Երգիչ Սերգեյ Դավիդյանը ծնվել է 1923 թ. 26 մայիսի 26-ին:
1952թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան: Երգել է Տաշքենդի և Պերմի օպերային թատրոններում: 1953թ-ից եղել է Մոսկվայի «Մոսհամերգ» միավորման մեներգիչ: 1958թ. կատարել է «Առաջին սիրո երգը» ֆիլմի երգը: 1960թ. նկարահանվել է «Ծնված ապրելու համար» ֆիլմում: 1979-83թթ դասավանդել է Ալժիրի կոնսերվատորիայում, 1985թ-ից' Մոսկվայի Կուլտուրայի ինստիտուտում (դոցենտ' 1989թ.): Մահացել է 1996 թ. հունվարի 22-ին, Մոսկվայում:
Ստորև ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի զրուցակից» թերթից «Առաջին սիրո երգը» 55 տարեկան է» հոդվածը:
1958 թվականին նկարահանված «Առաջին սիրո երգը» ֆիլմն իսկույն դարձավ Հայաստանի այցետոմսը: Այն հանդիսատեսի շրջանում մեծ ճանաչում է ստացել ոչ միայն դերասանների հիանալի խաղի, այլև ֆիլմում հնչող երգերի շնորհիվ: Ասվածն իրենց գնահատականներով շտապեցին հաստատել նաև կինոգետները' ֆիլմը համարելով բացառիկ ստեղծագործություն, որի հաջողությանը մեծապես նպաստել են այնտեղ հնչող ինքնատիպ երգերը' նույնքան ինքնատիպ կատարմամբ: «Առաջին սիրո երգի» հեղինակը Առնո Բաբաջանյանն է: Իսկ ո՞վ է այդքան վարպետորեն կատարում երգը: Ո՞ւմ ձայնն է, որ անտարբեր չի թողնում ոչ ոքի: Շատերն են վստահ, որ երգը կատարում է հենց ինքը' Խորեն Աբրահամյանը: Մինչդեռ այդ հզոր ու գեղեցիկ ձայնը պատկանում է ՀՀ վաստակավոր արտիստ, տաղանդավոր երգիչ Սերգեյ Դավիդյանին: Գարեգին Նժդեհի թոռ Վազգեն Տեր-Հարությունյանը, ով բարեկամական կապեր ունի նաև Դավիդյանի հետ, «Արձագանք» ռադիոկայանին խնդրել է հնչեցնել «Առաջին սիրո երգը» և հարցում անել, թե ով է կատարողը: «Պատասխանները սխալ էին, բոլորը համոզված էին' Խորեն Աբրահամյանը», մեզ հետ զրույցում նշեց Վազգեն Տեր-Հարությունյանը: Ցավոք, այսօր էլ' ֆիլմի ստեղծումից 55 տարի անց, քչերը գիտեն երգը հնչեցնողի անունը:
2001-ին Գարեգին Նժդեհի 115-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարության ժամանակ Զորի Բալայանը Վազգեն Տեր-Հարությունյանին տեղեկացնում է, որ Նժդեհի թոռներից ևս մեկը բնակվում է Մոսկվայում, նա հայտնի գործարար Լևոն Հայրապետյանն է: Վ. Տեր-Հարությունյանը գտնում է Լևոն Հայրապետյանին, մտերմանում նրա և ընտանիքի հետ: Որոշ ժամանակ հետո պարզում է, որ հայտնի գործարարը Սերգեյ Դավիդյանի զարմիկն է: Լ. Հայրապետյանի ընտանիքի անդամներից նյութեր քաղելով Դավիդյանի մասին' Վ. Տեր-Հարությունյանը որոշում է այդ ամենը մատուցել նաև հանրությանը: Սերգեյ Դավիդյանին հասարակությանն ավելի ճանաչելի դարձնելու համար Վազգեն Տեր-Հարությունյանն օրեր առաջ կազմակերպել էր հուշ երեկո' նվիրված ֆիլմի 55-ամյակին և տաղանդավոր երգչի 90-ամյակին: Երեկոյին ներկա էին ֆիլմի բազմաթիվ սիրահարներ: Հնչեցին ռոմանսներ, օպերային թատրոնի երգիչների կատարումներ: Իսկ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Անժելա Շողերյանը հանդիսատեսի ուշադրությանը հանձմեց Սերգեյ Դավիդյանի մասին կենսագրական հետաքրքիր դրվագներ: Ս. Դավիդյանը ծնվել է 1923-ին' Օրջոնիկիձե քաղաքում: Գեղեցիկ ձայներ ընտրելու նպատակով Օրջոնկիձե է գալիս պրոֆեսոր Բելանսկին: Լսելով Սերգեյ Դավիդյանին' պրոֆեսորը նրան հրավիրում է Մոսկվա' կոնսերվատորիայում սովորելու: Կոնսերվատորիան ավարտելուց հետո Դավիդյանը երգել է ջազ նվագախմբում, այնուհետև սկսվում են արտասահմանյան հյուրախաղերը, համերգային լեփլեցուն դահլիճների շրջանը:
Ինչպես երգը գտավ իր կատարողին Առնո Բաբաջանյանն իր այդ գործը կատարելու համար փնտրել է համապատասխան ձայն և մի անգամ ներկա է եղել Սերգեյ Դավիդյանի համերգներից մեկին: Նրան շատ է դուր եկել Դավիդյանի դրամատիկական-լիրիկական տենորը: Բաբաջանյանը նրան հրավիրել է Երևան' ձայնագրության: Ի դեպ ասում են' Սերգեյ Դավիդյանն արտաքնապես շատ նման է եղել Խորեն Աբրահամյանին: Այսինքն համապատասխանել է նաև Արսենի կերպարին:
«Մինչ օրս ոչ ոք չի կարողացել «Առաջին սիրո երգը» կատարել այնպես, ինչպես Սերգեյ Դավիդյանը», հուշ երեկոյում հայտարարեց երգիչ Էդվարդ Կարապետյանը:
Կինոգետների կարծիքով եթե չլինեին Ս. Դավիդյանի ձայնը և դերասանների խաղը' կինոնկարն այդքան մեծ ազդեցություն չէր ունենա:
Այս հրաշալի կինոնկարի ստեղծմանը մասնակցել է մի ամբողջ աստղաբույլ' սցենարի հեղինակներ' Ժիրայր Հակոբյան, Յակոբ Վոլչեկ, բեմադրիչներ' Լաերտ Վաղարշյան, Յուրի Երզնկյան, օպերատոր' Արտաշես Ջալալյան, կոմպոզիտորներ' Առնո Բաբաջանյան, Ղազարոս Սարյան, դերասաններ' Հրաչյա Ներսիսյան, Վաղարշ Վաղարշյան, Խորեն Աբրահամյան, Էլեոնորա Սուդակովա, Օլգա Գուլազյան, Վերջալույս Միրիջանյան, վերջապես' տաղանդաշատ երգիչ Սերգեյ Դավիդյան: Աստղաբույլից այսօր ոչ ոք ողջ չէ: Փոխարենը կենդանի է այդ բացառիկ անհատականությունների համատեղ աշխատանքի արդյունքը' անմահ «Առաջին սիրո երգը» ֆիլմը:
Աղբյուրը' «Հայաստանի զրուցակից»
Նյութը պատրաստեց' Ք. Ա-ն