ԲԱԲԵԼՈՆ (շումեր. Կադինգիռա, աքքադ. Բաբ-Իլու, բառացի՝ աստծո դարպաս), հնագույն քաղաք Միջագետքամ, Եփրատ գետի ափին։ Ավերակները գտնվում են ներկայիս Հիլլա (Իրաք) քաղաքի մոտակայքում։ Առաջին անգամ հիշատակվում է Սարգոն I Աքքադացու մասին առասպելում և Ուրի III հարստության վավերագրերում (մ. թ. ա. IV հազարամյակ)։

Բաբելոնի նշանակությանը մեծացել է Բաբելոնյան Առաջին հարստության ժամանակ (մ. թ. ա. 1894—1595)։ Մ. թ. ա. XVIII–VI դդ.՝ Բաբելոն պետության մայրաքաղաքը։ Մ. թ. ա. 691-ին կամ 689-ին Ասորեստանի թագավոր Սինաքերիբը կործանել է Բաբելոնը' բնակչության անհնազանդության, խռովությունների պատճառով, բայց նրա հաջորդ Ասարհադոնը մ. թ. ա. մոտ 680-ին վերաշինել է քաղաքը։ Բաբելոնի առավելագույն ծաղկումն ու զարգացումը կապված է նոր Բաբելոնյան հարստության ներկայացուցիչ Նաբուգոդոնոսոր II թագավորի անվան հետ։ Նրա օրոք Բաբելոնը փռվել է Եփրատի ափերին՝ կանոնավոր քառանկյանու ձևով, որի յուրաքանչյուր կողմի երկարությունն, ըստ Հերոդոտոսի, եղել է 120 ստադիոն (շուրջ 20 կմ)։ Ունեցել է կրկնակի պարիսպ, բազմաթիվ աշտարակներ ու դարպասներ։ Արտաքին պարսպի բարձրությունը եղել է շուրջ 60 մ, լայնությանը՝ 17 մ։ Արտաքին պարսպից դուրս քաղաքը երեք կողմից պատնեշել են Եփրատի ջրերով լցվող արհեստական խրամով, հս-արմ. կողմից՝ անանցանելի ճահճուտներն ու լիճը։ Քաղաքի կենտրոնով հոսող Եփրատը երկու կողմից ունեցել է պարիսպներ, որոնք եզրափակվել են վիթխարի դարպասներով։ Գետափնյա գեղատեսիլ ճանապարհները կապվել են շարժական հսկա կամուրջով ու լաստանավերով։ Բաբելոնում եղել են ուղիղ փողոցներ, երեք կամ չորս հարկանի տներ։

Շքեղությամբ և ճոխությամբ առանձնացել է միջնաբերդը կամ, այսպես կոչված, արքունի քաղաքը։ Իր կնոջ պատվին Նաբագոդոնոսոր II ստեղծել է փարթամ բույսերով ծածկված արհեստական լեռների շրջապատկեր։ 50 մ բարձրությամբ բուրգերին հանգչող կամարների վրա աճեցվել են կախովի այգիներ, որոնց մեջ տարբեր բարձրության վրա զետեղվել են զովաշունչ սենյակներ։ Այգիներին ջուր է մատակարարվել հատուկ ջրաբաշխական սարքերի միջոցով։ Թագավորական պալատին կից կախովի այգիները հին հույները դասել են աշխարհի յոթ հրաշալիքների թվին։ Աշխարհի յոթ հրաշալիքներից է համարվել նաև Բաբելոնի քարաշեն աշտարակը, որի կառուցումն ավարտել է Նաբուգոդոնոսոր II։ Ըստ պեղածո նյութերի, աշտարակը եղել է միմյանց վրա կառուցված 7 (ըստ Հերոդոտոսի՝ 8) աշտարակների համադրություն, որն ունեցել է քառանկյուն հիմք (շուրջ 90 մ կողմերով), 192 մ բարձրություն և արտաքին պատերը բոլորող ելարաններ։ Հույն պատմիչ Դիոդորոս Սիկիլիացու վկայությամբ, աշտարակի վերին հարկը եղել է աստղադիտարան։ Բաբելոնը հռչակված է եղել նաև հեթանոսական շքեղ տաճարներով։ Ըստ սեպաձև մի արձանագրության, ունեցել է 53 տաճար՝ մեծ աստվածների, 55 տաճար՝ Բել-Մարդուկ աստծո, 300 սրբավայր՝ երկրային, 600 սրբավայր՝ երկնային աստվածների, 180 զոհարան՝ Իշտարի, 180 զոհարան՝ Ներգալի ու Ադադի, 12 զոհարան՝ այլ աստվածների անուններով։ Քառանկյունաձև գլխավոր տաճարում զետեղվել է Բել-Մարդուկ աստծո անդրին, որը, ըստ Հերոդոտոսի, զարդարված էր թանկարժեք քարերով և ուներ 6 մ բարձրություն։

Մ. թ. ա. 539-ին Բաբելոնը գրավել է Աքեմենյան թագավոր Կյուրոս II Մեծը և այն դարձրել իր աշխարհակալության երրորդ մայրաքաղաքը։ Բաբելոնի 521-ի ապստամբությունը, որը գլխավորել է հայազն Հալդիտայի որդի Արախան կամ Նաբուգոդոնոսոր IV, ճնշել է Աքեմենյան Դարեհ I թագավորը, քանդել քաղաքի ամրությունները, բնակիչների զգալի մասին ոչնչացրել կամ մատնել գերության։ Դարեհ 1-ի հաջորդը՝ Քսերքսես I (486—465), կողոպտել է Բաբելոնը, կործանել բազմաթիվ շինություններ։ Աքեմենյան տիրապետության ժամանակ, այնուամենայնիվ, Բաբելոնը պահպանել է առևտրական և մշակութային նշանակությունը։ Աքեմենյան պետության կործանումից հետո Ալեքսանդր Մակեդոնացին, Բաբելոնի հոյակերտաթյամբ և դիրքով հիացած, որոշել է վերակառուցել և հռչակել Մակեդոնական աշխարհակալության մայրաքաղաք, որպիսին Բաբելոնը մնացել է մինչև նրա մահը։ Մ. թ. ա. IV դ. վերջին Սելևկոս թագավորը Բաբելոնի բնակչության զգալի մասին տեղափոխել է նորակերտ մայրաքաղաք Սելեկիա, որից հետո Բաբելոնը անշքացել է, աստիճանաբար անհետացել պատմաբեմից։ Սասանյան Իրանի տիրապետության ժամանակ Բաբելոնը եղել է ավերակ և մոռացված։ Մինչև XIX դ. պեղումները Բաբելոնի ավերակները երևում էին հիմնականում 4 խոշոր բլուրների վրա, որոնցից հյուսիսայինը կոչվում է Բաբիլ կամ Մուջելիբա (ենթադրվում է, որ այստեղ են գտնվել կախովի այգիները), կենտրոնականը՝ Քասըր (այստեղ է գտնվել Նաբուգոդոնոսոր II-ի պալատը), մյուս երկուսը՝ Ամրան-իբն-Ալի և Ջումջումա։