Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Մեր կողքին ապրող և իրենց ժպիտով կյանք պարգևող այս էակները պաշտպանության և ջերմության կարիք են զգում: Այսօր մեր կողքին ապրում է նաև հաշմանդամություն ունեցող 8000 երեխա, բայց, ցավոք, նրանք մեր երկրում խնդիրներ ունեն, խնդիրներ, որոնք կարծես թե անուշադրության են մատնված:
«Հիմնականում համատարած անմատչելիությունը երեխաներին չի թողնում, որ լիարժեք օգտվեն իրենց իրավունքներից: Նախադպրոցական, դպրոցական տարիքից զրկված են հասարակության լիարժեք անդամ դառնալու հնարավորությունից: Շատ երեխաներ իրենց համայնքում ուսում ստանալու հնարավորություն չունեն, չկան ներառական դպրոցներ: Երեխան իր համայնքում ներառված չէ և հետագայում չի կարող լիարժեք կերպով հասարակություն ներառվել: Եվ խնդիրների լուծումը պետք է սկսել հենց համայնքից, պետք է երեխայի աջակցության, երեխայի զարգացման կենտրոններ լինեն, որոնք մշտապես երեխայի և նրա ընտանիքի կողքին լինեն: Դրանք Հայստանում շատ քիչ են, ոչ բոլոր մարզերում կան. այդ դեպքում ընտանիքները շատ ավելի խոցելի են»: Այս մասին Lurer.com թղթակցի հետ զրույցում ասաց «Հույսի կամուրջ» ՀԿ-ի' հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը:
Վերջինիս խոսքով՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին շատ քիչ ենք տեսնում փողոցում, դա ապացուցն է այն բանի, որ նրանք ներառված չեն հասարակության մեջ, մեկուսացված են, ժամանակն անցկացնում են տանը կամ հատուկ հաստատություններում, լավագույն դեպքում' բակ դուրս գալիս:
«Քաղաքային իշխանություններին կոչ ամեն օր ենք անում: Ամենաառաջինը' համատարած մատչելիություն է պետք, և խոսքը միայն թեքահարթակների մասին չէ: Երբ մենք վերանորոգում ենք մանկապարտեզներ, դպրոցներ, պետք է հիշենք, որ դրանք նաև հաշմանդամություն ունեցող երեխանների համար են, խաղահրապարակներ կառուցելիս պետք է հիշենք, որ դրանցից պետք է օգտվեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաները: Երբ մենք տրանսպորտային միջոցներ ենք ներկրում, պետք է հիշենք, որ դրանցից օգտվելու են նաև այդ երեխաները, որպեսզի երեխան իր համայնքում իր քաղաքում կարողանա տեղաշարժվել»,-ասաց Բաթոյանը: