Սրտացավ անցորդը

Զբոսնելով վերադառնում էի համալսարանից, երբ նկատեցի մայթին պառկած երիտասարդին: Փոշոտ հագուստից ենթադրեցի, որ ընկեցիկ է, այն էլ' հարբած: Փողոցը բավական մարդաշատ էր, բայց տղային ոչ ոք չէր մոտենում: Ես ծնկի իջա նրա մոտ, սակայն, ի զարմանս ինձ, ալկոհոլի հոտ չզգացի: Այդ ժամանակ իրոք անհանգստացա և սկսեցի «Օգնություն» կանչել: Հանկարծ «հիվանդը» շարժվեց, վեր կացավ և թափ տվեց հագուստը: Պարզվեց, որ նա ուսանող էր, ապագա հոգեբան, և էքսպերիմենտ էր անցկացնում: Ողջ ժամվա ընթացքում, մինչ նա այդպես պառկած էր գետնին, միայն ես էի մոտեցել նրան օգնելու: Եվ քանի որ ես ամենասրտացավ անցորդն էի, ապագա հոգեբանը հրավիրեց ինձ սուրճ խմելու:

Աննա, 21 տ.

Հուր ու կրակ

Կորպորատիվ երեկոներից մեկի ժամանակ սեղանները զարդարված էին մոմերից ու չոր տերևներից կազմված գեղեցիկ կոմպոզիցիաներով: Խնջույքի ավարտին մոմերից մեկը շուռ եկավ չոր տերևների վրա, և դրանք բռնկվեցին. սկսվեց համատարած խուճապ: Այդ պահին ես, «Իմ ամուսինը հրշեջ է» ճչալով, մոտ վազեցի վառվող սեղանին: Թերևս, շատ համոզիչ տեսք ունեի, քանի որ բոլորը մի կողմ կանգնեցին: Վերցրի ձեռքիս տակ ընկած առաջին իսկ շիշը' գազավորված հանքային ջրով, և լցրեցի բոցերի վրա: Ցավոք, հանգչելու փոխարեն, կրակը նոր ուժով բոցավառվեց, իսկ հալված պարաֆինն այրեց ձեռքս: Հետաքրքիր է, ինչո՞ւ ամուսինս ինձ մինչ այդ չէր ասել, որ հանքային ջրում առկա ածխաթթու գազի պղպջակները միայն թեժացնում են կրակը:

Նոնա, 28 տ.

Ավագ քրոջ իրավունքով

Ես ու ընկերս զբոսնում էինք պուրակում: Հանկարծ ահռելի մի շուն փախավ տիրոջից և վազեց մեր կողմը: Ես վախից աչքերս փակեցի, սկսեցի ճչալ ու մարմնովս ծածկեցի ընկերոջս: Բանն այն է, որ ես երկու կրտսեր եղբայր ունեմ և դեռ փոքրուց սովոր եմ նրանց հավանական վտանգներից պաշտպանելուն: Թերևս, այդ բնազդն այնքան ուժեղ էր, որ հարազատ մարդուն պաշտպանելու ձգտումը չլքեց ինձ նույնիսկ խուճապի պահին: Ի դեպ, շան տերը հասցրեց բռնել նրան, իսկ ընկերս մինչ օրս հիացած է իմ հերոսական արարքով:

Կառա, 23 տ.

Ընկերական աջակցություն

«Վե՛րջ, թողնելու եմ նրան,- լաց լինելով՝ ասաց ընկերուհիս,- պատկերացնո՞ւմ ես, մեր ծանոթության տարեդարձին նա ինձ նվիրեց մարմնի խնամքի միջոցների հավաքածու, Մարտի 8-ին ստացա զարդատուփ, իսկ Ամանորին' տնային հողաթափ»:

Ինձ այդ ամենը շատ զարմացրեց, քանի որ, իմ կարծիքով, նրանք իդեալական զույգ էին: Մի՞թե նման անհեթեթության պատճառով նրանք պետք է բաժանվեին: Մոտենում էր ընկերուհուս ծննդյան օրը, և ես որոշեցի փրկել նրանց միությունը: Պարզեցի ընկերուհուս կրծքի չափսը, գնեցի մետաքսե շքեղ ներքնազգեստ, գեղեցիկ ծաղկեփունջ: Այնուհետև հանդիպեցի Արմանին, հանձնեցի նրան այդ ամենը և մանրամասն բացատրեցի' ինչպես հանձնել նվերներն ու ինչ բառեր ասել: Խեղճ տղան երկար արդարանում էր. «Հասկանո՞ւմ ես, չէ՞ որ առանց այդ էլ պարզ է, որ նրան սիրում եմ»: Ի վերջո, Արմանն արեց ամեն ինչ ինչպես հարկն է: Այժմ նրանք երջանիկ են, իսկ ես' հպարտ իմ արարքով: Բնականաբար, ամուսնության առաջարկն Արմանը նույնպես արեց իմ անմիջական վերահսկողությամբ:

Մանե, 26 տ.

Խոսում են տղամարդիկ

Ահա թե ինչպես է հարկավոր օգնել ընկերուհիներին կարգավորել հարաբերությունները սիրած էակների հետ: Տղամարդիկ չգիտեն, թե ինչ և ինչպես արժե նվիրել, չեն հասկանում այն բոլոր մանրուքները, որոնք այդքան կարևոր են աղջիկների համար: Ես նույնպես չէի հրաժարվի այդպիսի իմաստուն և անշահախնդիր խորհրդատուից:

Վանիկ, 29 տ.