Ամռան թեժ շրջանն է' արձակուրդի և լողափնյա հանգստի: Եվ, իհարկե, մեծ է անթերի, նորաձև և ոճային երևալու ցանկությունը: Ի՞նչ են մեզ առաջարկում դիզայներներն այս սեզոնի համար:
Այս տարի դիզայներները շեշտը դնում են ոչ միայն լողազգեստի գույնի, այլև դրա յուրօրինակ ձևի վրա: Ժամանակակից կլինեն անհամաչափ մոդելները, բազմաշերտ, թափանցիկ կտորով համադրվածները, ժանյակներով, օղակներով, կոճակներով, հյուսած երիզով, ժապավենաթելով և կողքերից բաց հատվածներով լողազգեստները: Նորաձև են և´ դասական ընդհանուր լողազգեստները, և առանձինները, որոնց շարքում առաջատարը առանց ուսակապերի «բանդո» կրծկալովներն են:
Ինչ վերաբերում է գույներին, ապա, ինչպես միշտ, «մոդնիցաների» շրջանում տարածված կլինեն ծովային տարրերով լողազգեստները. ծովային շերտագծեր, խարիսխներ: Պահանջված կլինեն բույսերի և կենդանիների պատկերներով լողազգեստները («զեբրային» զոլերով, արևադարձային մրգերի, էկզոտիկ բույսերի նկարազարդումներով): Նորաձև են պուտավոր և աբստրակտ պատկերներով լողազգեստները: Միագույն լողազգեստի սիրահարները կարող են ընտրել հանգիստ, աչք չծակող երանգներով' ոսկեգույն, արծաթագույն, վարդագույն լողազգեստներ: 2011թ. նորաձև լողազգեստը պետք է լինի տոնական, բայց ոչ վառ և ոչ էլ աչք զարնող:
Ինչպե՞ս ընտրել լողազգեստը
Շատ կանայք կարծում են, թե իրենց կազմվածքն անթերի չէ: Շատ հաճախ կազմվածքի թերություններ նկատում են հենց միայն իրենք' աղջիկները: Սակայն դրանով հանդերձ' գոյություն ունեն մի քանի միջոցներ' լողափում առավելագույնս գայթակղիչ տեսք ունենալու համար' իհարկե, հաշվի առնելով, այս ամռան նորաձևության միտումները: Բիկինիներն այս ամառ կրկին տարածված են: Դրանք կարող են լինել ամենավառ և «թռվռան» գունազարդարմամբ. օրինակ' ծովային ալիքների երանգով, ծաղիկներով, մանկական նկարներով, երկրաչափական բազմապիսի պատկերներով: Նորաձև է շարունակում լինել «ընձառյուծի» և «վագրային» լողազգեստները, ինչպես նաև ոսկեգույն ու արծաթագույնները: Եթե նախընտրում ես միագույն լողազգեստ, ապա գնիր վառ կապույտ, դեղին և բաց վարդագույն երանգներինը: Կարող ես գնել սովորական սև-սպիտակ լողազգեստ, բայց դրան պետք է «համուհոտ» ավելացնել. ասենք աքսեսուարներով' արտասովոր ճարմանդ, կապիչներ կամ երիզ:
Լողազգեստի ընտրությանը պետք է լուրջ վերաբերվել, քանի որ բացի նրանցի, որ այն պետք է նորաձև լինի, այլև լավ նստի: Դրանով պետք է գեղեցիկ և ինքնավստահ քեզ զգաս: Լողաձգեստը ձևափոխությունների ենթարկել շատ բարդ է, դրա համար այն գնելիս լավ ուսումնասիրիր կազմվածքիդ առանձնահատկությունները:
Եթե կարճ պարանոց և կրկնակզակ ունես, ապա քեզ կսազեն լայն բացվածքով, V-աձև լողազգեստները: Բացի այդ, համարձակորեն լողափում կարող ես հագնել առանց կապիչների լողազգեստ: Սակայն խորհուրդ չի տրվում բարձր կտրվածքով լողազգեստ հագնելը:
Եթե փոքր կուրծք ունես, ապա ընտրիր «ամանիկներով» կրծկալ, որը նաև երկաթե «ամրակներ» կունենա: Քեզ կսազի նաև փոռիկներով և դարսեր ունեցող կրծկալով լողազգեստը: Կսազեն նաև առանց կապիչների, վառ գույնի և լայն կտրվածքով լողազգեստները:
Եթե ուսերդ լայն են, ապա պետք է ընտրես կլոր կտրվածքով կամ փոքրիկ օձիքով լողազգեստ, իսկ եթե ուսերդ նեղ են, ապա քեզ կսազեն բարձր կտրվածքով և իրարից հեռու գտնվող կապիչներով լողազգեստները: Գերադասելի է լողազգեստի ներքևի հատվածը մուգ լինի, քան վերևի հատվածը:
Մեծ կուրծքը հնարավոր է քողարկել զոլավոր ներքնազգեստով և նախընտրելի է, որ կրծկալի «ամանիկները» երկաթով լինեն. դրանք ձիգ են պահում կուրծքը:
Եթե ցածրահասակ ես, քեզ կսազի բարձր վարտիքները, քանի որ դրանք տեսողական առումով երկարեցնում են ոտքերը:
Եթե ազդրերդ լայն են, ապա ավելի լավ է հագնել կիսաշրջազգեստով լողազգեստ:
Օգնեց ընտրել Մարիաննա Պողոսյանը