանական խաղն ու հմտությունները. այն դերասանների, ովքեր ունեն թատերական կրթություն և լսարանին հայտնի են ոչ միայն հեռուստասերիալներից, այլև թատրոնից:

Արամ Հովհաննիսյան
Հեռուստաեթերի ամենատաղանդավոր, հետաքրքիր, ինքնատիպ դեմքերից մեկն է' պրոֆեսիոնալ բարձր հատկանիշներով, դերասանական հետաքրքիր նկարագրով, արտահայտչականությամբ: Նա ինչ էլ ներկայացնում է էկրանից, հետաքրքիր է: Միայն վտանգավոր մի պահ կա. դերասանի ստեղծած կերպարները, կարծես, միօրինակ են դառնում իրենց նկարագրով, վարքագծով, բնութագրով: Առաջիկայում բեմադրիչները պետք է ուշադրություն դարձնեն այն հանգամանքին, որ որքան էլ Արամ Հովհաննիսյանը հասկանում է մերօրյա օլիգարխի, այսպես ասած' բարձրաշխարհիկ խավի ներկայացուցչի կերպարը, այնուամենայնիվ, նա' որպես դերասան, ինտելեկտուալ խորքեր ունի, հետևաբար պետք է ուշադրություն դարձնել այդ հատկանիշներին: Դրանից կշահենք և´մենք, և´ դերասանը: Հատկապես «Դժվար ապրուստ» սերիալում դերասանը հայտնվել էր բավականին ծանր իրավիճակում. կերպարի կառուցման սցենարական միօրինակությունը դերասանին հնարավորություն չէր տվել բացահայտելու իր ողջ արտահայտչականությունը, մինչդեռ Արամն, իսկապես, անչափ հետաքրքիր դերասան է, այն եզակիներից, որ բերում է խոսքի վարպետություն, մշակույթ:

Աշոտ Հակոբյան
Հետաքրքիր արտաքին ունի. բարձրահասակ, գեղեցիկ, կարելի է ասել' ժամանակակից հերոսի իդեալ է: Դեմքին առաքինություն, արժանապատվություն կա: Ունի լավ, հետաքրքիր, հագեցած խոսք: Ցավոք, այն կերպարները, որոնցով Աշոտը ներկայանում է էկրանին, թույլ են, դրամատուրգիական հիմքն ունի որոշակի ընդգծված խնդիրներ, ինչը դերասանին հնարավորություն չի տալիս բացահայտելու իր բոլոր հնարավորությունները: Ուրախացնող է այն, որ Աշոտն էկրան է բերում բարի և մի քիչ խեղճ մարդու տիպարը: Նրա հայացքները խեղճացած են, հերոսները չունեն ընդգծված լուծումներ, գտնվում են կյանքի և սոցիալական խնդիրների վայրիվերումների մեջ, և Աշոտը հենց այդ կերպարն է հետաքրքիր ներկայացնում: Աշոտը մասնագիտությամբ ռեժիսոր է, ունի դերասանական անհատականություն , որոնք հնարավորություն կտան բացահայտել իր կարողությունները:

 

Հովակ Գալոյան
Կարծում եմ' Հովակն այսօր ստեղծագործող միջին սերնդի ամենաինքնատիպ դերասաններից մեկն է' կատակերգական ժանրի վառ ընկալմամբ, ցայտուն ընդգծումներով, բնութագրի հրաշալի զգացողությամբ: Պարոնյան թատրոնում նրա ստեղծած կերպարները բազմազան են, հետաքրքիր, տարբերվում են մեկը մյուսից, ամեն կերպարի համար նա կարողանում է գտնել որոշակի սոցիալական, հոգեբանական, բնութագրական երանգ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ հեռուստասերիալներում ևս Հովակը կարողանում է առանձնանալ' չգնալով, այսպես ասած, հանդիսատեսաշահ լուծումների, էժան խարիզմայի: Ավելի շատ գնում է դեպի կերպարի դրամատիկական բացահայտումները: Ինչ էլ որ ներկայացնում է էկրանին, հերոսն անպայման ունենում է իր բնավորությունը, ճակատագիրը:

