Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդի արտամուսնական կապից ծնված դուստրը՝ Դելֆին Բոելը, դատարան է դիմել՝ պահանջելով, որպեսզի հայրությունն ապացուցող ԴՆԹ թեստ անցկացվի։
Ինչպես նշում է Tert.am-ը՝ հղում տալով Euromag-ին, թագավորական պալատը ևս հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ Բոելի հայցի պատճառով դատարան կներկայանան անձամբ թագավորը, թագաժառանգ արքայազն Ֆիլիպն ու միապետի դուստր Աստրիդը։
79-ամյա Ալբերտ 2-րդն օժտված է ամբողջական իրավաբանական անձեռնմխելիությամբ, և դատարանն իրավասու չէ նրան պարտադրել հայրության թեստ անցնել, սակայն որևէ խոչընդոտ չկա թագավորի երեխաների կողմից նույն թեստն անցնելու հարցում։
45-ամյա Դելֆին Բոելը՝ բարոնուհի Սիբիլ դե Սելիս Լոնգշամի դուստրը, աչքի է ընկնում Ալբերտ 2-րդի հետ արտառոց նմանությամբ։ Իրավաբանորեն նրա հայրն է Ժակ Բոելը, սակայն այս տարվա սկզբին բելգիական ԶԼՄ-ները հայտնել են, որ «հայրը» չի ներառել Դելֆինին իր կտակի մեջ։
Հասարակությունն առաջին անգամ միապետի արտամուսնական երեխայի մասին իմացել է 1999թ., երբ հրապարակվել էր Ալբերտ 2-րդի կենսագրությունը։ Այն ժամանակ միապետն ընդունել էր այդ փաստը՝ անկեղծանալով, որ 1960-ական թվականների վերջերին իր ամուսնական կյանքը թագուհի Պաոլայի հետ ճգնաժամ է ապրել։