Ամերիկյան հանրահայտ Google ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է նոր համակարգ ստեղծել, որն իր ցանցից կվերացնի մանկական պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները։
Ինչպես նշում է Tert.am-ը՝ հղում տալով The Telegraph-ին, նոր տեխնոլոգիայի ու ֆինանսավորման շնորհիվ ընկերությունը հույս ունի լուսանկարներն «արմատախիլ անել» ցանցից, ինչպես նաև հայտնաբերել դրանք տարածողներին ու մանկապիղծներին։
Այժմ Google-ը ստեղծում է նման բնույթի լուսանկարների տվյալների բազա, ինչը կօգնի բարելավել համագործակցությունն իրավական դաշտի և մանուկների նկատմամբ բռնությունների դեմ հանդես եկող բարեգործական հիմնադրամների ու կազմակերպությունների հետ։
Բացի այդ, ընկերությունը 2 մլն դոլար է հատկացրել, որպեսզի մասնագետներն առավել կատարելագործված ու արդյունավետ համակարգեր ստեղծեն ցանցից լուսանկարները վերացնելու համար։