Գետնի տակ' մոտ 2.5 կմ խորության տակ, գիտնականներն հայտնաբերել են «գրպաններ»' լցված ջրով, որոնք միլիարդ տարուց ավելի մեկուսացված են եղել արտաքին աշխարհից: Ամենայն հավանականությամբ, դա աշխարհի ամենահին ջուրն է, և գիտնականները չեն բացառում, որ այնտեղ կարելի է գտնել բազմաթիվ միկրոօրգանիզմներ: Հնագույն ջուրը հայտնաբերվել է կանադական Օնտարիո գավառի Տիմմինս քաղաքի մոտակայքում: Այն բյուրեղյա մաքրություն ունի, բայց խմել այն, գիտնականների կարծիքով, չարժե: Ջուրն այդ գոլ է և շատ ավելի աղի, քան ծովի ջուրը: Բացի այդ, այն հագեցած է ջրածնով ու մեթանով, նրանում լուծված են իներտ գազեր իրենց իզոտոպերով: Nature ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականները ենթադրում են, որ գազերի մեջ տեղի ունեցող քիմիական ռեակցիաների արդյունքում առաջացել է էներգիա, որը բավարար է եղել միկրոօրգանիզմների կենսագործության համար միլիարդ տարիների ընթացքում' արևի ճառագայթներից մեկուսացված լինելու պայմաններում:
Հետազոտություններին միացել է նաև բրիտանացի գիտնականների խումբը, որի անդամները մշակել են ջրի տարիքը որոշելու մեթոդ' հիմնվելով այդ ամբողջ ընթացքում ջրում ձևավորված իներտ գազերի իզոտոպերի քանակի վրա: Այս մեթոդի միջոցով նրանք հաշվարկել են, որ այդ ջրի տարիքը կարող է հաշվվել մինչև 2.6 միլիարդ տարի:
«Ես ցնցված եմ,- պատմում է Շերվուդ Լոլլերը Los Angeles Times-ին տրված հարցազրույցի ժամանակ,- ստացվում է, որ սա ամենահին ջուրն է, որը երբևէ հայտնաբերվել է»:
Այս գիտուսումնասիրության ղեկավար Գրեգ Հոլլանդը կարծում է, որ հնագույն այս ջրի բացահայտումը և նրանում առկա կենդանի օրգանիզմների ուսումնասիրումը կարող է օգնել այլ կենսաձևերի ուսումնասիրությանը ինչպես Երկրի, այնպես էլ Մարսի վրա:
«Մենք հիմա գիտենք, թե ինչպես են մոլորակներում առաջանում և միլիարդավոր տարիների ընթացքում պահպանվում կենսապայմաններ միկրոօրգանիզմների կենսագործունեության համար… Մենք կարող ենք ենթադրել, որ նմանատիպ ստորգետնյա պայմաններ կան, որոնցում կարող են միկրոօրգանիզմներն ապրել Մարսի վրա»: