Մայիսին քաղաքում հարսանեկան եռուզեռ չզգացվեց: Ավանդաբար հնչող հարսանեկան մեքենաների ազդանշանները փողոցում կտրուկ նվազում են հենց այդ ամսին միայն այն պատճառով, որ հայերս խուսափում ենք մայիսին ամուսնանալո՞ւց: «Մայիս-վայիս» արտահայտությունը տարիներ շարունակ իրեն մոռանալ չի տալիս: Բայց մի՞թե այս սնահավատությունը դեռևս կա մեզանում: Պարզենք միասին:
Արմատներն առավել խորն են
Այն, որ մայիսին կտրուկ նվազում է ամուսնացողների թիվը, կարող է փաստել նաև ցանկացած քահանա կամ թամադա: Դրա պատճառը ոչ թե քահանաների կամ թամադաների միաժամանակյա արձակուրդն է, այլ մայիսի հետ կապված սնահավատությունը, թե մայիսին ամուսնացողն ամբողջ կյանքում դժբախտ կլինի: Մայիսին չամուսնանալու սնահավատությունը գալիս է հին հեթանոսական հավատալիքից, ըստ որի' մայիսին ամուսնանում են երկինքն ու երկիրը' ի նշան որի բարեբեր անձրև է տեղում, և մարդիկ չպետք է նույն ժամանակահատվածում ամուսնանան:
Ազգագրագետ Լուսինե Հովակիմյանի կարծիքով, կան սնահավատություններ, որոնց մենք հետևում ենք առանց գիտակցելու, քանի որ դրանք պահպանվել են մեր էթնիկ հիշողության մեջ և մեր ազգային մտածելակերպի յուրահատկություններից են բխում: «Ամեն ամիս ունի իր խորհուրդն ու յուրահատկությունը, սակայն դրանցից որոշները տարածված են, որոշները' ոչ: Այս դեպքում մայիսի հետ կապված այդ սնահավատությունը տարածված է նաև ռուսների, անգլիացիների և մի շարք այլ ազգերի մոտ: Դրան հակառակ' հորդ անձրևը համարվում է դրական նախանշան, որ ամուսինները ապրելու են երկար և երջանիկ: Իսկ մայիսին հաճախ են անձրևներ տեղում: Այսինքն, թեև մայիսի հետ կապված սնահավատությունը շատ հակասական է, սակայն դարեր շարունակ ժողովուրդը ոչ միայն հավատում է դրան, այլև փնտրողը գտնում է նաև բազմաթիվ ապացույցներ, որ մայիսին ամուսնացած զույգը դժբախտ է եղել»,- նշում է ազգագրագետը:
Մի՞թե միայն մայիսն է
Կան նաև ամուսնության համար ոչ հարմար այլ ամիսների հետ կապված սնահավատություններ, սակայն դրանց մասին քչերը գիտեն: Այսպես, եթե զույգը ամուսնանա'
հունվարին- վաղ կայրիանա
մարտին- ամբողջ կյանքում ուրիշի կողքին կապրի
ապրիլին- փոփոխական երջանկություն կզգա
մայիսին- փոփոխական երջանկություն կունենա, ամբողջ կյանքում կտանջվի: Թեև եթե կինը հարսանիքից առաջ երեք անգամ համբուրի փեսային, հնարավոր է, որ նրանք ապրեն երկար ու երջանիկ
հոկտեմբերին- կյանքը դժվար ու ծանր կլինի:
Սնահավատություններ կան նաև ամուսնության համար անհաջող ամսաթվերի և եղանակների հետ կապված. ըստ այդմ' ձմռանն ամուսնացածներին սպասվում են գերծախսեր, ինչպես նաև խորհուրդ չի տրվում ամուսնանալ չորեքշաբթի օրը:
«Ցանկացած սնահավատության հիմքում իրականության մասնիկ կա, այն արտացոլում է մարդկանց փորձը: Թեև երբեմն մարդիկ հավատում են նաև ոչ մի հիմք չունեցող սնահավատությունների: Հիմնականում մարդն ուղղակի ինքն իրեն ծրագրավորում է, որ այդպես է լինելու, և հակառակն անելու համար արդյունավետ քայլեր չի ձեռնարկում»,- հավելեց Լուսինե Հովակիմյանը:
Աստղային ամուսնալուծություներ' ամենևին ոչ մայիսի պատճառով
«Մայիսի հետ կապված սնահավատությունը կենցաղային արմատներ ունի: Տարվա այդ շրջանում մարդիկ սովորաբար սննդի պաշարների առումով որոշակի դժվարություներ են ունեցել, իսկ հարսանիքին միշտ շատ մեծ թվով մարդիկ են մասնակցել: Կան նաև մարդիկ, ովքեր պնդում են, որ իրենց ծանոթ մի զույգ մայիսին ամուսնացել ու դժբախտ է եղել: Բայց չէ՞ որ կան բազմաթիվ այլ անհաջող ամուսնություններ, որոնք այլ ամիսներին են կնքվել: Ամեն դեպքում, ամուսնության հետ կապված ամեն ինչ պետք է հաճելի և ընդունելի լինի զույգերի համար»,- կարծում է հոգեբան Աննա Հակոբյանը:
Հայ և արտասահմանցի աստղերը հաճախ իրենց օրինակով ապացուցում են, որ ամուսնության համար ամիսը նշանակություն չունի: Դա են փաստում նրանց հաճախակի և տարբեր ամիսներին կնքված ամուսնություններն ու ամուսնալուծությունները:
Եթե արտասահմանցի շատ աստղերի դեպքում ամուսնալուծությունը դարձել է ապրելակերպ, և նրանք հաճախ դրան հրապարակային բնույթ են հաղորդում, ապա հայ աստղերը, որպես կանոն, թաքցնում են իրենց ամուսնալուծված լինելը, ինչը, սակայն, երբեք չի հաջողվում:
Ամուսնալուծված հայ աստղերից են հայտնի դերասաններ Իրինա Դանիելյանը և Հրանտ Թոխատյանը, ով այժմ ամուսնացած է դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ, Հոգու և պարի թատրոնի տնօրեն Սոֆի Դևոյանն ու հայտնի գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը, որոնցից յուրաքանչյուրը վաղուց իր երկրորդ ընտանիքն ունի: Ամուսնացած են եղել նաև երգչուհի Հասմիկ Կարապետյանն ու Հայկոն, որքան էլ վերջինս փորձի հանրությանը պնդել, թե իրենք երբեք ամուսնացած չեն եղել: Կամերային երաժշտության թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանը, ով ժամանակին ամուսնացած էր ռեժիսոր Գոգա Խաչատրյանի հետ, այսօր խուսափում է խոսել իր ամուսնալուծության մասին, և շատ ուրիշներ:
Լիանա և Արա Մարտիրոսյան
Երգչուհի Լիանան իր նախկին ամուսնության մասին ասում է, որ չի էլ հիշում, թե որ ամսին են ամուսնացել, բայց ամուսնական մատանին հենց սկզբից էլ մատը չէր մտնում: «Եթե մի բան չպիտի լինի, ուրեմն' չի էլ լինում: Ինչու ոչ, շատ սնահավատություններ կան, որոնք իրականանում են: Նախկին ամուսնուս հետ այժմ կապ չունեմ, որովհետև սիրային հարցերում անհաջողությունից հետո մարդիկ ընկերներ չեն մնում»,- համոզված է երգչուհին: Լիանայի սիրտն այս պահին զբաղված է: «Մենք երկու ամիս առաջ ենք հանդիպել: Նրա անունը Գեորգի է, նկարիչ է: Առայժմ չեմ ուզում ոչինչ ծրագրել, որովհետև ծրագրելու դեպքում գրեթե միշտ հակառակն է ստացվում»,- ասաց երգչուհին:
Գրիշա Աղախանյան և Իդա
Երգիչ-հաղորդավարն այն աստղերից է, ովքեր չեն խուսափում խոսել նախկին ամուսնությունից: «Դա արդեն անցած փուլ է, կնոջս հետ քաղաքակիրթ ձևով ենք բաժանվել, որովհետև երեխա ունենք: Հիմա էլ նրա հետ ջերմ հարաբերություններ եմ պահպանում, հաճախ ենք իրար զանգում»,- նշեց նա: Գրիշան իրեն սնահավատ չի համարում և նախկին ամուսնության ժամանակ էլ ոչ մի սնահավատության չի հետևել: Նա անգամ չգիտեր, որ մայիսին չամուսնանալու հետ կապված սնահավատություն կա: Իր կարծիքով, եթե մարդիկ իրար համապատասխան չեն, որ ամսին էլ ամուսնանան, անհաջող կլինի: «Ես հիմա սիրած էակ ունեմ, բայց առայժմ ոչինչ չեմ ուզում ասել այդ մասին: Սնահավատ չեմ եղել, բայց հիմա գուցե սկսեմ ուշադրություն դարձնել դրան»,- կատակում է հաղորդավարը:
Արման Մարգարյան և Աննա Կոկչյան
Արմանը նշեց, որ սնահավատ չէ, և ամուսնանալիս ոչինչ հաշվի չի առել: «Կարևոր չէ, թե որ ամսին կամուսնանաս' մայիսին, թե հունվարին, կարևոր է, որ ճիշտ մարդու հետ ամուսնանաս»,- կարծում է հաղորդավարը: Ըստ նրա' իր սիրտն այժմ ազատ է. դրա ժամանակը չունի:
Անի Քրիստի-Հարություն
Երգչուհի Անի Քրիստին բազմաթիվ ասեկոսեների առիթ դարձած իր անձնական կյանքի մասին այժմ խուսափում է խոսել' կարծելով, որ նախկինում սխալ է վարվել, երբ բացահայտ խոսել է անձնական կյանքից: Երգչուհին իր ամուսնալուծության մասին նշում է, որ իր երազանքներից էր ամուր ընտանիք ունենալը: Անին խոստովանում է, որ ընտանեկան հարցերում սիրում է հանգստություն և փոխադարձ հարգանք, սակայն ընթացքում առաջանում են հարցեր, որոնք խաթարում են այդ հանգստությունն ու անցանկալի խոսակցությունների տեղիք տալիս: «Հանուն ընտանիքի հրաժարվեցի շատ սկզբունքներից, բայց հասկացա, որ կորցնում եմ ինձ»,- նշում է երգչուհին:
Ի վերջո, կյանքի կարևորագույն քայլն անելիս նախևառաջ պետք է մի հարց տալ' արդյոք իսկապես սիրո՞ւմ ես զույգիդ այնպիսին, ինչպիսին նա կա' հոգով, մտքով ու սրտով: Այս «սուրբ» եռամիասնության դեպքում հաստատ ոչ մի սնահավատություն կամ ամիս իր սև գործն անել չի կարող:
«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