Հայ խորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես, Ակսել Բակունց (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899 թ. հունիս 13, Գորիսում: Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվում է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել, հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրը այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի' Ակսելի դերը և ընկերները Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը:

Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինը ավարտում է 1917-ին։ Հետագայում մանկավարժական աշխատանք կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։

1917-18-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին:

Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923-ին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-26-ին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-31-ին' Երևանում' որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։ 1927-28-ին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928-ին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931-ին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։

1934-ից ԽՍՀՄ գրողների միության անդամ է:

Գնդակահարվել է 1937-ի հուլիսի 18-ին Ստալինի ցուցումով:

ՍՏՈՐԵՎ ՁԵԶ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԲԱԿՈՒՆՑԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել եմ 1899 թ., Գորիս: Ծնողներս ունեցել են և´ հող, և´ հարստություն, բայց ես չեմ տեսել ո՛չ այդ հողը և ո՛չ հարստությունը: Ես հիշում եմ մի զարհուրելի չքավորություն, «մի տուն լիքը մանուկներ», և այդ' գավառական քաղաքում, որտեղ հասարակական դիրքը որոշում էին կուպեցի արշինը և չինովնիկի չինը:

905-ին գնացել եմ ծխական դպրոցը: Գնացել եմ, այսինքն' իմ կամքով և իմ նախաձեռնությամբ: Սովորել եմ 5 տարի' հայոց լեզու, մի քիչ ռուսերեն, մի քիչ աշխարհագրություն, բավական շատ հայոց պատմություն, և՛ երգ, և՛ վայելչագրություն: Կար աշակերտների մի կատեգորիա, որ ձրի էր գնում տոնածառի, թոշակ չէր վճարում, գրքերը դպրոցն էր տալիս: Եվ այդ բոլորը որպես «ազգային բարեգործություն», նվաստացնող պոմպայով: Ես այդ ցանկում էի:

Այսպես կոչված, «առաջադեմ» աշակերտ էի և ավարտելուց ստացա «Վարդանն Ավարայրի դաշտում» (Վարդանն Ավարայրի դաշտում – անցյալում շատ տարածված մի երևակայական նկար, ուր պատկերված են Վարդան Մամիկոնյանն ու Ղևոնդ Երեցը' իրենց զինակիցների հետ, Ավարայրի դաշտում: Հաճախ էր արտատպվում պատմության դասագրքերում) նկարը և «Ծաղկեփունջ» գիրքը: 1910 թվի ամռանը «Սասուն» գրախանությում (այդ մեր քաղաքի ազգային ինտելիգենցիայի հավաքատեղին էր) որոշեցին ինձ ուղարկել Էջմիածին' ճեմարան (մայրս ասում էր' Էշմիաձի, և լաց էր լինում, որ գնում եմ «հայոց Հայրիկի» մոտ («… հայոց Հայրիկ» - անվանապես այս պատվանունը վերաբերում է ականավոր հոգևոր գործիչ, գրող, ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանին (գրական անունը' Խրիմյան Հայրիկ), որը հայ իրականության մեջ վայելել է լայն ժողովրդականություն: Դրա շնորհիվ Հայրիկ անունը դարձել է հասարակ բառ և գործածվել իբրև հոմանիշ կաթողիկոս բառի: Այս վերջին իմաստով էլ օգտագործել է Ա. Բակունցը: 1910 թ. կաթողիկոս էր Մատթեոս Իզմիրլյանը (1845-1910. XII):

(Գորիս քաղաքի հասարակության համախոսական-դիմումը' Ալեքսանդր Թևոսյանին (Բակունցին) Էջմիածնի Գևորգյան ճեմարանի գիշերօթիկ սաների շարքում ընդունելու վերաբերյալ գրված է 1910 թ. օգոստոսի 10-ին (ստորագրել են 152 մարդ): Նրան ճեմարան է տարել իր մերձավոր ազգականներից մեկը' Երեմիա Բակունցը, որը նույնպես սովորում էր այնտեղ: Ա. Բակունցը միանգամից ընդունվել է III դասարան):

