Հեծանիվ հայտնագործած չենք լինի, եթե ասենք, որ արտերկրում ծնված հայտնի հայերը հաճախ խուսափում են խոսել իրենց ազգային պատկանելության մասին: Դա թերևս պայմանավորված է փոքր ազգի ներկայացուցիչ լինելու բարդույթով, նաև արմատներից կտրված լինելով: Սակայն քիչ չեն նաև այնպիսիք, ովքեր ոչ միայն չեն հերքում ազգային պատկանելության մասին պնդումները, այլև ամեն հարմար առիթի դեպքում բարձրաձայնում են այն: Այդ հայտնիներից մեկն էլ Քիմ Քարդաշյանն է, որ հայտնի կայքերից մեկին տված բացառիկ հարցազրույցում տվել է իր հայկական արմատների մասին հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Բացի այդ, այս օրերին Քիմի'...բլոգում նորությունների եռուն շրջան է, որն, ի դեպ, հրատապ գործող մի ողջ լրատվամիջոց է հիշեցնում:
Քիմի նորություններն' ըստ հերթականության
Ամերիկյան շատ լրատվամիջոցներ' հատկապես The Sun պարբերականը, վերջերս սկսեցին գրել, իբր Քիմը հանդիպում է անվանի ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդոյի հետ, և նրանց սիրավեպը նույնիսկ երկար տարիների պատմություն ունի: ԶԼՄ-ներն այս մասին անգամ հասցրել են հետաքրքրվել առաջին ձեռքից' Քիմից: «Ամերիկյան լրատվամիջոցների պնդմամբ' ես համբուրվել եմ շատ մարդկանց հետ, ինձ հետաքրքրում է, թե որտեղից այս լուրը: Հիմա մենակ ինձ շատ լավ եմ զգում»,- ի պատասխան հարցադրումներին' արձագանքել է Քիմը' այս կերպ հերքելով տարածված լուրերը:
Բիզնես+քույր Քարդաշյաններ
ԱՄՆ-ում Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյանները սկսել են հագուստի նոր հավաքածուի վաճառքը: Քույրերի նախաձեռնությունն այս անգամ ևս նախատեսված է Bebe ապրանքանիշի համար: Սեքսուալ, կարճ զգեստներ, ամառային կաշվե կիսատաբատներ, կոմբինիզոններ, շապիկներ: Անցած տարի Bebe ապրանքանիշի համար Քարդաշյանների սահմանափակ հավաքածուն մեծ հաջողություն ունեցավ և արագ վաճառվեց. հենց այդ ժամանակ էլ հայազգի քույրերը որոշեցին շարունակել ընտանեկան բիզնեսը: Բացի այս անակնկալը, վերջերս վաճառքում է հայտնվել Քարդաշյան քույրերի զարդեղենի առաջին հավաքածուն, որը ստեղծվել է Virgins, Saints and Angels բրենդի համար: Աղջիկները պատմում են, որ հավաքածուն ստեղծելիս ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Հայաստանի պատմությունն ու մշակույթը:
Քիմը, Քլոեն և Քորթնին իրենց մատանիների, շղթաների, խաչերի հավաքածուն «նուրբ վինտաժ» են բնորոշում: Արծաթյա զարդերն աչքի են ընկնում Հայաստանի մշակույթին, եկեղեցուն և ճարտարապետությանը համահունչ տարրերով, ինչպես նաև ակնհայտ է հին և ավանդական զարդանախշերի ազդեցությունը: Հավաքածուն կազմված է ընդամենը 20 զարդերից' ականջօղեր, մատանիներ, մանյակներ, շղթաներ, որոնք արժեն 185-1025 դոլար:
Երազում եմ այցելել Հայաստան
Քիմ Քարդաշյանը հայկական ArmenianPulse.com կայքին տված իր հարցազրույցում պատմել ու պատասխանել է հայկական արմատներին վերաբերող բոլոր հարցերին' դրանք զետեղելով նաև իր բլոգում: Նա պատմել է, որ հորական տատն ու պապը ցեղասպանությունից առաջ տեղափոխվել են Լոս Անջելես և որ ինքը Քարդաշյանների 4-րդ սերունդն է: Ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում: Քիմի մայրն անգլուհի է: Նա հպարտորեն ընգծել է, թե կիսով չափ հայ լինելով' դաստիարակվել է հայկական ավանդույթներին համաձայն. միշտ լսել է պատմություններ Հայաստանի մասին, օգտվել նաև հայկական խոհանոցից, ընտանիքում միշտ նշել են հայկական տոներն ու պահպանել ավանդույթները: Խոսելով սիրված ուտեստի մասին' նշել է, որ իր սիրելի հայկական ուտեստը թել պանրով լահմաջոն է: Քիմը պատմել է, որ հայրը միշտ պնդել է, որ երեխաները մշտապես պահեն ազգանվան «յան» վերջավորությունը: Քիմ Քարդաշյանն ասել է, որ հայերեն չգիտի, սակայն խոստովանել է, որ շատ է ցանկանում սովորել այն: Երբեք չի եղել Հայաստանում, բայց երազում է տեսնել հայրենիքը. մտադիր է այցելել Հայաստան իր' «Քարդաշյանների հետ» իրական շոու-ծրագրի շրջանակներում, որպեսզի կարողանան տեսնել ու բացահայտել Հայաստանը: Անդրադառնալով անթերի արտաքինին վերաբերող լուրերին' իբր պլաստիկ վիրահատություն է կատարել այսպիսի կառուցվածք ունենալու համար, Քիմը կատակով ասել է, որ նման խոսակցություններ տարածողները հայ կանանց երբևէ չեն հանդիպել:
«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