Նա երկու նոտա անգամ երգել չէր կարողնանում, երբ ծնողները, այնուամենայնիվ, ուղարկեցին սովորելու երաժշտական դպրոցում: Պարզվեց, որ աղջնակն ունի զարգացած ներքին լսողություն: Հենց բնատուր տվյալներն էին, որ նա զարգացրեց անսահման նվիրման ու աշխատասիրության շնորհիվ և այսօր հպարտությամբ կրում է այնքան տիտղոսներ, որոնք նույնիսկ թվարկել ամբողջությամբ հնարավոր չէ:
Խորհրդային ու ռուսական էստրադային երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, արմատներով հայուհի Իրինա Ալեգրովան իր մեծագույն երջանկությունն է համարում հենց այն, որ բախտի բերմամբ իր հոբբին նաև իր մասնագիտությունն է:
Իրինա Ալեգրովան ծնվել է Ռոստովում հայ թատերական ռեժիսոր, դերասան, Ալեքսանդր Գրիգորի Ալեգրովի և օպերայի նախկին երգչուհի, դերասանուհի Սերաֆիմա Միխայիլովնա Սոսնովսկայայի ընտանիքում: Հայրը սկզբում կրել է Սարգսյան ազգանունը, որը սակայն մինչև աղջկա ծնունդը փոխարինել է Ալեգրովով, որ իտալերենից թարգմանվում է իբրև «ուրախ»: Իրինան ծննդյան պահից ստացել է Ալեգրովա ազգանունը, և թյուր է այն վարկածը, թե նրա իսկական անուն-ազգանունն է Ինեսա Կլիմչուկ:
Ինչպես նրբորեն նկատել է երաժշտական մի քննադատ, Իրինայի ծնունդով Հայաստանն ունեցավ ծագումով հայ երկու խոշոր երգչուհիներ աշխարհի տարբեր վայրերում' Շերը և Ալեգրովան:
Կյանքի առաջին տարիներն Իրինան անցկացրել է Ռոստովում, սակայն հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Բաքու, քանի որ ծնողները սկսել են աշխատել Բաքվի երաժշտական կոմեդիայի թատրոնում: Հենց Բաքվում անցկացրած տարիներն էլ կանխորոշել են Ալեգրովայի ապագան: Ծնողների մասնագիտության բերումով նրանց տանը հաճախ հյուրընկալվել են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Գալինա Վիշնեւսկայան, Արամ Խաչատրյանը, Մուսլամ Մագոմաևը, Տատյանա Շմիգան: Հետագայում Իրինան խոստովանել է. «Մի անգամ, երբ ողջ այդ աստղաբույլը կրկին հավաքվել էր մեր տանը, ես հանկարծ խիզախեցի ու լուրջ ռիսկի դիմեցի' նստելով դաշնամուրի դիմաց ու կատարելով մի սերենադ: Անկեղծ ասած' այդ համարձակ քայլն անել ինձ դրդեց Մուսլամ Մագոմաևի էլեգանտությունն ու գեղեցկությունը: Իմ կատարումից հետո հենց նա առաջինն սկսեց խոսել իմ վոկալ տվյալների մասին: Բոլորի կողմից հարգված այդ մարդու կարծիքը զարմացրեց ծնողներիս, և պետք է խոստովանեմ, որ այդ կարծիքն էլ որոշեց ճակատագիրս»:
Հետագայում' Մագոմայևի մահից հետո, պատասխանելով մի հարցի, թե արդյոք իրենց մեջ եղել են սիրային հարաբերություններ, Իրինան ասել է. «Փակեցինք թեման, և գիտե՞ք ինչու: Ես միշտ նշել եմ, որ նա մեծ դեր է խաղացել իմ կարիերայում, բայց երբեք չեմ խոսել անձնական հարաբերությունների մասին, իսկ նրա մահից հետո, առավել ևս, չեմ խոսի»:
Ալեգրովան ամուսնացել է բավական վաղ' 18 տարեկան հասակում, բայց հետո խոստովանել է, որ այդ ամուսնությունը սխալմունք էր, քանի որ ինքը ամուսնացել էր' վրեժ լուծելու համար մանկության տարիների իր սիրուց: Ինչևէ, ամուսնությունը Ալեգրովային դուստր պարգևեց: Աղջկա անունը Լալա դրեցին, իսկ հայրը շուտով իր համար այլ կին գտավ ու խզեց կապը նախկին ընտանիքի հետ: Աղջկա ծնունդից երկու տարի անց Ալեգրովան թողեց նրան իր մոր խնամքին ու մեկնեց Մոսկվան գրավելու:
1970-ականներին Իրինա Ալեգրովայի անունն արդեն կարելի էր լսել Ռուսաստանի որոշ վայրերում, բայց հանկարծ, երբ հաջողության տանող ճանապարհն ընտրված էր, նա հետ կանգնեց. «1982-ին ռեալ ստեղծագործական ճգնաժամ ապրեցի: Թողեցի էստրադան և պատրաստվում էի հրաժարվել երգչուհու կարիերայից ընդհանրապես: 9 ամիս շարունակ ես տորթեր էի թխում ու տնային տնտեսուհու կյանքով ապրում: Եվ ասեմ Ձեզ' վատ չէր ստացվում», - պատմում է երգչուհին:
9 ամիս անց ստեղծագործական ճգնաժամը հաղթահարվեց ու Իրինան գործի անցավ իրեն բնորոշ աշխատասիրությամբ: 1983-84 թվականներին նա աշխատեց ռեստորաններում ու հյուրանոցներում, որտեղ էլ շուտով ծանոթացավ երիտասարդ պրոդյուսեր Վլադիմիր Դուբովիցկիի հետ, ով էլ նրան տարավ լսումների Օսկար Ֆելցմանի մոտ:
Ֆելցմանը Ալեգրովայի համար գրեց «Երեխայի ձայնը» երգը, որով երգչուհին առաջին անգամ հայտնվեց «Տարվա երգ» մրցանակաբաշխության բեմին: Սակայն Իրինայի սոլո-կարիերան ընդհատվեց դեռ չսկսված: Նա մտավ Վլադիմիր Դուբովիցկիի «Էլեկտրոկլուբ» խմբի մեջ ու ձայնագրեց բազմաթիվ երգեր խմբի կազմում: Կա վարկած, թե այդ տարիներին Իրինայի ու Վլադիմիրի միջեւ եղել են սիրային հարաբերություններ: Ինչևէ, 1990-ին նրանց ուղիները բաժանվեցին: Իրինան լքեց խումբը և անցավ սոլո-կարիերայի, իսկ Վլադիմիրը շատ շուտով ամուսնացավ Տատյանա Օվսիենկոյի հետ: «Էլեկտրոկլուբում ես անում էի այն, ինչ իրենց էր պետք և ոչ թե ինձ: Երբ սկսեցի համագործակցել Իգոր Նիկոլաևի հետ, նրա երգերը սկսեցին տհաճություն պատճառել խմբի անդամներին: Նրանք ասում էին' ադ երգերը «Էլեկտրոկլուբ»-ին համապատասխան չեն, բայց ես էլ գիտակցում էի, որ փոխարենը դրանք ինձ էին համապատասխան: Մի խոսքով, ես լքեցի խումբը: Լքեցի' ձեռքերումս որպես լուսատու պահելով Իգոր Նիկոլաևի «Թափառականը» », - պատմում է երգչուհին:
Ի դեպ, ինչպես Ալեգրովան բազմիցս ասել է, իր կյանքի որևէ էտապ անիմաստ չի անցել: «Էլեկտրոկլուբը», ըստ էության, տվեց նրան մի բան, առանց որի նա գուցե չէր դառնա այն, ինչ կա. «Ես շնորհակալ եմ կյանքիս բոլոր էտապներից: Բոլորն էլ ինչ-որ բան տվել են ինձ: Օրինակ' «Էլեկտրոկլուբում» աշխատանանքի ժամանակ ես խզեցի ձայնալարերս, որի արդյունքում էլ ձայնս ձեռք բերեց իմ երազած խռպոտությունը»:
Նրա խռպոտ ձայնը գրավեց հանդիսատեսի սիրտը: Սկզբում նրա ողջ երգացանկը կազմված էր միայն «Թափառական»-ից, բայց շատ շուտով հիթային երգերը սկսեցին հաջորդել մեկը մյուսին' «Լուսանկար», «Չկար տխրություն», «Մի հեռացիր, սեր» և այլն:
Հաջողությունը շռնդալից էր: Դա Ալեգրովան բացատրում է նրանով, որ երգն իր համար ապրելակերպ է. «Ես կին չեմ, որը երգում է, ես կին եմ, որն ապրում է երգելով»:
Նրա երգացանկում միանգամից զգացվեց մի բնորոշ գիծ' կնոջ ճակատագրի դժվարության նկարագրություն, բայց արի ու տես, որ Ալեգրովայի անձնականը շատ չտարբերվեց իր երգերի հերոսուհիների ճակատագրերից: 1993-ին նա ամուսնացավ պարող Իգոր Կապուստայի հետ, ու էլի անհաջող:
Մինչդեռ ամեն ինչ այնքան լավ էր սկսվել… Կապուստան ինքն է պատմում սկզբի մասին. «Երբ հադիպեցի Իրինային, ապրում էի Տանյա անունով մի կնոջ հետ: Նկատում էի, որ այդ շքեղ կինը' Ալեգրովան, անտարբեր չէ իմ նկատմամբ, Տանյան էլ շարունակ խանդում էր: Վերջինիս լուռ խանդը շուտով փոխակերպվեց սկանդալներ սարքելու մշտական սովորության: Մի անգամ հերթական սկանդալից գլուխս կորցրած դուրս թռա տնից, տան դիմաց տեսա Իրինայի մեքենան, նստեցի, ու մենք միասին հեռացանք: Հենց այդ դեպքի հաջորդ օրը նա ձայնագրեց «Առևանգիչ» երգը, որը բեմ բարձրացրեց արդեն մեկ շաբաթ անց»:
Իգորը սիրում էր Ալեգրովային, բնորոշում նրան իբրև մի կնոջ, ով հայացքով կարող է սյուներ շարժել, բայց հենց այդ կնոջից նա հեռացավ ու թողեց անգամ պարը, անգամ հայրենի քաղաքը, թողեց տունը, որ կառուցել էր սեփական ձեռքերով, նա հեռացավ' վերցնելով միայն այն, ինչով մտել էր Ալեգրովայի կյանք' ատամի խոզանակը: Հետո, երբ ռուս լրագրողները գտան նրան և այնուամենայնիվ հարցրեցին Ալեգրովայից բաժանվելու մասին, նա պատասխանեց. «Իրինան հիանալի մարդ է, բայց ունի մա անտանելի բնավորություն' նա իր կյանք է թողնում բացարձակապես բոլորին: Վարսահարդարներ, վարորդներ, ընկերներ… բոլորը մտնում էին մեր կյանք ու տնօրենի իրավունքով խորհուրդներ տալիս: Իրինան ընդունում և հետևում էր բոլորի խորհուրդներին, մինչդեռ նրանց մի մասը մտերմանում էր մեր ընտանիքի հետ պարզապես գումարի համար: Միակ մարդը, ով ուզում էր և արժանի էր ընտանիքի ընկեր դառնալու, Իգոր Կրուտոյն էր, ում Իրինան վանում էր անասելի ուժով: Ես անընդհատ փորձում էի հաշտեցնել նրանց… եկավ մի պահ, երբ պարզապես հոգնեցի»:
Կթվա, թե սա էր բաժանման ողջ պատճառը, բայց արի ու տես, որ մի քիչ տաքանալով Իգորը, այնուամենայնիվ, խոստովանել է իրական պատճառը. «Գիտե՞ք' նրա դուստրը' Լալան, պարզապես նախանձում էր, նյարդայնանում այն մտքից, որ ինքն ապրում է տատիկի երկուսենյականոցում, իսկ մենք' առանձնատանը: Փոխարենը հիմա Իրինայի ողջ սերն ու կարողությունը նրանն է: Ասում են՝ ջուրը քար է ծակում: Մեր հարաբերություններում այդ ջուրը նրա դուստրը եղավ»:
Հիմա էլ Իրինան ապրում է ստեղծագործական բուռն կյանքով, շարունակ մեկնում է համերգային շրջագայությունների, նա Ռուսաստանի' համերգներով ամենաշատ շրջագայած աստղն է, ու երբ հետադարձ հայացք է գցում ապրածին, պատկերավոր համեմատում է իրեն մեծ ու սարսափելի անտառում հայտնված փոքրիկ աղջկա հետ. «Եթե կարճ նկարագրեմ կյանքս, ապա կստացվի այսպես… Ապրում էր մի փոքրիկ աղջիկ, ով մեծացել էր բարի ու տաղանդավոր մարդկանց կողքին: Հետո նա հանկարծ ընկավ մեծ ու սարսափելի մի անտառ: Իմացավ' ինչ է անազնվությունը, դավաճանությունը, կեղտը: Նրա առաջ մի մեծ, ծանր դուռ էր կանգնած, որից նա ուզում էր ներս մտնել ուղղակի ասելու համար' «Խնդրում եմ պարզապես լսեք ինձ: Գուցե ես ինչ- որ բան կարողանում եմ»: Բայց ինքը չէր կարողանում բացել դուռը, և որևէ մեկն էլ չէր ուզում օգնել նրան: Աստիճանաբար ուսով հրելով' նա կարողանում է ինքնուրույն բացել ծանր դուռն ու ներս անցնել»:
Սերը հավերժ, չհանգչող վախն է սիրելիի մահվան առաջ:
Շրջագայող կին' սա է իմ տեսակը, ու այն լավագույնը չէ սիրող տղամարդու համար:
Խնդիրներ միշտ էլ առաջանում են, բայց երբ ես բեմի վրա եմ լինում, դրանք հեռանում են հեռու, հեռու…
Երգը չեմ կարող աշխատանք համարել, քանի որ այն իմ երջանկությունն է:
Աշխատում եմ որևէ մեկի հետ չմտերմանալ հետագայում չհիասթափվելու համար:
Չեմ սիրում իմ մեղմությունն ու անհամարձակությունը: Ես հետզհետե ավելի ու ավելի եմ համոզվում, որ որոշ հարցերում պետք է մի քանի անգամ ավելի կոշտ լինել:
Երբ հարցնում են' որ ազգին եմ պատկանում, չեմ պատասխանում: Հիմա բոլոր երկրներն այնքան պատերազմական են տրամադրված իրար նկատմամբ, որ գլուխ չեմ հանում' ով է ճիշտ, ով' սխալ: Միայն թե չեմ ուզում որևէ մեկին նեղացնել:
Իմ կյանքում հիմա մի էտապ է, երբ ես պետք է փակեմ բերանս: Ես այդպես եմ կոչում դիետաները:
Լրագրող. «Դուք հիշու՞մ եք Ձեր հարսանիքը»: Իրինա. «Ո՞րը' առաջի՞նը, երկրո՞րդը, թե՞ երրորդը»:
Կյանքը այնքան պարզ չէ, ինչքան կարծում եք. այն ավելի պարզ է:
Լարա Առաքելյան