PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին բջջային դրամապանակը ներկայացնող դեմո-հոլովակների մրցույթ է հայտարարված, որին կարող են մասնակցել երիտասարդ ռեժիսորներ, օպերատորներ, լրագրողներ. խրախուսվում են ուսանող մասնակիցները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Իդրամ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթև Մադաթյանը:
«Իդրամ» բջջային դրամապանակը, որը գործում է 2012 թ. հոկտեմբերից, նախատեսված է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար. այն հնարավորություն է տալիս բազմաթիվ ֆինանսական գործարքներ կատարել բջջային հեռախոսից: Ինչպես տեղեկացրեց «Իդրամ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն, մրցույթը նպատակ ունի բարձրացնելու ժամանակակից վճարային համակարգերի վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, միաժամանակ հնարավորություն ստեղծելու փորձարկելու մասնագիտական ուժերը դեմո-հոլովակների նկարահանման ոլորտում: Նախաձեռնությանը միացել են նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, «Օրդֆիլմ» կինոընկերությունը, «Մոբայլ սենթր» խանութների ցանցը: Մրցույթն անցկացվելու է 2 փուլով: Առաջին փուլում հաղթողներին (5 մասնակցի) ընտրելու է պրոֆեսիոնալ ժյուրին' կազմված Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և «Օրդֆիլմ» կինոընկերության լավագույն մասնագետներից:
Երկրորդ փուլում ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված աշխատանքները կդրվեն Ֆեյսբուքում բաց քվեարկության:
Երկու փուլերի արդյունքներով լավագույնը ճանաչված հոլովակի հեղինակը «Իդրամ» -ի գործընկեր «Մոբայլ սենթր»-ի կողմից որպես մրցանակ կստանա Samsung Galaxy Ace S5830 հեռախոս և «Իդրամ» հաշվի լիցքավորում: Լավագույն հոլովակի հեղինակը պրոդյուսերական աջակցություն կստանա «Օրդֆիլմ» կինոընկերության կողմից, իսկ 2-5-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կներգրավվեն կինոընկերության կողմից իրականացվող տարբեր ծրագրերում: