Տասնութամյա Մերի Մնջոյանը «Հայաստանի ձայնը» նախագծի ամենաերիտասարդ մասնակիցն էր. հենց նա էլ դարձավ մրցույթի հաղթողը: Երիտասարդ աղջիկը ոչ միայն հրաշալի երգում է, այլև ստեղծագործում, սակայն խոստովանում է, որ վերջինի համար պետք է տրամադրվի:
Հայաստանի ձայնը նշում է, որ բեմում և առօրյայում շատ տարբեր է, քանի որ բեմը պահանջում է շքեղ տեսք ունենալ, իսկ առօրյա կյանքում նա նշանակություն չի տալիս այդօրինակ շպարին, վարսահարդարմանն ու հագուստին: Նրա հետ զրուցել ենք «Հայաստանի ձայնի», առօրյա կյանքի, Արտո Թունջբոյաջյանի քննադատությունների և իդեալի մասին :):

- Մերի´, դարձար «Հայաստանի ձայնը». սպասո՞ւմ էիր նման հաջողության:
- Ես կույր լսումներին եկել էի երգելու, ներկայացնելու իմ քաղաքը' Գյումրին և երգովս իմ ասելիքն ասելու, սակայն, տեսնելով ժյուրիի արձագանքն ու հանդիսատեսի ոգևորությունը, հասկացա, որ հնարավորություններս շատ են ոչ թե հենց հաղթողի, այլ սիրված, ճանաչված դառնալու համար: Եզրափակչում ակնկալիքներս 50/50 էին, սակայն հուրախություն ինձ, ընտանիքիս և ընկերներիս, դարձա Հայաստանի ձայնը: Երջանիկ եմ դրա համար, քանի որ 4 տարեկանից մենք սպասում և աշխատում էինք հենց այսպիսի հաղթանակի համար:
- Իսկ 50/50-ն ո՞ւմ միջև էիր բաժանել: Ո՞ւմ էիր քեզ ավելի շատ մրցակից համարում:
- Մյուս երեք ֆինալիստներն էլ շատ ուժեղ մասնակիցներ էին, և ես ընկերացել էի բոլորի հետ: Երբեմն նույնիսկ մոռանում էինք, որ մենք մրցույթում ենք, ոչ թե ճամբարում, որտեղ միասին հանգստանում ենք: Եզրափակչում մենք ուզում էինք գեղեցիկ շոու մատուցել հանդիսատեսին, սակայն երբ պետք է քվեարկության արդյունքներն ասեին, ես երեքին էլ ընդունում էի որպես մրցակից:
- Այնուամենայնիվ, ո՞ւմ էիր «ֆավորիտ» համարում:
- Նարեկը շատ կիրթ և գրագետ երաժիշտ է: Նա էր շատ լավ մրցակից: Շատ ուրախ եմ, որ նա գրավեց երկրորդ մրցանակը:
- Ի՞նչ տվեց քեզ «Հայաստանի ձայնը», բացի համընդհանուր ճանաչվածությունից:
- Նախ' բեմում նվագախմբի հետ երգելու փորձ: Ես երբեք չեմ ունեցել այսպիսի համերգներ: Վստահություն, քանի որ ես հավատացի ուժերիս, ինչպես նաև' մարդկանց ճանաչելու, հասկանալու հնարավորություն տվեց: Ճանաչեցի տաղանդավոր մարդկանց, Սոնային, ինչի համար շատ ուրախ եմ, որովհետև ես չսխալվեցի կույր լսումների ժամանակ հենց նրան ընտրելով:
- Քո հաղթանակից հետո քեզ ևս մեկ նվեր խոստացան. Գյումրու պատգամավոր Արման Սահակյանը խոստացել էլ իր կողմից նվեր' երգի ձայնագրում և տեսահոլովակի նկարահանում' լավագույն մասնագետների ներգրավմամբ: Անձամբ քեզ հայտնե՞լ է այդ մասին, թե՞ դա այդպես էլ մնաց' որպես ֆեյսբուքյան գրառում-ցանկություն:
- Ես ֆեյսբուքում նկատեցի իր գրառումը, անչափ ուրախացա և արձագանքեցի' հայտնելով իմ շնորհակալությունը: Դեռ չենք խոսել: Կարծում եմ' «Նոր ալիքից» հետո արդեն կզբաղվենք այդ հարցով:

- Նախագծի ժամանակ շատ քննարկվեց, թե Արտո Թունջբոյաջյանը բացասական վերաբերմունք ունի քո նկատմամբ: Ինքդ զգացե՞լ ես այդպիսի վերաբերմունք:
- Գիտեք, ես չէի ասի' բացասական: Ի վերջո, մրցույթ է, ամեն ինչ էլ պատահում է. համենայն դեպս, ես ժյուրիի ամբողջ կազմին հարգում և սիրում եմ' որպես պրոֆեսիոնալների, սակայն ոչինչ ասել չեմ կարող:
- Ամեն դեպքում դու զգացե՞լ ես բացասական վերաբերմունք, թե՞ դրա մասին ավելի շատ խոսվեց, քան կար:
- Ո´չ, համերգներից հետո նա մոտենում էր ինձ, նույնիսկ խորհուրդներ էր տալիս, մենք խոսում էինք, քննարկում ամենը: Կարծում եմ' ամեն ինչ նորմալ է:
- Նրա քննադատություններն ինչպե՞ս էիր ընդունում: Առհասարակ քննադատություններին ինչպե՞ս ես վերաբերվում:
- Նորմալ, եթե դրանք առողջ են: Արտոյի ասածներին առողջ էի վերաբերվում, դրանք ինձ մտածելու տեղիք էին տալիս, վերլուծում էի, հասկանում' ինչն է ճիշտ, ինչը' սխալ և վերջում անում այն, ինչ ես մտածել և ծրագրել էի:
- «Հայաստանի ձայնից» հետո օրակարգդ բավականին խիտ է, իսկ մինչ այդ ինչպիսի՞ն էր առօրյադ: Շրջապատդ փոխվե՞լ է հայտնի դառնալուց հետո:
- Ես մինչև այս էլ միջազգային շատ մրցույթների եմ մասնակցել և մրցանակակիր եղել, ուղղակի ՙՀայաստանի ձայնն՚ ինձ համար ճակատագրական եղավ: Իմ առօրյան ամբողջովին փոխվեց. սովորում էի քոլեջում, դասերից հետո գալիս էի տուն, պարապում, իսկ հիմա նույնիսկ ժամանակ չունեմ, որ լիարժեք պարապեմ, քնեմ, ուտեմ... Սակայն ես սիրում եմ այս խառն իրավիճակը, սա ինձ շատ դուր է գալիս և չեմ ուզում, որ վերջանա այս առօրյաս:
- Ընկերական շրջապատդ փոխվե՞լ է:
- Ո´չ, ես շատ նվիրված եմ ընկերներիս. եթե ինչ-որ մեկին սիրեմ և ինձ հարազատ համարեմ, դա մինչև կյանքիս վերջ է, եթե ինչ-որ մեկից հիասթափվեմ, դա էլ կլինի մինչև վերջ: Ընկերական շրջապատս չի փոխվել, միայն համալրվել է:
- Իսկ ո՞ւմ հետ ես մտերմացել:
- Նախագծի բոլոր մասնակիցների հետ շատ լավ, ջերմ հարաբերություններ ունեմ: Արդեն ծանոթանում եմ շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ: Այնքա՜ն ուրախ եմ, որ բոլորը շատ շփվող են և ինձ ջերմ են ընդունում:

- Ինչպիսի՞ն է Մերին իրական կյանքում, ընկերական շրջապատում:
- Ընկերներիս շատ նվիրված եմ, առօրյայում մի քիչ խառն, աշխույժ :) Քանի որ Գյումրիից եմ, հումորն ինձանից անպակաս է, սակայն ըստ շրջապատի եմ ինձ դրսևորում. կարող եմ լինել շատ աշխույժ, շատ լուրջ կամ կամակոր: Ընկերական շրջապատում էլ չասեմ :) Շատ ակտիվ եմ:
Ի դեպ, բեմում և առօրյայնում շատ տարբեր եմ' բեմական կեցվածքի, հագուստի, սանրվածքի առումով, այդ իսկ պատճառով դրսում ինձ շատ քիչ են ճանաչում: Մրցույթից հետո մտածում էի, որ դուրս գամ, բոլորն ասելու են' վայ, Մաշան, բայց դա իմ պատկերացրածից քիչ էր, ինչը պայմանավորված է արտաքին տարբերությամբ: Առօրյայում մի քիչ սպորտային եմ. հագնում եմ այն, ինչ սազում է և դուր գալիս:
- Բեմական քո կերպարով, ոճով ո՞վ էր զբաղվում:
- Հագուստներիս ոճաբանը Վարդուհի Նազարյանն է, ով ինձ ճանաչել է կույր լսումների ժամանակ «Հալելույան» երգելուց հետո: Կապ էր հաստատել համաքաղաքացիներիս հետ: Զանգահարեցին մեր տուն, ասացին, որ մոսկվաբնակ մի հայ ոճաբան, ով շատ տաղանդավոր է, ուզում է հետս ծանոթանալ, քանի որ շատ է հավանել երգս: Մենք խոսեցինք սկայպով, Վարդուհին ասաց, որ փշաքաղվել է' «Հալելույան» իմ կատարմամբ լսելով և, որ այդ պահին պատրաստ էր ամեն ինչ անել ինձ համար: Մրցույթի շրջանակներում իմ բոլոր հագուստների հեղինակը նա էր, ինչի համար շատ-շատ շնորհակալ եմ նրան:
- Անվճա՞ր էր զբաղվում քո ոճով:
- Այո´, բացարձակ անվճար, հագուստների մեծ մասն էլ ինձ նվիրեց: Իսկապես կան բարի, կամեցող մարդիկ, ովքեր ինձ շրջապատեցին այս նախագծի շրջանակներում:

- Շատ կատարողներ, ովքեր փայլում են նախագծերի ժամանակ, հետագայում ասպարեզում չեն լինում: Քեզ սպառնո՞ւմ է այս վտանգը: Ի՞նչ անելիքներ ունես:
- Ես ամեն կերպ կաշխատեմ, որպեսզի միշտ պատշաճ ներկայանամ և չկորչեմ: Կարծում եմ' եթե նորություններ հաճախ լինեն, սակայն անորակ, վատ կլինի, իսկ եթե որոշակի դադարներով և որակյալ լինեն, հանդիսատեսն ավելի կգնահատի: Իհարկե, դադարները պետք է չափավոր և արդարացված լինեն:
- Առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր ունես. քո երգը, տեսահոլովակն այս շրջանում սպասված են: Աշխատո՞ւմ ես այդ ուղղությամբ:
- Քանի որ հիմա համագործակցում եմ «Արմենիա TV»-ի հետ և նրանց հետ 1 տարվա պայմանագիր ունեմ, այժմ նրանց առաջարկներով եմ աշխատում: Տեսահոլովակ և երգ կլինի միայն նրանց հետ խորհրդակցելուց հետո: Որպես հաղթող' երգ ձայնագրելու և տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն եմ ստացել, սակայն այս պահին ժամկետներ նշել չեմ կարող, քանի որ դեռ չենք խորհրդակցել:
- Իսկ ինչպիսի՞ երգ կցանկանայիր կատարել:
- Ես շատ եմ սիրում ջազ, փոփ, սոուլ: Ինձ համար չկա այնպիսի ոճ, որում չկարողանամ երգել: Երբեմն քեֆերի ժամանակ հումորի համար ռաբիս էլ եմ երգում: Կարծում եմ' դրանում վատ բան չկա, թեև բեմից դա չեմ ներկայացնի, քանի որ բեմից կարելի է ավելի լուրջ երաժշտություն ներկայացնել: Որպես նոր երգ' մեր հայ կոմպոզիտորներից մեկի երգը կցանկանայի կատարել, իսկ տեսահոլովակը' ըստ ռեժիսորի մտահղացման:
- Ունե՞ս քո երգերը, թե՞ միշտ ներկայացրել ես այլ կատարողների ստեղծագործություններ:
- Այո´, իմ հեղինակած «Մանկության օրեր» երգով մասնակցել եմ «Մանկական Եվրատեսիլ 2008»-ի նախընտրական փուլին, սակայն այն զբաղեցրեց երրորդ տեղը, մրցույթում ներկայացրինք մեկ այլ երգ' «Երգի հնչյունը»' Մոնիկա Մանուչարովայի կատարմամբ, որի խոսքերի հեղինակն էի ես: Ունեցել եմ նաև երկու այլ երգեր, որոնք ինձ նվիրել է Արմինե Հեժովհաննիսյանը. դրանք կոչվում են' «Մանուշակը» և «Բեմ»: «Բեմն» ինձ շատ հոգեհարազատ է: Այն շատ վաղուց էի ձայնագրել' տասը տարեկանում, սակայն հիմա կարծես իրականանան այդ երգի խոսքերը: Շատ գեղեցիկ երգ է, գուցե առաջիկայում նոր շնչով ներկայացնեմ:
- Ներկայացրել ես նաև քո հեղինակայի երգերը: Առաջիկայում կներկայացնե՞ս նորերը, թե՞ այս շրջանում գերդասում ես այլ կոմպոզիտորների հետ համագործակցել:
- Խնդիր չեմ տեսնում այլ կոմպոզիտորների հետ համագործակցելու հարցում: Ես ամբիցիոզ չեմ: Եթե ինձ հաջողվի գրել մի գեղեցիկ ստեղծագործություն, իհարկե, կներկայացնեմ:
- Այս շրջանում հոնորարներ ստացե՞լ ես:
- Հաղթանակիցս հետո պարգևատրումներ ստացա Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, Գյումրու պատգամավոր Մարտուն Գրիգորյանի, … Սեյրան Չուխաջյանի կողմից: Բոլորին անչափ շնորհակալ եմ, որ գնահատում են աշխատանքս և միշտ կողքիս են եղել. հատկապես' Սեյրան Չուխաջյանը միշտ իմ և ընտանիքիս կողքին է եղել: Նրանց հետ գալիս էր համերգներին, երբ տեսնում էի նրանց' ոգևորված բեմ էի բարձրանում: Մրցույթից հետո դեռ չեմ մասնակցել այնպիսի համերգների, որ հոնորարներ ստանամ:

- Կխոսե՞ս երազանքներիդ մասին: Ինչի՞ մասին են դրանք:
- Շատ-շատ եմ երազում: Երազանքը միակ բանն է, որ կարող ես ունենալ' առանց ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու և թույտվություն հարցնելու: Երազանքներիցս մեկը «Հայաստանի ձայնն» էր, որն իրականացավ և ուժ տվեց, որ ավելի մեծ երազանքներ ունենամ և իրագործեմ դրանք: Այժմ իմ գլոբալ երազանքը սիրված և գնահատված լինելն է:
- Միայնա՞կ ես, թե՞ սիրտդ ինչ-որ մեկն արդեն գրավել է:
- Չէ´, սիրտս շատ դժվար է գրավել :) Ունեմ շատ-շատ լավ ընկերներ և այս զբաղվածության մեջ դեռ դրա կարիքը չեմ զգում, չնայած սիրտ գրավելը ո´չ կարքիով, ո´չ զբաղվածությամբ պայմանավորված չէ, դա պատահական է լինում: Դեռ այդ պատահականը չի եղել:
- Իսկ ինչպիսի՞ն ես նրան պատկերացնում:
- Ես իմ մեջ իմ իդեալն ունեմ, որին դեռ չեմ հանդիպել. հասակով, թիկնեղ, սև աչքերով… մի խոսքով' ես Մաշան եմ, ինքն էլ «մեդվեդը» պետք է լինի :):
- Քեզ հաճա՞խ են նմանեցնում այդ մուլտֆիլմի Մաշային: Ինքդ տեսնո՞ւմ ես նմանություն:
- Հա´, շատ. և´ բնավորությամբ, և´ միմիկայով շատ նման եմ: Մաշան կարծես ուրախ կետ լինի իմ կյանքում :):
- Ի՞նչ կցանկանայիր ավելացնել:
- Ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքիս, որ այսքան ժամանակ կողքիս էր: Ես այս մրցույթում հասկացա, թե ինչքան համախմբված ենք և դեռ ինչքան էսպիսի հաղթանակներ կարող ենք ունենալ միասին: Շնորհակալ եմ Արմենիա TV–ին' ինձ այս տոնը պարգևելու, Հրաչ Քեշիշյանին' գեղեցիկ շոու ստեղծելու համար: Շնորհակալ եմ Ձեզ' համբերատար լինելու, բարի և պոզիտիվ հարցազրույցի համար և ուզում եմ ասել' մեռնեմ Սոնայի կյանքին :):

Հաճելի էր զրուցել Մաշայի հետ. Ամալյա Հովհաննիսյան