Բանտարկյալները հաճախ են կաշառում հսկիչներին, որպեսզի բջջային հեռախոսներ կարողանան մտցնել բանտի տարածք, գրում է tert.am-ը` հղում տալով Daily Mail-ին, որն էլ նշում է, որ վերջերս Ռուսաստանում մի դեպք է գրանցվել, երբ բանտարկյալների հանցակցի դերում ոչ թե հսկիչները, այլ սովորական մի կատու է հայտնվել։
Գաղութը հսկող իրավապահները պարսպի հյուսիսային հատվածում նկատել են մի կատվի, որի մարմնին ինչ-որ բան է ամրացված եղել։ Մոտիկանալուց հետո նրանք հայտնաբերել են 2 բջջային հեռախոս ու լիցքավորման լարեր, որոնք ամրացված են եղել կատվի փորին։ Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայից 750 կմ հեռավորության վրա գտնվող գաղութներից մեկում։
«Ինչ խոսք, կատվին հարցաքննել մենք չենք կարող, բայց անպայման կգտնենք նրան, ով ուղարկել էր այս արգելված փաթեթը»,-նշել է գաղութի աշխատակիցներից մեկը։
Եվս մի նմանատիպ դեպք էլ գրանցվել էր այս տարվա հունվարին, Բրազիլիայում, երբ կատուն փորձել էր բջջային հեռախոս ու սղոց անցկացնել բանտերից մեկի տարածք։