 

Սամվել Թոփալյան
Ցավոք, Սամվելին սերիալներում չեմ հետևել, նայել եմ նրա աշխատանքը գեղարվեստական կինոյում, թատրոնում: Այսօրվա երիտասարդ դերասանների մեջ առանձնացող, աչքի ընկնող է: Էկրանում նրան «օգտագործել» են միօրինակ դերերի մեջ, մինչդեռ թատրոնում Սամվելը շատ հետաքրքիր է: Այն դերասաններից է, որոնց չի կարելի կոչել տիպար: Սամվելն իսկապես բերում է դերասանի տեսակ, նկարագիր, հերոսի խնդիր: Ինքը հետաքրքիր է:

Աիդա Բաբաջանյան
Պիտի ցավով նշեմ, որ նրա դերասանական կարողությունները հայաստանյան հանդիսատեսը նոր է բացահայտում: Ես այն երջանիկներից եմ, ով Աիդային գիտի նրա ստեղծագործական առաջին շրջանից: Անցել է քսան տարուց ավելի, ես դեռ տպավորված եմ նրա Նատալիայով' «Խաթաբալայում»: Շատ հետաքրքիր դերասանուհի է, իր տեսակով ավելի կատակերգական դերերի է հակված, բայց նաև կարողանում է շատ հետաքրքիր մատուցել դրամատիկական հոգեվիճակները: Անտարակույս, բարձր պրոֆեսիոնալ է:

Դավիթ Սեխպեյան
Դավթին շատ եմ սիրում, մեծ պոտենցիալ ունեցող, հրաշալի դերասան է: Ցավում եմ, որ նա թողեց Ստանիսլավսկու անվան թատրոնը, որովհետև այնտեղ «Մոլագարը» ներկայացման մեջ Դավիթն ինձ համար ներկայացավ նոր որակներով: Էկրանին ևս նա չափազանց հետաքրքիր է' հարուստ արտահայտչականությամբ, դերասանական ակնհայտ շնորհներով օժտված: Պարզապես կցանկանամ, որ բոլոր այն սցենարիստներն, ովքեր կաշխատեն Դավթի հետ, հետայսու փնտրեն նրա տեսակի արտահայտման ճշմարիտ ձևերն ու միջոցները: Դավիթը հաստատում է մի չափազանց հետաքրքիր հերոսի տիպար: Արտաքնապես թվում է, թե կենսախինդ է, եռանդուն, կյանքով լի, ինչ-որ առումով թեթև վերաբերմունք ունի կյանքի հանդեպ, բայց Դավթի մոտ մտավոր, ներքին հուզական պլանները շատ ավելի հարուստ ու հետաքրքիր են:

Արմինե Պողոսյան
«Խարակտերի» փայլուն զգացողությամբ անհատ է: Արտակարգ ռիթմի, կերպարային հրաշալի զգացողությամբ դերասանուհի է և, ամենակարևորը, բարձր պրոֆեսիոնալ:

Գարիկ Չեփչյան
Գարիկը շատ լավ, հետաքրքիր դերասան է: Ցավոք, նրան թատրոնում քիչ են «օգտագործում»: Բայց, չունենալով շատ վառ ընդգծված արտահայտչականություն, նա կարողանում է իր շնորհների սահմաններում ստեղծել համոզիչ կերպար, ճակատագիր, բնավորություն: Լավ է տիրապետում դադարների արվեստին, որոնք իմաստավորված են, հետաքրքիր: Ուրախացնում է, որ չի գնում դեպի կերպարի «տրաֆարետային» մատուցումը. եթե օլիգարխ է, անպայման պետք է ցինիկ լինի: Նա փորձում է պարզել վարքագծի ծագումնաբանությունը:

