Ժամանակն անցավ աննկատ, և այժմ մոտենում է հուզիչ պահը հղի կնոջ կյանքում՝ ծննդաբերություն: Սովորաբար ծննդաբերությունը սկսվում է հղիանալուց 280 օր (40 շաբաթ) հետո, երբ պտուղը դառնում է հասուն և ունակ արտաարգանդային կյանքին: Հղի կնոջը սովորաբար մտահոգում է այս հարցը. «Ինչպես ես կիմանամ, որ ծննդաբերությունը սկսվում է, և ժամանակն է գնալ ծննդատուն»: Մոտեցող ծննդաբերության նախանշանները ավելի հաճախ նկատում են հղի կնոջ հարազատները, քան ինքը' հղին: Ծննդաբերությունից մի քանի օր առաջ հղի կնոջ մոտ ցանկություն է առաջանում ինչ-որ բան փոխել բնակարանում: Կինը «բույն է կառուցում», պատրաստվում է երեխայի հետ հանդիպմանը: Շատ կանայք գիտեն, որ, ծննդաբերությունից առաջ հեռանում է լորձային խցանը: Այս երևույթը նկատվում է հղիության 38-րդ շաբաթում, ինչը կապված է հորմոնալ փոփոխությունների հետ: Արգանդի վզիկի ուղին բացվում է, կնոջ սեռական օրգաններից առանձնանում է վզիկը պատող լորձային զանգված:

Վերջինս նման է դեղնաշականակագույն մածուկի: Հաճախ լորձի հեռացումը ուղեկցվում է որովայնի ստորին հատվածի թույլ միալար ցավերով: Ծննդաբերության նախանշաններից է արգանդի հատակի իջեցումը: Ոչ մասնագիտական առօրյա ընկալման մեջ այս երևույթը կոչվում է «որովայնի իջեցում»: Այս ամենը նկատելի է միայն այն ժամանակ, երբ երեխան գտնվում է ճիշտ դիրքում, այսինքն' գլխով դեպի առաջ (ներքև): Ծննդաբերությանը մոտ ժամանակահատվածում երեխան մղվում է դեպի փոքր կոնք, որի միջոցով նա շուտով պետք է դուրս գա: Արգանդի հատակը իջնում է, և հղին սկում է հեշտությամբ շնչել, դադարում են այրոցը եւ հևոցը, որոնք ուղեկցում են հղիության վերջին ամիսներին: Ծննդաբերության վերջին շաբաթների ընթացքում նկատվում է հղի կնոջ քաշի նվազում 0,5-2կգ.: Այս երևույթը նույնպես կապված է ծննդաբերությունից առաջ հորմոնալ փոփոխությունների հետ, էստրոգեն հորմոնները նպաստում են մարմնից ավելորդ հեղուկի հեռացմանը: Եվ վերջապես, թերի (ложные) նախածննդաբերական կծկումներ: Դրանք հղի կնոջը ամենից շատ են շփոթեցնում: Նախածննդաբերական թերի (ложные) կծկումները սովորաբար դադարում են 2-3 ժամվա ընթացքում: Այս կծկումները անկանոն են,այսինքն լինում են տարբեր ընդմիջումներով (օրինակ 20ր., ապա 10ր., ապա 30ր. եւ այլն): Լավագույնը, որ կարելի է անել այս դեպքում, քնելն է: Չէ որ առջևում ծննդաբերությունն է, և պետք է խնայել ուժերը: Իսկ եթե կծկումները դառնում են ավելի հաճախակի, ուժեղանում են, ձեռք են բերում կանոնավոր բնույթ, նշանակում է, որ սկսվում է ծննդաբերությունը, եւ ժամանակն է գնալ ծննդատուն: Երբեմն ծննդաբերությունը սկսվում է պտղաջրերի հեռացումով: Այդ դեպքում անհապաղ պետք է գնալ ծննդատուն: Ամեն դեպքում, եթե դուք չեք կարող գնահատել Ձեր վիճակը, ավելի լավ է գնալ բժշկական հաստատություն, որպեսզի բժիշկը զննի Ձեզ, և փարատի Ձեր կասկածները: Նախքան հիվանդանոց գնալը հարկավոր է իմանալ, թե ինչ է անհրաժեշտ վերցնել Ձեզ հետ:
- Փաստաթղթեր. անձնագիր, ծննդյան վկայականը և փոխանակման քարտը:
- Անձնական իրեր և հիգիենայի պարագաներ: Ծննդատներում այժմ թույլատրվում է օգտագործել գործարանային արտադրության մեկանգամյա օգտագործման հիգիենիկ տակդիրներ:
- Հանքային ջուր կամ հյութ:
- Երեխայի համար նախատեսված գլխարկ, գուլպաներ, տակդիրներ:
Պետք է անցկացնել անհրաժեշտ հիգիենիկ պրոցեդուրա: Պարտադիր է ընդունել ցնցուղ: Նախքան ծննդատուն գնալը հոգնա ընդունելը չի համարվում պարտադիր պրոցեդուրա: Դուք կարող եք դա անել ինքներդ կամ դա կկատարվի ծննդատանը: Շատ ծննդատներում թույլատրվում է ամուսնու (կամ այլ ուղեկցողի) ներկայությունը ծննդաբերության ժամանակ: Տեղեկացրեք Ձեր ցանկության մասին ծննդատուն ընդունվելու ժամանակ: Ուղեկցող ամուսինը պարտավոր չէ որևէ առողջական տեղեկանք ներկայացնել: Նրան անհրաժեշտ է համապատասխան հագուստ և կոշիկ և հիվանդ չլինել սուր շնչառական հիվանդություններով: Ծննդատունը այն հիվանդանոցն է, որտեղ ստեղծվել են բոլոր պայմանները ծննդաբերությունը ապահով անցկացնելու եւ որակյալ բուժօգնություն տրամադրելու համար: Սակայն ծննդաբերության ընթացքը եւ ելքը մեծապես կախված են Ձեզանից: Մի եղեք գործընթացի պասիվ մասնակիցը, հարցեր ուղղեք բուժաշխատողներին, մասնակցեք ծննդաբերությանը վերաբերող քննարկումներին, արտահայտեք Ձեր ցանկությունները: Հաջողություն: Առողջ երեխա եւ երջանիկ մայրություն....