Հարավային Կորեայի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Կիմ Չան Սուն 3 ամիս ապրել է աշխատավայրում՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային հարվածի սպառնալիքի պատճառով, հայտնում է tert.am-ը՝ հղում տալով Лента-ին, որն էլ վկայակոչում է «Ռենհապ» գործակալությանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ օրերս Կիմ Չան Սուն վերջապես գնացել է տուն՝ գիշերելու։ Գործակալությունը դա գնահատել է որպես թերակղզում իրավիճակի աստիճանաբար բարելավման ապացույց։
Նախորդ երեք ամիսներին Կիմ Չան Սուն գրեթե չի լքել աշխատավայրը, նա սնվել է այնտեղ և գիշերել հարևանությամբ գտնվող շենքում։ Դա կապված է եղել այն մտավախությամբ, որ երկու հարևան երկրների միջև լարվածության աճը կարող է հանգեցնել հյուսիսային հարևանի կողմից զինված ագրեսիայի։
Երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են 2012-ի դեկտեմբերին։ Պատճառը եղել է Փհենյանի կողմից արբանյակի արձակումը, որը Սեուլը համարում է բալիստիկ հրթիռի փորձարկում։ 2013-ի փետրվարին Հս. Կորեան միջուկային փորձարկումներ է իրականացրել, ինչից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստացրել է երկրի հանդեպ պատժամիջոցները։