Google ընկերությունն իր պաշտոնական բլոգում ներկայացրել է Project Loon ծրագիրը, որը նախատեսում է օդապարիկների միջոցով համացանցի հասանելիություն ապահովել Երկիր մոլորակի աղքատ շրջաններում, հաղորդում է Tert.am-ը՝ հղում տալով Lenta.ru-ին:
Ծրագիրը նախատեսում է ստեղծել ցանց, որը պետք է կազմված լինի երկրային կայանից, օդապարիկների վրա տեղադրված ցանցային սարքերից և բնակիչների տների տանիքների տեղադրված ալեհավաքներից: Յուրաքանչյուր օդապարիկը կկարողանա ինտերնետով ապահովել 40կմ տրամագծով տարածք:
Տեխնոլոգիայի փորձարկումները սկսվել են 2011 թվականին, սակայն լայն հասարակությանը այն հայտնի է դարձել միայն 2013 թվականին: Ընկերությունը Նոր Զելանդիայի Քենթերբերի շրջանում արձակել է 30 օդապարիկներ, որոնք համացանցով են ապահովում 50 կամավորների:
Google-ը գտնում է, որ Project Loon-ը հնարավորություն կտա համացանցից օգտվել մեծ թվով մարդկանց: Ըստ ընկերության հաշվարկների, արագ ինտերնետը հասանելի չէ երկրի բնակչության 2/3-ին: