Դերասան Գնել Սարգսյանը դատի է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը: esyes.am-ը զրուցեց դերասանի հետ պարզելու' կոնֆլիկտի պատճառներն ու թե ինչու այս շրջանում Գնելն այլ նախագծերում հանդես չի գալիս:
Ըստ Գնելի' տարաձայնությունները սկսվել են դեկտեմբերին, երբ նկարահանման ժամանակ ավտովթար է եղել: «Մենք պայմանագիր ունեինք, սակայն նրանք պայմանագրի համաձայն ոչինչ չարեցին, անգամ, բժշկական օգնության մասին խոսք չեղավ: Փառք Աստծո, ինձ հետ ոչ մի լուրջ բան չէր եղել: Դրանից հետո, չգիտես ինչու, որոշեցին, որ վթարված մեքենայի ծախսի մի մասը ես պետք է հոգամ: Ես բնականաբար, մերժեցի, քանի որ նկարահանումից առաջ ես ասել էի, որ ճանապարհը սառած է և կարիք չկա, որ այդ սառած ճանապարհին նկարահանում անենք: Ես ասել էի, որ չեմ նկարվի, քանի որ, ըստ սցենարի, երեխայիս էին գողացել և ես պետք է հոգեբանական լուրջ կտոր խաղայի' կետրոնանալով խաղիս վրա: Ինձ ասացին' ոչ, պետք է անպայման նկարահանվի այս տեսարանը: Ե՛վ ես, և՛ մեքենայի վարորդն ասացինք, որ եթե ինչ-որ բան լինի, տեր չենք: Սակայն պատահարից հետո «Շանթ» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հունան Սողոյանը շեշտեց, որ ես պիտի հոգամ մեքենայի ծախսի գոնե մի մասը: Ես ասացի' խնդիր չկա, եթե այդտեղ իմ մեղավորությունը կա, ամբողջը կտամ, սակայն որպեսզի պարզենք, թե իմ մեղավորությունն ինչքան է, կարող ենք դիմել դատարան»,- պատմեց դերասանն ու հավելեց, որ մեքենան ապահովագրված չէր եղել և տեղում ոչինչ չէր արվել:
Գնելի փոխանցամամբ' դեկտեմբերի իր աշխատավարձի մի մասը չի փոխանցվել պատճառաբանությամբ, որ ինքը չի ներկայացել նկարահանումներին. «Քանի որ իրենք են տնօրենները, իրենց ձեռքում թղթաբանական առումով առավելություններ կան, որոնք նրանք որոշեցին օգտագործել: Իսկ ես իմ սահմանադրական իրավունքն եմ պաշտպանում: Սա աբորիգենի երկիր չի. տնօրենի դիրքը իշխանություն չի ենթադրում, դա ևս աշխատանք է, ինչպես հավաքարարինը, բանվորինը, դերասանինին, մոնտաժողինը, սցենարիստինը: Յուրաքանչյուրն իր գործն է անում: Տնօրենն էլ իր պարտականություններն ունի, դա չի նշանակում, որ կարող է իրեն ավելորդ արտահայտություններ թույլ տալ, ցանկացած պահի աշխատակցին հեռացնել աշխատանքից: Ես դրանից չեմ վախենում, եթե շատ ջղայնանամ, կարող եմ այլ աշխատանքով զբաղվել: Ինձ հետ շատերն են համակարծիք, ուղղակի, հաշվի առնելով, որ աշխատում են այդ հեռուստաընկերությունում և որոշակի կախում ունեն ղեկավարությունից, չեն բարձրաձայնում: Դա շատ վատ է: Մեր երկրում, մարդը, ով աշխատում է, պետք է ամբողջովին տրվի տնօրենների տրամադրոթյանը»:
Ինչ վերաբերում է նկարահանումների գնալ-չգնալուն, դերասանը նշեց, որ ինքը պատրաստ էր գնալ նկարահանումների, սակայն այն բանից հետո, երբ կլուծվեր վեճը կամ մեքենայի տեսարան չէր լինի: «Ես ասացի, որ աշխատանքը չի կարող դրանից տուժել, ինչպես յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում: Եթե ես կարծում եմ, որ ես եմ ճիշտ, իրենք էլ մտածում են' իրենք, թող դատարանը որոշի ճիշտ ու սխալը: Դրանից չեն կարող տուժել աշխատանքային հարաբերությունները: Պայմանագրի համաձայն' նրանք պետք է սցենար տային ինձ, ինչը չեն արել: Ինձ ինչ-որ նամակներ էին գալիս, որ չեմ ներկայացել նկարահանմանը, սակայն իմ ընկերներն էլ, ովքեր ինձ հետ խաղում էին, ասում էին, որ սցենարում ինձ հետ հետ կապված տեսարաններ չկան: Ես հասկացա, որ իմ թիկունքում ինչ-որ բան է արվում: Ես պատրաստ եմ եղել նկարահանման, ինձ չեն կանչել, փոխարենը, նամակներ էին ուղարկում, որ չեմ ներկայացել նկարահանումներին, իսկ հունվարին պայմանագիրը միակողմանի խզել են: Դա ևս լուրջ քայլ է, քանի որ մեր պայմանագիրն ուժի մեջ էր մինչ մայիսի 5-ը, թեև ես այժմ դրան չեմ անդրադառնում»:
Գնելը չցանկացավ նշել' խոսքն ինչ չափի հոնորարի մասին է' չկարևորելով դրա չափը: «Էականն այն է, որ որոշակի գումար, որն ինձ էր պատկանում, խլել են ինձնից: Ես քիչ չէի վաստակում, իմ հարկերն էլ պարտաճանաչ վճարում էի, քանի որ օրենքի մարդ եմ: Ամսական մտավորապես 75.000 դրամի չափով հարկ եմ վճարել,- նշեց նա և հավելեց, որ շատ լավ փաստաբան ունի, ում շատ շնորհակալ է իրեն աջակցելու համար: -Ինձ մոտ շատ սուղ վիճակ էր ստեղծվել: Կարծում եմ' դա տրամաբանական է, քանի որ ես նաև աշխատանք կորցրեցի, սակայն փաստաբանս շատ բարեխիղճ և պրոֆեսիոնալ է: Կարծում եմ' առայժմ նժարի ծանրությունը մեր կողմն է: Ես երբևէ չէի եղել դատարանում ու մի քիչ թյուր կարծիք ունեի այդ համակարգի մասին, սակայն պետք է ասեմ, որ սխալվել եմ»:
Դատական նախորդ նիստը եղել է երկու ամիս առաջ, հաջորդը նախատեսվում է հունիսի 12-ին: Ինչ վերաբերում է Շանթի հետ կրկին համագործակցելուն, Գնելը հետևյալն ասաց. «Ես տնօրենների հանդեպ ոչինչ չունեմ, սակայն կոնկրետ Հունան Սողոյանը, որպես պրոդյուսեր, շատ վատ դրսևորեց իրեն: Ես «Շանթում» էլի կաշխատեմ այն դեպքում, երբ Հունան Սողոյանն ու նրա նման մարդիկ այլևս այնտեղ չեն լինի: Ես չեմ ուզում իմ աշատավայրում ունենալ նրա նման խոսքի կուլտուրա չունեցող տնօրեն: Միշտ սիրել եմ պաշտպանել իմ իրավունքներն ու պաշտպանել եմ: Հուսով եմ' սա նախադեպ կլինի, որ աշխատողների հետ այլևս այդպես չվարվեն»:
Խոսելով առաջիկա ծրագրերից' Գնելն ասաց, որ միջադեպից հետո այլ հեռուստանախագծերում հանդես գալու առաջարկներ չի ստացել: «Չգիտեմ ինչն է պատճառը, գուցե, դեռ հարմար կերպար կամ նախագիծ չի եղել, կամ, ամենավատը, «Շանթի» հետ միջադեպից հետո գուցե խորշոմ են, սակայն ես դրանից չեմ վախենում: Եթե կարիք լինի թողնել կարիերան և զբաղվել այլ աշխատանքով, ես դա կանեմ,- ասաց Գնելն ու հավելեց, որ եթե ամեն ինչ այսպես շարունակվի, հնարավոր է, երկար ժամանակով գնա երկրից: -Ամեն դեպքում ունեմ փոքրիկ ընտանիք, որին պետք է ապահովել»:
Այժմ Գնելը Սոս Սարգսյանի և նրա դստեր' Անուշ Սարգսյանի հետ ստեղծել է փոքրիկ թատերախումբ, որն իր առաջին քայլերն է անում, և նրանք ներկայացում են բեմադրում: Բացի այդ, նա նախնական պայմանավորվածություն ունի աշնանը նկարահանվելիք գեղարվեստական մի ֆիմում գլխավոր դերակատարման համար:
Նշենք, որ արդեն վեց տարի է, ինչ Գնելն ամուսնացած է մասնագիտությամբ լեզվաբան Անահիտի հետ: Նրանց որդին' Ալեքը, մոտ մեկուկես տարեկան է: «Բավականին երջանիկ և հանգիստ էինք մինչ այս անախորժությունները: Պետք է նշեմ, որ կինս ինձ շատ աջակցեց այս շրջանում: Նա ինձ հուսադրում է և ասում, որ ամեն ինչ ճիշտ է, ոչինչ, որ այսպես ստացվեց: Ընդհանուր առմամբ, մենք կարող ենք մեր գլուխը հանգիստ բարձին դնել»,- բարի այս նոտայով եզրափակեց դերասանը:
Առաջիկայում կներկայացնենք նաև «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբանությունը:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը