Եվրոպական հարավային աստղադիտարանի (European Southern Observatory) գիտնականները հայտնաբերել են նախկինում չդասակարգված աստղերի նոր տեսակ, որոնք կանոնավոր կերպով լուսավորվում և հանգչում են ֆիքսված ժամանակահատվածում, գրում է tert.am-ը՝ հղում տալով Daily Mail-ին:
Գիտնականներին վաղուց հայտնի են աստղերի այնպիսի տեսակները, որոնք առանձնանում են իրենց լուսավորությամբ, սակայն նոր հայտնաբերված երկնային մարմիններն առկայծում են կանոնավոր ժամկետներով՝ յուրաքանչյուր 2-20 ժամվա ընթացքում:
Այս հայտնագործությունը կատարվել է Չիլիի աստղադիտարանում 7 տարի տևած ուսումնասիրությունների արդյունքում: Կանոնավոր առկայծող աստղերը հայտնաբերվել են Կենտավրոս համաստեղության աստղաբույլում, որը գտնվում է Երկիր մոլորակից 7000 լուսային տարի հեռավորության վրա:
20 միլիոն տարի գոյություն ունեցող այս աստղերը, որոնք ավելի ջերմ և պայծառ են, քան արևը, դեռևս չեն ներառվել և ոչ մի աստղային դասակարգման մեջ: Դեռևս չբացահայտված այս երևույթը թույլ է տալիս գիտնականներին աստղաֆիզիկայի նոր ճյուղ զարգացնել, որը կկոչվի աստղասեյսմոլոգիա: