Չինաստանում գործում է Xu Xiangyang կրթական համալիրը, որը հաճախ «քայլող դպրոց» են անվանում։ Այստեղ սովորում են խնդրահարույց երեխաները, որոնց վերադաստիարակելու համար նրանց ստիպում են 1.000 կմ քայլել երկրով մեկ։
Ինչպես նշում է Tert.am-ը՝ հղում տալով Oddity Central-ին, քայլքի միջոցով ուսուցիչները փորձում են երեխաների մեջ կազմակերպվածություն ու կարգապահություն սերմանել, ինչպես նաև սովորեցնել նրանց պատասխանատվության զգացում ունենալ իրենց արարքների համար։
Այստեղ ընդունվում են 8-18 տարեկան աշակերտներ, որոնք շատ հաճախ այստեղ են բերվում պարտադրաբար, հակառակ իրենց կամքի։ Բացի օրական տասնյակ կիլոմետր ոտքով քայլելուց, աշակերտները ստիպված են լինում քնել լքված վագոններում, սահմանափակ քանակությամբ սնվել անմիջապես ճանապարհին, ձեռքով սեփական հագուստը լվանալ, ինչպես նաև առանց որևէ առարկության հնազանդվել բոլոր հրամաններին։
Մասնագետները վստահ են, որ այս միջոցները երեխաներին ազատում են ծուլությունից ու անպատասխանատվության զգացումից։ Շարժական դպրոցում սովորելու համար հարկավոր է ամսական 250 դոլար վճարել, սակայն ծնողները վստահ են, որ այն օգնում է իրենց զավակներին ճիշտ ուղու վրա կանգնեցնել։