 

Արմեն Էլբակյան

Այսօրվա հայ թատրոնի տղամարդ դերասանների մեջ ամենավառ ու ընդգծված անհատականություններից մեկն է' զորեղ, ինքնատիպ, հետաքրքիր, պրոֆեսիոնալ, հարուստ արտահայտչականությամբ: Տեղ-տեղ նմանվում է Խորեն Աբրահամյանին' այն առումով, որ փորձում է գնալ դեպի աբրահամյանական դպրոցի ավանդույթները, և դա նրան հաջողվում է' բերելու նշանավոր դերասանի որոշ սկզբունքներ, դարձնելու իրենը և մատուցելու սեփական արտահայտչականությամբ: Հրաշալի դերասան է, բայց այն հերոսը, ում խաղում է սերիալում, անհամոզիչ է: Հերոսն է անհամոզիչ, ոչ թե դերասանը. դերասանը շատ համոզիչ է, ուղղակի հերոսն իր գրական, ռեժիսորական մտահղացմամբ կապ չունի մեր այսօրվա իրականության և բանակի հետ. մի տեսակ թևավոր հրեշտակ է, բայց Արմենն, իհարկե, փորձում է կերպարը տանել դեպի հոգեբանական ենթաշերտեր և էկրան բերել մարդուն, անհատականությանը, դա էլ նրա հաջողությունն է:

Ավո Խալաթյան
Երաժշտական թատրոնի, օպերետի շատ լավ դերասան է: Իհարկե, Ավոն' որպես դերասան, հեռու է դասական օպերետի սկզբունքներից, նրա մեջ ավելի շատ ընդգծվում է մյուզիքլի նկատմամբ հակումը: Հետաքրքիր դերասան է, վառ ընդգծված կատակերգական շնորհներով, չափազանց պլաստիկ: Սակայն Ավոյի մոտ էլ կա մի վտանգավոր բան' կերպարների նույնականացում: Օրինակ' խաղում է «Երեք գրոշանոց օպերա» և «Ատամնաբույժն արևելյան». կարծես շատ չի հեռանում դրանից, շատ չի մղվում տարբեր կերպարների առանձնացմանն ու անհատականացմանը: Չնայած սրա կողքին ուզում եմ հատկապես շեշտել' «Չարենցի ուղղիչ տունը» ներկայացումը, որտեղ նրա Չարենցն ինձ իսկապես դուր է եկել: Փորձում է հասկանալ, ընկալել և հանդիսատեսի համար ընկալելի դարձնել հերոսի ճակատագիրը, վարքագիծը, տեսակը:

Աննա էլբակյան
Ժամանակակից հայ թատրոնի ամենաինքնատիպ դերասանուհիներից մեկն է: Չգիտեմ, ինչպե՞ս խոսել նրա մասին, որովհետև ինչ էլ խաղում է, ինչ էլ բերում է էկրան կամ բեմ, Աննան հետաքրքիր է, էքստրավագանտ: Նրա բեմական բոլոր հերոսուհիները տեսակի առումով հեռու են այն իրականությունից, որում մենք ապրում ենք: Չափազանց հարուստ արտահայտչականությամբ դերասանուհի է' արտաքին ու ներքին պլաստիկայի զուգորդմամբ: Սերիալներ քիչ եմ դիտում, բայց այն, ինչ տեսել եմ «Գեներալի աղջիկը» սերիալում, Աննա Էլբակյանի դերասանական շնորհների հինգ տոկոսն է: Կարծում եմ' այս դերասանուհուն պետք չէր նկարահանել այդ դերում, նա ավելի խորը, հոգեբանական վառ նկարագրի անհատ է: Հիշենք «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Մուսա լեռան քառասուն օրը» և այլն: Աննային ավելի շատ պետք են ցայտուն հերոսուհիներ:Այն, ինչ անում է էկրանին, բարձր պրոֆեսիոնալիզմի դրսևորում է:

Արա Դեղտրիկյան
Հրաշալի դերասան է: Այսօրվա մեր կատակերգական դպրոցի ամենահետաքրքիր ներկայացուցիչներից մեկն է, ով կատակերգություն չի խաղում հանուն կատակերգության: Նրա հերոսները ծնում են մտորում, խոհ: Հարուստ արտահայտչականություն ունի և չափազանց զգույշ է իր ստեղածագործական խաղի նկատմամբ: Նրա խաղաձևում ավելի շատ ֆրանսիական կատակերգական ղպրոցի ավանդույթները կան: Թե´ էկրանից, թե´ բեմից այնքան հմայիչ ու հետաքրքիր է, որ կարողանում է հանդիսատեսին վերցնել ու տանել իր հետ:

Արթուր Կարապետյան
Հրաշալի դերասան է, այն եզակիներից, ով ավելի շատ ինտելեկտուալ խաղի ենթաշերտերի, ենթատեքստերի կողմնակից է: Նա միշտ փորձում է առաջնային դարձնել միտքը, ներքին հուզականությունը' մնալով արտակարգ չափի մեջ, զուգորդելով ինտելեկտուալն ու զգացմունքայինը: Իր հետ բերում է տեսակ, մարդկային նկարագիր, որի մեջ ուզում ես տեսնել ժամանակի արտահայտությունը: Այսօր շատ քիչ պատահող հետաքրքիր դերասաններից մեկն է և´ թատրոնում, և´ էկրանին:

Սարգիս Գրիգորյան
Հավանում եմ Սարգսին' լուրջ, հետաքրքիր, ինքնատիպ դերասան է, գունային բազմազանություն կա նրա մեջ: Կերպարի նկատմամբ շատ հետաքրքիր վերաբերմունք ունի. նա միշտ փորձում է գտնել ամենակարևորը' արդարացնել հոգեբանական, հուզական վիճակը: Լավ առումով նոր դեմք է, բերում է էկրանային նոր հերոսի կերպար: Հակված է «կրիմինալ», ճակատագրական հերոսների, միաժամանակ փորձում է շեշտել հերոսի բարությունը, ճշմարտությունն ու արդարացիությունը:

Անահիտ Մութաֆյան
Երբ Անահիտն ուզում էր ընդունվել թատերական ինստիտուտ, ես անհանգստանում էի և ասում' եթե պիտի գնաս և «պոչում» մնաս, ավելի լավ է' չգնաս: Ցավոք, երևանյան հանդիսատեսն Անահիտին քիչ գիտի, քանի որ նա մոտ 8 տարի աշխատել է Գյումրու Աճեմյանի անվան թատրոնում: Նա ավելի կիսադրամատիկական, կիսաբնութագրական դերերի դերասանուհի է. իր գույնն ու տեսակն ունեցող: Եթե չխանգարի ինքնաբավարարվածությունը, կարծում եմ, ճանապարհ կա անցնելու: Ես չեմ դիտում այն տեսարաները, որտեղ Անահիտն է խաղում, որովհետև ինձ մոտ մշտապես կա քննադատողի, ծնողի վերաբերմունքը, որ ինքը պիտի լավը լինի: Սակայն կողքից լսել եմ պրոֆեսիոնալ կարծիքներ(խոսքս Մարգարիտա Յախոնտովայի և Արսեն Գրիգորյանի մասին է) , ովքեր, թող ներվի անհամեստության համար, շատ բարձր են գնահատում Անահիտին: Ամենակարևորը, որ ինքս էլ գնահատում եմ Անահիտի բեմական խոսքի տիրապետումը. այն, ինչ պակասում է մեր էկրանին: Սա կարևոր ձեռքբերում է:



Թատերագետի կարծիքը գրի առավ Ամալյա Հովհաննիսյանը