Վերջերս esyes.am-ին հայտնի դարձավ, որ «Brand time» հաղորդաշարի հաղորդավար Արմեն Սարգսյանն ու մոդել, PR մասնագետ Ռուզան Ապրեսյանն ընկերություն են անում: Լուրի ճիշտ լինելը պարզելու համար խոսեցինք հաղորդավարի հետ, ով հաստատեց այն և նշեց, որ մոտ չորս ամիս է' իրենք ընկերություն են անում:

29-ամյա Արմենը առաջինը esyes.am-ին պատմեց, որ սիրելիի հետ ծանոթացել է սոցիալական մի ցանցի միջոցով: «Գործնական առաջարկով Ռուզանին գրեցի ու այդպես սկսեցինք խոսել,- ասաց Արմենն ու հավելեց, որ հետագա շփումը ընկերության է հանգեցրել,- սիրո խոստովանություն չի եղել. պարզապես հասկացանք, որ կարող ենք ընկերություն անել»:

 

Հարաբերություններն օրինականացնելու մասին զույգը թեև մտածում է, սակայն հստակ խոսակցություն ու որոշում դեռ չի կայացրել: Նշենք, որ զույգը դեռ չի ծանոթացել նաև միմյանց ծնողների հետ. «Ես էլ, Ռուզանն էլ նման երկրորդական հարցերին կարևորություն չենք տալիս: Հետագայում, երբ ինքներս էլ վստահ կլինենք, ծանոթությունն էլ կլինի»:

Հաղորդավարը նորմալ է վերաբերում Ռուզանի մոդելային կարիերային, սակայն նշում է, որ ավելի լուրջ է վերաբերում սիրելիի' PR մենեջեր և հաղորդավար լինելուն, քան մոդելային կարիերային:

Ավելացնենք, որ Ռուզանը 2011թ. մասնակցել է «Ռուսկի սիլուետ» մոդելային մրցույթին և զբաղեցրել առաջին տեղը: Ներկայումս համագործակցում է «Ատեքս» նորաձևության կենտրոնի հետ, ինչպես նաև մասնակցել է Արամ Նիկոլյանի, Արևիկ Սիմոնյանի և մի քանի այլ դիզայներների ցուցադրություններին: Բացի դրանից, Ռուզանը 2012թ-ից Հ2-ի առավոտյան թողարկամամբ ներկայացնում է տեղեկատվական տեխնոլոգիաներին վերաբերող նորություններ:

Լուրը ճշտեց Արևիկ Իսաջանյանը