1910 թվին «ունթունվեցի» (այդպես էի արտասանում այն ժամանակ) ճեմարան: 1915-16 ուսումնական տարում, գաղթի պատճառով, փակվել էր ճեմարանը, և ես այդ տարին ուսուցիչ «հրավիրվեցի» Զանգեզուրի Լոր գյուղը: Ամռանը ես «չարություն» էի արել, որ և կարելի էր հաշվել իմ գրական մկրտությունը, եթե չհաշվենք «Հիմար մարդը» վերնագրով մի հեքիաթ, որ 1911 թվին տպեց «Աղբյուր» ամսագիրը: Այդ ամառ ես ֆիլետոն էի տպել Շուշվա կարծեմ սոցիալ-դեմոկրատական «Փայլակ» թերթում, մեր քաղաքագլխի և գավառական ադմինիստրացիայի դեմ (Բակունցի այդ «չարության» արգասիք ֆիլետոնը' «Մաթվեյ Մաթվեիչ … (Մի անհայտ մարդու անհրաժեշտ կենսագրության փորձ)» խորագրով և «Թեզ գնացող» ստորագրությամբ' տպվել է Շուշիի «Փայլակ» թերթի 1915 թ. հուլիսի 26-ի № 40-ում): Ինձ բանտարկեցին, եղավ «փոթորիկ», և ես բանտարկության 34-րդ օրը ազատվեցի, որպեսզի ուսուցիչ գնամ այն հեռու գյուղը' Լորը:

Առաջին անգամ ճանաչեցի գյուղը, նրա մարդկանց: Հետո շատ անգամ այդ թվի հիշողությունները օգնել են ինձ (Լոր գյուղում անցկացրած շրջանից ստացած տպավորությունները Բակունցն օգտագործել է մասնավորապես «Խոնարհ աղջիկ» պատմվածքում):

1917 թվին ավարտեցի ճեմարանը: Ամռանը' հասարակական աշխատանք, աշնանը' ազգային զորամասերում զինվոր մինչև 1918-ի հունիսը (Էրզրում – Կարս - Սարդարապատ): 18-19-ը' Երևանում սրբագրիչ թերթերի և ռեպորտյոր: 19-20 թվի հունիսը' ուսանող Պոլիտեխնիկումի և դասատու որբային գիմնազիոնի (Թիֆլիս), 20 – 23 թիվը' ուսանող Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտի: 1923 թվից հետո' ագրոնոմ:

1924 թ. դեկտեմբերին «Մարտակոչում» տպվեց իմ առաջին «Գավառական նամականին»: Գրել եմ երեք գիրք' «Հովնաթնա Մարչ», «Մթնաձոր» և «Սպիտակ ձին», և անավարտ տպած «Կարմրաքար» վեպը: Առայժմ:

Այս Ինքնակենսագրականի հիմա վրա, վերջինիս տվյալներն ու արտահայտություններն օգտագործելով' կազմված է Բակունցի համառոտ կենսագրությունը, որ լույս է տեսել «Հոկտեմբեր-Նոյեմբեր» տարեգրքում, ուր, ի դեպ, կան նաև տվյալներ, որոնք բացակայում են Ինքնակենսագրականում: Նկատի առնելով գրողի կենսագրության համար դրանց կարևորությունը' մեջ ենք բերում ստորև (հեղինակը, հավանաբար, Ե. Չարենցն է).

«Բակունցը շատ լավ գիտի գյուղը և ունի երևույթների մեջ խորասուզվելու մեծ կարողություն: Նրա ոճը սեղմ է և գեղարվեստորեն հագեցած: Առաջին իսկ տողերից նա կարողանում է կերպարանափոխել ընթերցողին ու ապրեցնել նրան իր թեմայով: Ճիշտ է, թվում է, թե նա հատկապես հակված է հնին, անցյալին, անցնողին: Սակայն այժմ ակնհայտ է, որ նրա խորը լիրիզմը կարողանում է զուգորդվել քաղաքական մեծ ակտուալության հետ:

Բակունցը կոմկուսակցության անդամ է:

Ակսել Բակունցի գրվածքները թարգմանված են ռուսերեն (Պատմվածքների ժողովածու), թուրքերեն, վրացերեն և ուկրաիներեն:

Այժմ Բակունցը գրում է մի մեծ վեպ Խ. Աբովյանի մասին»:

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն