Երեկ Հայաստանի առաջին Հանրապետության տոնի առթիվ ՀՀ նախագահի հրամանագրով պետական պարգևների արժանացան Վարդունի Վարդերեսյանը, Քաջազուն Գյուրջյանը, Անահիտ Մխիթարյանը, Տիգրան Ներսիսյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Գրիգոր Բաղդասարյանը, Նարինե Գրիգորյանը, Աննա Շամցյանը, Վարդուհի Ռուշանյանը, Ժակելինա Սարխոշյանը, Ալբերդ Սաֆարյանը, Տիգրան Գասպարյանը:
esyes.am-ը զրուցեց երիտասարդ, տաղանդավոր դերասանուհի, բեմադրիչ Նարինե Գրիգորյանի հետ, ով մեզ հայտնեց, որ իրեն երեք օր առաջ զանգարահարել և տեղեկացրել են այդ մասին: «Երեկ ես արդեն գիտեի, թե ուր և ինչու եմ գնում, սակայն մինչ այդ անգամ չգիտեի, որ ներկայացած եմ եղել այդ կոչմանն արժանանալու համար: Ըստ կարգի' նախարարությունը նախապես ներկայացնում է թեկնածուների ցանկը, ոմանց թեկնածությունը հաստատվում է, ոմանցը' ոչ, այդ իսկ պատճառով նախապես չեն հայտարարում, թե ովքեր են ներկայացված,- ասաց Նարինեն և հավելեց, որ իր համար, իհարկե, շատ հաճելի և մեծ անակնկալ էր: -Ես անընդհատ հումոր էի անում, ասում էի' րոպե առ րոպե վաստակս ավելանում է:) Ես, իհարկե, հասկանում եմ, որ տաղանդս դրանից չի ավելանում, սակայն շատ հաճելի է, երբ գնահատանում են արածդ գործը: Շոու բիզնեսը չի ստեղծում հայրենիքի ավանդը, դա ստեղծվում է այն մարդկանցով, ովքեր երեկ ստանում էին մրցանակները, քանի որ նրանք են դիզում հայրենիքի հարստությունը: Պատասխանատվությունս հայրենիքիս հանդեպ ավելի մեծացավ:)»:
Թատրոնի ավագ սերնդի ներկայացուցիչները հաճախ շատ պահանջկոտ են երիտասարդների հանդեպ և ասում են, որ երիտասարդ սերնդի դերասանների հանդեպ առատաձեռնություն է Վաստակավորի կոչում տալը: Նարինեն, սակայն, նշեց, որ իր գործընկերներից միայն դրական արձագանքներ է ստացել. «Իրականում հենց ավագ սերունդն է այնպես արել, որ ես Վաստակավորի կոչում ստանամ. Ռուբեն Բաբայանը, Սոս Սարգսյանը և այլք: Այսօր և´ ավագ, և´ երիտասարդ սերնդից շատերն էին ուրախությամբ ինձ շնորհավորում: Երիտասարդներն ասում էին, որ ճիշտ ժամանակին է պետք ստանալ այս կոչումը: Երիտասարդ տարիքում պետք է ստանալ կոչումը, քանի որ 60-ում բոլորն ինքնիստինքյան վասակավոր են' իրենց տարիների աշխատանքով: Ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է ժամանակին արվի դերասանը պետք է շուտ ստանա իր վաստակը»:
Այս շրջանում Նարինեի մոտ ստեղագործական բուռն շրջան է. առաջիկայում նա կմեկնի Բուլղարիա, Անգլիա, կմասնակցի ռուսական մի փառատոնի և Նիկոլայ Ծատուրյանի «Դուետ» փառատոնին. «Այս տարին մի քիչ արտերկրային էր, քանի որ շատ էին հրավերները: Վերջերս դրսում ներկայացումից հետո, լեհ մի թատերագետ ասաց' ես ոտնկայս ներողություն եմ խնդրում ձեզնից, որ հայկական թատրոնի մասին միշտ վատ կարծիք եմ ունեցել: Ես հիացած եմ:
Այն, որ մենք կարողանում ենք փոխել հայացքը հայկական թատրոնի հանդեպ և դրսում ցանկանում են, որ հայ թատրոնը ներկայանա իրենց փառատոններում, ինձ համար շատ կարևոր է: Կարծում եմ' երեկվա Վաստակավորի կոչումը դրա արդյունքն էր»:
Դերասանուհին, ով հանդես է գալիս տարբեր թատրոններում այժմ աշխատում է նոր ներկայացումների վրա. ««Ագորա» թատերախմբով էլ նոր ներկայացումներ ենք պատրաստում, որոնցից մեկը հանդիսատեսի դատին կհանձնենք հուլիսին, մյուսը' սեպտեմբերին»:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը