«32 ատամ» ակումբի գործունեության մեջ վերջին շրջանում տեղի են ունեցել մի շարք էական փոփոխություններ: Բացի «32 ատամ» ակումբի նկարահանումներից և մի շարք այլ նախագծերից, նրանք նաև ստեղծել են Թատրոն 32-ը, բեմադրել իրենց առաջին՝ «Պարույր Սևակ» ներկայացումը: ԳԱԼԱ-ն զրուցեց ակումբի պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանի հետ և փորձեց պարզել, թե ինչպես են ընթանում գործերը «32 ատամ»-ում և ինչ նորություններ է պետք սպասել նրանցից:
-Կարե՛ն, սովորաբար սիրում եմ սկսել սկզբից ու գալ, հասնել վերջին, բայց ձեզ մոտ վերջն ավելի հետաքրքիր է: Նոր թատրոն, նոր ներկայացում, վաղո՞ւց էիք նախատեսել, որ պիտի ստեղծվի այս ամենը:
-Կարծում եմ' ցանկացած դերասան է երազում ուենալ իր սեփական թատրոնը, մենք ուղղակի իրականացրեցինք այդ երազանքը: Երկար մտածեցինք, թե ինչ ներկայացումից սկսենք, բազմաթիվ տարբերակներ կային. դրանցից ընտրեցինք Պարույր Սևակի ստեղծագործությունները հումորի հետ համադրելու տարբերակը:
-Պ. Սևակ, որովհետև նա բոլորի հոգո՞ւն է մոտ:
-Այո՛, որովհետև Սևակի ստեղծագործությունները ակտուալ են, բոլորի կողմից ընդունելի:
-Երբ ես գալիս էի «Պարույր Սևակ» ներկայացումը դիտելու, հումորի էի սպասում: Հետո պարզվեց, որ այո՛, հումոր էլ կա ներկայացման մեջ, բայց այն լրիվ հումորային չէ: Սա միտումնավո՞ր էր արված:
- Երևի թե կռահում եք:
- Այսինքն՝ ուզում էիք դրանով հանդիսատեսին ասել, որ սա թատրոն է, և պետք չէ միայն հումոր սպասել ձեզանից:
-Անշուշտ, կարելի է նաև հումոր սպասել, բայց ոչ միայն հումոր:
-Այնուամենայնիվ, հաջորդ ներկայացումը դարձյալ հումորային է լինելու:
-Այո՛, ու բացի դա, ուզում ենք մինչև տարեվերջ համալրել մեր ներկայացումների ցանկը, որ Թատրոն 32-ի շենքի դիմաց էլ երկար աֆիշաներ փակցված լինեն:
-Հումորը ասելիքը տեղ հասցնելու ամենալուրջ տարբերակն է: Սակայն կարելի՞ է ասել, որ « 32 ատամ» ակումբը, այնուամենայնիվ, ձեզ չէր տալիս ձեր հոգու ամենախորքային ասելիքը արտահայտելու հնարավորություն:
-Բնականաբար, թատրոնի, բազմաթիվ ներկայացումների միջոցով արդեն կարելի է ներթափանցել մարդու ներաշխարհ, նրան մտածելու տեղիք տալ, դիպչել նրա հոգու այն անկյուններին, որոնց հնարավոր չէ հասնել առօրյայում:
-Մի անգամ ասել եք, որ եթե 32-ում դնեք այնպիսի նշաձող, ինչպիսին դուք եք ուզում, ապա ձեզ քչերը կհասկանան: Հիմա կարո՞ղ ենք ասել, որ 32-ը կմնա որպես լայն մասսաների պահանջմունքները բավարարող միջոց, իսկ Թատրոն 32-ը կգտնվի ձեր նշած այն բարձր նշաձողի վրա:
-Այո՛, բայց, իհարկե, այնպես չէ, որ 32-ը պիտի բացարձակապես բոլորին մատչելի լինի. հեռուստատեսությունում էլ կա որոշակի շեմ, որից ներքև իջնել ուղղակի չի կարելի:
-Ներկայացման մեջ Սևակի բառերի հիման վրա ստեղծված երկու երգերի հեղինակը դուք եք, 32-ի բեմն էլ համատեղ ուժերով եք վերանորոգել, ձևավորել, ամեն ինչ սեփական ուժերով անելն ավելի շա՞տ է կապում ձեզ ձեր աշխատանքին:
-Այո՛, բնականաբար, չեմ կարծում, որ ինչ-որ մեկին կկարողանայի փոխանցել այն ամենը, ինչ ուզում ու զգում էի, ես եմ երաժշտությունների հեղինակը, ու մասնագետներն ասում են' վատ չի ստացվել. վերանորոգումն էլ իսկապես ավելի շատ է մեզ կապել թատրոնի բեմին. նույն բանն է, որ մարդն իր ձեռքով վերանորոգի սեփական բնակարանը:
-«32 ակումբում» վերջերս հայտնված գյուղապետ Մանուկյանն ու Հարությունյանը մեծ աղմուկ են բարձրացրել. այսօր քաղաքում շրջելիս հաճախ կարելի է լսել Մանուկյանի օգտագործած արտահայտությունները: Ինչպե՞ս եք սկսել համագործակցությունը նրանց հետ:
-Մանուկյանի հետ ծանոթացել ենք 2011 թվականին, երբ գնացել էինք Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղ՝ «Ես եմ» ֆիլմի նկարահանումներն անելու: Մեզ ծանոթացրեց Հարությունյանը, ով նույնպես նկարահանվում էր ֆիլմում: Մանուկյանը հրաշալի մարդ է. մենք այն ժամանակ ընկերացանք ու խոստացանք, որ ինքը գալու է «32 ակումբ», ելույթ է ունենալու ու դառնալու է հայտնի մարդ: Հետո մոտ երկուսուկես տարի անց առիթը ստեղծվեց, որ նա ելույթ ունենա:
- 32-ը հուլիսից գնում է ամառային հանգստի: Այնպիսի տպավորություն է, որ ֆիլմը գովազդով է ընդհատվում ամենահետաքրքիր պահին:
- Բա հենց դրա համար էլ գովազդ է մտնում (ծիծաղում է). իրականում 32-ը ստեղծման օրվանից էլ հուլիս և օգոստոս ամիսներին հանգստացել է: Սակայն այլ անելիքներ շատ ունենք. բազմաթիվ նախագծեր, ծրագրեր կան իրագործելու, բայց չեմ ասի, թե ինչ:
-32-ում քաղաքական կոնկրետ իրադարձությունների չեք անդրադառնում,բայց ընդհանուր քաղաքական մթնոլորտը ներկայացնում եք: Թատրոնում կանդրադառնա՞ք քաղաքականությանը:
-Թատրոնը նաև հրապարակախոսություն է: Բնականաբար, մենք էլ մեր ձևով կանդրադառնանք այն ամենին, ինչ նկատում ենք, ինչին առօրյայում այնքան էլ հարմար չէ անդրադառնալ:
Արաքս Մամուլյան