Կուբացի հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի' Բոլիվիայում պարտիզանական պատերազմի ժամանակաշրջանի նախկինում անհայտ անձնական նամակներն ու լուսանկարները հրապարակվել են բոլիվիական Razon պարբերականում, հայտնում է Tert.am-ը՝ հղում տալով РИА Новости-ին։
Նյութերը վերաբերում են այն շրջանին, երբ Չեն նախորդ դարի 60-ական թվականներին մի խումբ համախոհների հետ փորձել է պարտիզանական շարժում սկսել Բոլիվիայի իշխանությունների դեմ։
1967թ. Չե Գևարայի մահից հետո փաստաթղթերը գտնվում էին բոլիվիացի զինվորականների մոտ և պահվում էին «գաղտնի է» գրառմամբ։
Խոսքը մոտավորապես 20 էջանոց տեքստի և լուսանկարների մասին է, որոնք լրագրողներին են տրամադրել նախկին զինվորականները։ Լուսանկարներից մեկում գերմանական ծագումով Տանյա մականունով արգենտինուհի Թամարա Բունկեի դին է. նա եղել է Գևարայի համախոհը և սպանվել մարտերից մեկում։ Փաստաթղթերի թվում է նաև Տանյայի նամակն իր ընկերոջը, որն այդպես էլ չի հասել հասցեատիրոջը։
Պարբերականը վստահեցնում է, որ բոլիվիացի զինվորականները դեռևս շատ նամակներ ունեն, որոնք գրել է Չեն գերության ժամանակ և որոնք մնացել են հաղթողների մոտ։