Ռեժիսոր Մարինե ԶԱՔԱՐՅԱՆԻ' Վիլյամ ՍԱՐՈՅԱՆԻ համանուն պատմվածքի մոտիվներով նկարահանած «ՓԱՍԻԱՆԻ ՈՐՍՈՐԴԸ» (պրոդյուսեր Հովհաննես ԳԱԼՍՏՅԱՆ, արտադրող' Պարալլելս Ֆիլմ) ֆիլմը ընդգրկվել է Մոսկվայի 35րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում:
Մոսկվայի ՄԿՓ-ը անցկացվելու է հունիսի 20-29-ը: Փառատոնի գլխավոր և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրին գլխավորելու է իրանցի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մոհսեն ՄԱՀՄԱԼԲԱՖԸ:
Փառատոնի գլխավոր մրցույթում «Սուրբ Գեորգի» մրցանակի համար պայքարելու են 16 ֆիլմեր: Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում ընտրված ֆիլմերը յոթն են, որոնց թվում է Հայաստանը ներկայացնող ՓԱՍԻԱՆԻ ՈՐՍՈՐԴԸ ֆիլմը: Եվս յոթ ֆիլմ մասնակցում են վավերագրական ֆիլմերի մրցույթին:
Փառատոնը բացվելու է ռեժիսոր Մարկ Ֆորստերի World War Z (Война миров Z), (ԱՄՆ, պրոդյուսերներ՝ Բրեդ Փիթ, Դեդե Գարդներ, Ջերեմի Կլեյներ, Յեն Բրյուս), գլխավոր դերում' Բրեդ Փիթ:
ՓԱՍԻԱՆԻ ՈՐՍՈՐԴԸ ռեժիսոր Մարինե ԶԱՔԱՐՅԱՆԻ առաջին ֆիլմն է: Այն նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի դեբյուտային ֆիլմերի աջակցության ծրագրով, նույնիսկ հայաստանյան կինոարտադրության համար՝ չնչին բյուջեով, սեղմ ժամկետներում և սահմանափակ տեխնիկական միջոցներով: Ֆիլմը աչքի է ընկնում դասական գրողի հանդեպ հոգատարության ու ինքնուրույն մեկնաբանության համադրմամբ, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների համարձակ կիրառմամբ: Ֆիլմի օպերատորն է Միհրան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, կոմպոզիտորը՝ Լիլիթ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ է, հնչունային ռեժիսորը՝ Լևոն ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ: Ֆիլմում նկարահանվել են. Սամվել ՎԱՐԴԱՆՅԱՆԸ (առաջին դերը կինոյում), Անի ԳԱԼՍՏՅԱՆԸ, Աշոտ ԱԴԱՄՅԱՆԸ, Նարինե ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, Կարեն և Սոս ՋԱՆԻԲԵԿՅԱՆՆԵՐԸ: Ապրիլին ՓԱՍԻԱՆԻ ՈՐՍՈՐԴԸ ստացել է ազգային կինոյի ՀԱՅԱԿ մրցանակը՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵԲՅՈՒՏ անվանակարգում: